Մատչելիության հղումներ

Ամերիկյան ընկերությունը գնեց Որոտանի ՀԷԿ-երի համալիրը


Որոտանի ՀԷԿ-երի համալիրը

Որոտանի ՀԷԿ-երի համալիրը

Ամերիկյան էներգետիկ ընկերությունը չորեքշաբթի 250 միլիոն դոլարով ձեռք է բերել Հայաստանի խոշորագույն հիդրոէլեկտրակայանների համալիրը։ Այս գործարքը մինչ այս պահը ամերիկյան ամենամեծ ներդրումն է Հայաստանի տնտեսությունում։

Որոտանի հիրդրոէլեկտրակայանների համալիրի գույքի առուվաճառքի պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև։

Նյու Յորքում տեղեկայված «Քոնթուր գլոբալ» ընկերությունը 180 միլիոն դոլար կվճարի Որոտանի ՀԷԿ-երի համալիրի համար, առաջիկա վեց տարում ևս 70 միլիոն էլ կներդնի համալիրի արդիականացման և վերանորոգման համար։

Կառավարության կայքէջի տեղեկատվության համաձայն՝ պայմանագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների անունից՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անունից՝ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը: Պայմանագրի ստորագրմանը ներկա է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Պայմանագրի ստորագրումից առաջ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Գարի Լիվսլին գոհունակություն են հայտնել գործարքի առնչությամբ և կարևորել առաջիկայում նախատեսվող ներդրումային ծրագրերը:

«Հայաստանը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ և նոր ներդրումային ծրագրերով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

«Մենք հասկանում ենք, թե ինչպիսի պատասխանատվություն ենք ստանձնել: Կանենք ամեն ինչ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանն աջակցելու համար»,- իր հերթին ասել է «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահը:

Լիվսլիի խոսքով՝ այս գործարքը կարող է նպաստել նաև արևմտյան ներդրողների կողմից դեպի Հայաստան ավելի ինտենսիվ ներդրումների ներգրավմանը:

ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնն էլ հույս է հայտնել, որ այս գործարքը կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

«Քոնթուր գլոբալ» ընկերությունը ունի 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներում՝ Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։ Ընկերությունն ունի շուրջ 1650 աշխատակիցներ և հանդիսանում է ավանդական և այլընտրանքային տեսակի էլեկտրակայանների (բացառությամբ միջուկայինի) սեփականատեր և շահագործող, ներառյալ քամու և արևային էներգիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG