Մատչելիության հղումներ

Թուրքիայում կոռուպցիոն սկանդալը քննող առանցքային դատախազները՝ պաշտոնանկ


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը իշխող կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ խոսում է կոռուպցիոն սկանդալից, Անկարա, դեկտեմբեր, 2013թ․
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը իշխող կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ խոսում է կոռուպցիոն սկանդալից, Անկարա, դեկտեմբեր, 2013թ․

Հարցման արդյունքներով՝ այս սկանդալը լրջորեն խաթարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դիրքերը:

Թուրքիայում դեկտեմբերին ծագած կոռուպցիոն սկանդալը հետաքննող երկու առանցքային դատախազները չորեքշաբթի երեկոյան հեռացվեցին զբաղեցրած պաշտոններից:

«Ջելալ Կարան և Մեհմեթ Յուզգեչը իրենց պաշտոնանկության մասին տեղեկացան վերադասից ստացված էլեկտրոնային նամակների միջոցով», - տեղեկացնում է Hurriyet պարբերականը:

Երկու դատախազներն էլ սկանդալային այս հետաքննությունը վարում էին դրա սկզբնական փուլից, իսկ Ջելալ Կարան նաև այն դատախազն էր, ում պաշտոնական թույլտվությամբ ձերբակալվեցին վարչապետ Ռեջեփ Էրդողանի երեք մերձավոր զինակիցների որդիները:

Ուշագրավ է, որ կոռուպցիոն սկանդալի բացահայտմամբ զբաղվող քննչական խմբի ղեկավարության պաշտոնանկությունը համընկավ թուրքական ամենահեղինակավոր հետազոտական կենտրոններից մեկի` MetroPoll-ի պատվիրած սոցհարցման արդյունքների հրապարակմանը:

Երեքշաբթի օրը հրապարակված հարցման համաձայն՝ թուրքերի 60 տոկոսը կողմ է, որպեսզի երկրի իրավապահ համակարգը շարունակի հետաքննել այս գործը` բացահայտելով այն բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների անունները, ովքեր ներքաշված են սկանդալում:

Հարցման համաձայն՝ թուրքերի միայն 26 տոկոսն է համոզված, որ ոստիկանությունն ու դատախազությունը որևէ իրական ապացույց չունեն, և այս ողջ հետաքննությունը դավադրություն է՝ նյութված Էրդողանի կառավարության դեմ:

Թուրք սոցիոլոգների պնդմամբ՝ կոռուպցիոն այս սկանդալը լրջորեն խաթարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դիրքերը: Հարցվածների 48 տոկոսից ավելին նշել է, որ կոռուպցիոն սկանդալի հետևանքով այլևս չի վստահում Էրդողանի կառավարությանը: Նույն հետազոտության համաձայն` եթե ընտրությունները կայանային մոտակա կիրակի օրը, ապա Էրդողանի իսլամիստական կուսակցությունը կստանար քվեների 36 տոկոսը միայն: Համեմատության համար նշենք, որ 2011-ի հունիսին խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Արդարություն և զարգացում»-ը ստացել էր թուրք ընտրողների 49 տոկոսի աջակցությունը:

Էրդողանի անհատական վարկանիշը վերջին երկու տարիներին կտրուկ անկում է արձանագրել: Եթե 2011-ի դեկտեմբերին` խորհրդարանական վերջին ընտրություններից մի քանի ամիս անց նրա գործունեությունը հավանության էր արժանանում ընտրողների 71 տոկոսի մոտ, ապա այժմ այդ ցուցանիշը զգալիորեն նվազել է` հասնելով 39 տոկոսի:
XS
SM
MD
LG