Մատչելիության հղումներ

Հայաստանը վերջին հրաժեշտը տվեց Արամ Ղարաբեկյանին


Հայաստանը վերջին հրաժեշտը տվեց Արամ Ղարաբեկյանին
please wait

No media source currently available

0:00 0:03:11 0:00
Երևանում այսօր տեղի ունեցավ հունվարի 11-ին Միացյալ Նահանգներում վախճանված անվանի երաժիշտ, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի հուղարկավորությունը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ կայացավ հոգեհանգստյան արարողությունը, հավաքվել էին մաեստրոյի գործընկերները, նրա արվեստի երկրպագուները:

Արամ Ղարաբեկյանը Հայաստանի կամերային նվագախումբը ղեկավարել է 12 տարի`1997-ից: Մինչև այդ Հայաստանում նրա անունը քչերին էր հայտնի, սակայն շատ շուտով Ղարաբեկյանը, արվեստագետի ազնիվ կերպարի, իր ղեկավարած նվագախմբի մեկը մյուսին հաջորդող հրաշալի համերգների, նորանոր ծրագրերի շնորհիվ, ճանաչելի ու սիրելի դարձավ մեր երաժշտասեր հանրության ու արվեստագետների համար:

Պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի համոզմամբ` Ղարաբեկյանը դեռ շատ անելիք ուներ մեր երկրի, մեր արվեստի ու մշակույթի համար. - «Իր գործունեությամբ, իր ամբողջ կյանքով ծառա էր հայ ազգին, հայ արվեստին, և այդպես էլ մնաց ծառա: Իհարկե, վերջերս ինքը արդեն կամերայինի հետ չէր, բայց դա, ինձ թվում է, խնդիր չէր, որովհետև ինքը շարունակում էր իր գործունեությունը նաև Միացյալ Նահանգներում»:

Դիտարկմանը, թե մաեստրոն, կարծես, նեղացած գնաց Հայաստանից, Մլքեյանն արձագանքեց. - «Ես չէի ասի, որ դա երաժիշտների հետ որևէ կապ ուներ: Ինձ թվում է, որ դա ուրիշ խնդիր է: Դա ավելի վերևից պետք է դիտենք, թե ինչու են գնում նեղացած: Մենք այստեղ որ ապրում ենք, չի նշանակում, որ նեղացած չենք»:

Ղարաբեկյանի ղեկավարությամբ Հայաստանի կամերային նվագախումբը լրջագույն ձեռքբերումներ ունեցավ ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան տասնյակ ու տասնյակ հյուրախաղերի ու փառատոների ընթացքում:

«Մեր նվագախմբի համար եղավ ոսկե դարաշրջան իր ներկայությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց անվանի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: - «Այդ տարիների վերելքն անմոռանալի է… բացառիկ երևույթ էր: Շնորհակալ եմ իրեն համագործակցության անմոռանալի պահերի համար: Հազվագյուտ դեպք է, երբ արտիստը մինչև իր կյանքի վերջը հավատարիմ մնաց իր դավանած սկզբունքներին»:

Ռիտա Շառոյանը, ով 12 տարի աշխատել է մաեստրո Ղարաբեկյանի ղեկավարած նվագախմբում որպես արտաքին կապերի և մամուլի պատասխանատու, «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Փառամոլության մոլուցք չուներ: Ինքը ուզում էր իր արածը հասցնել կատարելության. ընդամենը սա: Բայց մեր իրականության մեջ շատ շփոթեցին փառամոլությունն ու կատարելության ձգտումը… Առաջին իսկ օրվանից, երբ մտավ Հայաստան, ես իր հետ հարցազրույց վարեցի, ասաց`ես պատկանելության զգացում ունեմ, ես պատկանում եմ իմ հայրենիքին»:
XS
SM
MD
LG