Մատչելիության հղումներ

Ֆինանսների նախարարն արդեն ընտրել է իր կենսաթոշակային խնայողությունների կառավարչին


Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն արդեն ընտրել է իր կենսաթոշակային խնայողությունների կառավարչին, բայց չի նշում ընկերության անունը`գովազդից խուսափելու համար:

Լրագրողների հետ հանդիպմանը նախարարը նշեց, որ իր գլխավորած նախարարությունը պատասխանատվություն է կրում պարտադիր կուտակային համակարգի համար. - «Հպարտ ենք, որ ոչ միայն կրում ենք այդ պատասխանատվությունը, այլ նաև մասնակցել ենք այդ համակարգի նախագծմանը»:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, հիշեցնենք, «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե հնարավոր չէ մարդկանցից 45 տարով փող վերցնել ու կանխատեսել, որ հնարավոր կլինի վերադարձնել. - «Համաշխարհային տխմար ռեկորդ է: Այսպիսի բան չի կարելի անել: Եթե ես Ձեզ հազար դոլար փող եմ պարտք տալիս, մենք 45 տարի հետո չենք կարող որոշել, թե ինչքան Դուք պիտի վերադարձնեք… Ես կարծում եմ, որ այսպիսի որոշում, այսպիսի ռեֆորմ բերող իշխանությունները, կառավարությունը ադեկվատ չէ», - ասել էր Բագրատյանը:

Նախարարն այսօր արձագանքեց. - «Այդ որակումները` ինչն է ադեկվատ, ինչն է ոչ ադեկվատ… Եթե որևէ մարդ արդեն սկսում է խոսել ոչ թե փաստարկներ բերելով, այլ ինչ-որ ածականներ տալով, ապա ես կարծում եմ, որ փաստարկներ պարզապես չկան»:

Հարցին` եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքը սահմանադրական է, արդյոք վճարումներ չկատարած քաղաքացիների աշխատավարձից պահումները կկատարվեն երեք ամսվա համար, Դավիթ Սարգսյանը արձագանքեց. - «Ես չգիտեմ ինչ է լինելու մի քանի ամիս հետո, երբ գա համապատասխան ժամանակը այդ որոշումը կայացնելու: Մի բան գիտեմ հաստատ ու կարող եմ ասել` մենք որպես գործատու մեր աշխատողների կենսաթոշակային վճարները վճարելու ենք և վճարում ենք»:

Դիտարկմանը, թե ՍԴ-ի` անցած շաբաթ կայացրած որոշումը թույլ է տալիս քաղաքացիներին առաջիկա ամիսներին չկատարել պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները, նախարարը հակադարձեց. - «Ես կարդացել եմ Սահմանադրական դատարանի որոշումը, բայց նման հետևություն այնտեղից չեմ արել»:

Նախարարը, ի դեպ, հայտարարեց, թե իր տեղեկություններով, արդեն 10 հազար քաղաքացիներ ընտրել են իրենց ֆոնդերի կառավարիչներին: Մինչդեռ ՍԴ-ի`անցած շաբաթ հրապարակած որոշման մեջ նշված է, որ կառավարիչներին ընտրել է ընդամենը 1309 մարդ:

Անցած տարեվերջին, հիշեցնենք, Global Financial Integrity հետազոտական կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն, 2002-2011 թվականների ընթացքում Հայաստանից ապօրինի եղանակով դուրս է բերվել ավելի քան 6.2 միլիարդ դոլար: Եվ այդ ժամանակահատվածի վերջին կեսում` Սերժ Սարգսյանի նախագահության օրոք այդ հոսքը կտրուկ կերպով մեծացել է` հասնելով տարեկան մեկ մլրդ դոլարի: Որոշ տնտեսագետների համոզմամբ` սրանք այն գումարներն են, որոնք հայաստանյան օլիգարխներն ու պաշտոնյաները ձեռք են բերում ստվերային ճանապարհով, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հովանավորությամբ:

Այս կապակցությամբ իրեն «Ազատության» ուղղած հարցին ի պատասխան Դավիթ Սարգսյանն ասաց, թե այդ տվյալները իրականությանը չեն համապատասխանում. - «Ես չեմ կիսում այդ հետևությունները, որ Դուք նշեցիք, և չեմ կարծում, որ այդ թվերը և այդ հետազոտությունը իսկապես արտացոլում են իրական վիճակը»:

Խոսելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական օգուտների մասին` Ֆինանսների նախարարը հայտարարեց, թե կարճաժամկետ կտրվածքով այդ միության միանալու որոշումը բխում է մեր տնտեսության շահերից. - «Հայաստանի ապրանքները, որպեսզի արտահանվեն Եվրոպա, պետք է բավարարեն այդ անվտանգության և տեխնիկական պահանջները: Այսօր մենք դրան պատրաստ չենք: Այդ անցման համար պետք է ժամանակ, ընդ որում` մի քանի տարի: Եթե մենք գնում ենք Եվրասիական միության գոտի, ապա հենց այսօր մենք հա’մ սկսելու ենք ներմուծել այդ ապրանքները Մաքսային միության գոտու երկրներից, հա’մ արտահանել: Այսինքն` տեխնիկական խոչընդոտներ որակի առումով չեն լինելու»:

Ասուլիսի ընթացքում նախարարն անդրադարձավ նաև պետական գանձարանում պահվող թանկարժեք իրերին ու ոսկուն` հավաստիացնելով, որ այդ ամենը վաճառելու որոշում չկա: Դավիթ Սարգսյանի փոխանցմամբ` Հայաստանի պետական գանձարանում կա ընդամենը 89 կիլոգրամ ոսկի. - «Այս 89 կիլոգրամ 392 գրամ ոսկուց մետաղական ոսկի, այսինքն` բանկային ստանդարտացված ձուլակտորներով ` միայն 14 կիլոգրամ 288 գրամն է: Մնացած 75 կիլոգրամ 103 գրամը այսպես կոչված ջարդոն է ոսկու»:
XS
SM
MD
LG