Մատչելիության հղումներ

Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակելու կոչ ՄԱԿ-ի երկրներին


ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյան, արխիվ

ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյան, արխիվ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը երեկ կոչ է արել կազմակերպության անդամ պետություններին՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ու շարունակել մարդկության դեմ կատարված այդ հրեշավոր ոճիրի ճանաչման ու դատապարտման գործընթացը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նազարյանը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ պետությունների, միջազգային կառույցների, ներառյալ` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ու դրա Փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության վերացման ենթահանձնաժողովի կողմից:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած «Պատերազմ ու նրա դասերը. հարատև խաղաղության որոնումը» խորագրով քննարկման ժամանակ իր ելույթում Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ հաշտեցման գործընթացը չի ենթադրում միայն պայմանագրերի ստորագրում: Որպեսզի հաշտեցումը լինի տևական, անհրաժեշտ է ընդունել անցյալը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաշտեցման հարցում հաջողության հասած ժողովուրդներն ու ազգերն անցել են արդարության վերականգնման ճանապարհով, որը ներառում է նաև նմանատիպ ոճիրների հետևանքների վերացում: Իր ելույթի մեկ այլ բաժնում դեսպանը կարևորել է նաև, որպեսզի միջազգային հանրությունը միաձայն դեմ արտահայտվի պատմության աղավաղմանն ու ժխտողականությանը:

«Զանգվածային դաժան հանցագործությունների անպատժելիության վերացումը էական է արդարության վերականգնման համար», - հայտարարել է Նազարյանը և հավելել, որ «այսօր էլ ցեղասպանության հանցագործությունները կրկնվում են աշխարհի տարբեր մասերում` պատճառ հանդիսանալով հսկայական մարդկային կորուստների, քաղաքական ու տարածաշրջանային հուզումների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG