Մատչելիության հղումներ

Էդուարդ Սնոուդենը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ


Էդուարդ Սնոուդենը հեռուստաելույթի ժամանակ, դեկտեմբեր, 2013թ․

Էդուարդ Սնոուդենը հեռուստաելույթի ժամանակ, դեկտեմբեր, 2013թ․

Նորվեգացի օրենսդիրները համարում են, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի բացահայտումները նպաստել են աշխարհում խաղաղության և կայունության հաստատմանը:

Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Նրա թեկնածությունը առաջադրել են նորվեգացի օրենսդիրները սոցիալիստական ձախ կուսակցությունից` այդ երկրի շրջակա միջավայրի նախկին նախարար Բորդու Վեգարուի գլխավորությամբ:

Նորվեգացի խորհրդարանականները իրենց այս առաջադրումը հիմնավորել են նրանով, որ Սնոուդենի կողմից արված մերկացումների հետևանքով սկսված հանրային լայն քննարկումները և քաղաքական փոփոխությունները նպաստել են աշխարհում խաղաղության և քաղաքական կայունության հաստատմանը: Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին ուղղված հայտարարության մեջ նրանք նշել են, որ Սնոուդենի գործողությունները կրկին կառավարությունների ուշադրությունն են հրավիրել այն հարցի վրա, որ փոխադարձ վստահությունն ու թափանցիկությունը պետք է լինեն անվտանգության ապահովման ոլորտում միջազգային համագործակցության հիմքում:

Նոբելյան մրցանակին առաջադրումների վերջնաժամկետը լրանում է երկու օրից՝ փետրվարի 1-ին, թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն պետությունների կառավարությունների և խորհրդարանների ներկայացուցիչները, միջազգային դատարանների անդամները, համալսարանների ռեկտորները, որոշ միջազգային կազմակերպությունների անդամներ:

Մինչ նորվեգացի պատգամավորները համարում են, որ աշխարհը շահել է Սնոուդենի բացահայտումներից, երեկ Միացյալ Նահանգների ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը Սենատում լսումների ժամանակ ելույթ ունենալով հայտարարել է, որ Սնոուդենի գործողությունները շարունակում են վնաս պատճառել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: «Սնոուդենի կողմից լրատվամիջոցներին փոխանցված փաստաթղթերը արդեն իսկ հսկայական վնաս են հասցրել անվտանգությանը և դեռ շարունակում են իրենց բացասական ազդեցությունը, ինչի հետևանքով մեր երկիրը դարձել է պակաս անվտանգ, իսկ մարդիկ՝ ավելի քիչ պաշտպանված», - ասել է Քլեփերը՝ մանրամասներով, որ Սնոուդենի բացահայտումների հետևանքով ահաբեկիչները այժմ գիտեն, թե ինչպես է հավաքվում տեղեկատվությունը, և փոխում են իրենց հաղորդակցության միջոցները:

Քլեփերը Սնոուդենին կոչ է արել վերադարձնել իր մոտ մնացած գաղտնի փաստաղթերը և դրանք չհրապարակել:

Ռուսաստանը 2013 թվականի օգոստոսին ժամանակավոր ապաստան տրամադրեց Էդուարդ Սնոուդենին: Վերջինիս բացահայտումները միջազգային սկանդալների հանգեցրին, քանի որ պարզվեց, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսում են առնվազն 35 պետությունների ղեկավարների հեռախոսազրույցները, այդ թվում և՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը:

Ի դեպ, նույն օրը՝ հունվարի 29-ին Բունդեսթագում ելույթ ունենալով, Գերմանիայի կանցլերը ևս մեկ անգամ անդրադարձել է գաղտնալսումներին` նշելով, որ գործողությունները, որոնց դեպքում նպատակը արդարացնում է միջոցները, ի վերջո բացասաբար են ազդում վստահության վրա, իսկ վստահության կորուստը արդյունքում հանգեցնում է անվտանգության ընդհանուր մակարդակի անկման: Մերկելը կոչ է արել Միացյալ Նահանգներին հետագայում զերծ մնալ Գերմանիայի քաղաքացիներին գաղտնալսելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG