Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահը հանդես է եկել ամենամյա ուղերձով


Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հունվարի 28-ի երեկոյան Կոնգրեսի առջև արդեն 5-րդ անգամ հանդես է եկել ամենամյա ուղերձով: Այս ավանդական ամենամյա ելույթի միջոցով նախագահը Կոնգրեսին և Ամերիկայի ժողովրդին հաշվետվություն է ներկայացնում երկրում տիրող իրավիճակի մասին:

Օբաման այս անգամ խոսել է ներքին և արտաքին քաղաքական հարցերից, տնտեսությունը խթանելու, միջին խավին աջակցելու և նոր աշխատատեղեր ստեղծելու անհրաժեշտությունից, ներկայացրել է նաև արտաքին քաղաքական հարցերում Միացյալ Նահանգների դիրքորոշումը:

Ուկրաինացիները իրավունք ունեն իրենք որոշել իրենց երկրի ապագան

Ուշագրավ է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններին Օբաման իր մեկ ժամից ավելի տևած ելույթում չի անդրադարձել: Փոխարենը ԱՄՆ-ի նախագահն անդրադարձել է ուկրաինական իրադարձություններին՝ հայտարարելով, որ ուկրաինացիները իրավունք ունեն իրենք որոշել իրենց երկրի ապագան:

«Ուկրաինայում մենք պաշտպանում ենք այն սկզբունքը, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն ազատ և խաղաղ եղանակով արտահայտվել և իրենց երկրի ապագայի հարցում ձայնի իրավունք ունենալ»,- հայտարարել է Օբաման:

Արտաքին քաղաքականություն, Սիրիա և Իրան

Իր վարած արտաքին քաղաքականության մասին խոսելով՝ Օբաման մատնանշել է իրաքյան պատերազմի ավարտն ու Աֆղանստանից ամերիկյան զորքերի նախատեսված դուրս բերումը: Սիրական ճգնաժամին անդրադառնալով՝ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ ամերիկյան դիվանագիտության շնորհիվ է սիրիական ռեժիմը քիմիական զենքից հրաժարվել:

«Ամերիկյան դիվանագիտությունը հիմնված ուժի կիրառման սպառնալիքի վրա` ահա թե ինչը նպաստեց Սիրիայում քիմիական զենքի վերացմանը: Եվ մենք կշարունակենք աշխատել միջազգային հանրության հետ սիրիացի ժողովրդին առաջնորդելու դեպի այն ապագան, որին նրանք արժանի են` ապագա առանց բռնապետության, ահաբեկչության և վախի»,- ասել է Օբաման։

Միացյալ Նահանգների նախագահը նաև զգուշավոր լավատեսություն է արտահայտել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, և կոչ է արել Կոնգրեսին առայժմ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չնախաձեռնել։

«Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները նպաստել են, որ կարգավորման հնարավորություն ստեղծվի, սակայն եթե Կոնգրեսը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախաձեռնի, որը սպառնա տապալել բանակցությունները, ապա ես պարզ ասում եմ` վետո կդնեմ այդ պատժամիջոցների վրա: Մեր ազգային անվտանգություն ելնելով` մենք պետք է դիվանագիտությանը հնարավորություն տանք հաջողության հասնելու»,- հայտարարել է Օբաման` միևնույն ժամանակ հավելելով.- «Սակայն, եթե Իրանի իշխանությունները այդ հնարավորությունը չօգտագործեն, առաջինը ես ինքս կոչ կանեմ ավելի շատ պատժամիջոցներ կիրառել և պատրաստ կլինեմ բոլոր հնարավորություններն օգտագործել` համոզված լինելու համար, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծում»:

Ներքին քաղաքականություն. Կրճատել տարբերությունը հարուստների և աղքատների միջև

Բարաք Օբամայի ելույթի մեծ մասը, սակայն, ոչ թե արտաքին քաղաքականությանը, այլ ներքին հարցերին էր վերաբերում, իսկ ամերիկացիներին արված հիմնական ուղերձը հետևյալն էր` կրճատել տարբերությունը հարուստների և աղքատների միջև: Միացյալ Նահանգների նախագահը այդ նպատակին հասնելու համար, իր խոսքով, կոնկրետ և գործնական առաջարկներ է ներկայացնում։

Բարաք Օբամայի խոսքով` Միացյալ Նահանգների համար հիմնարար սկզբունքը, որ քո քրտինքով կարող ես ապագադ կերտել, պետք է պահպանվի:

«Իմ կարծիքով, այս պետության բոլոր մարդկանց` անկախ նրանց ռասայական պատկանելիությունից, կրոնից կամ կուսակցությունից, անկախ նրանից ծեր են, թե երիտասարդ, հարուստ են, թե աղքատ, միավորում է` բոլորի համար հնարավորության առկայության պարզ և խորը հավատը, հավատը առ այն, որ եթե դու լավ ես աշխատում և քեզ վրա պատասխանատվություն ես վերցնում, ապա դու առաջ ես գնում»,- ասել է նա.- «Եկեք ընդունենք, որ այդ հավատամքը տուժել է շատ լուրջ հարվածներից, շուրջ երեք տասնամյակի ընթացքում, տեխնոլոգիաների և գլոբալ մրցակցության ոլորտում զանգվածային փոփոխությունները վերացրին միջին խավի շատ լավ աշխատատեղեր և թուլացրեցին տնտեսական այն հիմքերը, որոնցից կախված են ընտանիքները»:

Միացյալ Նահանգների նախագահը խոսել է միջին աշխատավարձը վերանայելու անհրաժեշտությունից՝ նշելով, որ թեև տնտեսությունը արդեն չորս տարի աճում է, ընկերությունները լավ շահույթներ են ապահովում, սակայն միջին աշխատավարձը գրեթե չի ավելացել:

«Անհավասարությունը խորացել է, փաստերը և չոր թվերը ցույց են տալիս, որ անգամ տնտեսության վերականգնման բարձրակետին չափազանց շատ ամերիկացիներ են կաշվից դուրս գալիս, որ պարզապես ծայրը ծայրին հասցնեն, էլ չեմ ասում հաջողության հասնելու մասին: Բացի այդ չափազանց շատ ամերիկացիներ դեռ ընդհանրապես չեն աշխատում»,- ասել է նա:

Օբաման կոչ է արել գործարարներին բարձրացնել իրենց աշխատողների աշխատավարձերը, կոչ է արել Կոնգրեսին աշխատավարձերի դրույքաչափերը բարձրացնելու վերաբերյալ օրինագիծ ընդունել: Քաղաքային և տեղական իշխանություններին Օբաման կոչ է արել չսպասել խորհրդարանին և սեփական նախաձեռնությամբ քայլեր կատարել:
Ավելին, Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ մոտ ժամանակներս իր հրամանագրով պետական պայմանագրերով աշխատողների ժամավճարի դրույքը կբարձրացնի գրեթե երեք դոլարով` հասցնելով 10 դոլար 10 ցենտի` մեկ ժամվա համար:

«Քանի որ եթե դուք սնունդ եք պատրաստում մեր զինվորների համար, կամ լվանում եք նրանց ափսեները, չպետք է աղքատության մեջ ապրեք»,- հայտարարել է Բարաք Օբաման:

ԱՄՆ-ի նախագահը 2014 թվականն անվանել է գործողության տարի` միջին խավին աջակցելու հարցում և հավելել, որ եթե Կոնգրեսը իր բարեփոխումները արգելակի, ինքը նախագահի իր լիազորություններն օգտագործելով` կշրջանցի օրենսդիրներին:

«Ամերիկան տեղում չի մնում, և ես նույնպես ձեռքերս ծալած չեմ նստի, և այն դեպքերում, երբ ամերիկյան ընտանիքների հնարավորությունները մեծացնելու համար ես կարողանամ քայլեր ձեռնարկել առանց օրենսդիրների, ապա ես դա կանեմ»,- ասել է Օբաման։

Միացյալ Նահանգների նախագահը ավարտել է իր ելույթը` կոչ անելով աշխատել և հաջողության հասնել միասին, իր խոսքը եզրափակելով ավանդական խոսքերով` «Աստված օրհնի մեզ և Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG