Մատչելիության հղումներ

Հայկական կողմը «ծիծաղելի» է համարում Ադրբեջանի սահմանը հատած և գերի ընկած ծերունուն դիվերսանտ անվանելը։ Հայաստանի քաղաքացու գերի ընկնելու մասին հայտնի դարձավ երեքշաբթի երեկոյան։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու լրատվամիջոցներն անմիջապես տարածեցին տեղեկատվություն, թե «ցերեկը ժամը 3-ի մոտակայքում հայկական հետախուզական-դիվերսիոն մի խմբավորում փորձել է հատել զինված ուժերի շփման գիծը, փոխհրաձգությունից հետո ադրբեջանցի զինվորներին հաջողվել է բռնել խմբավորման անդամներից Մամիկ Խոջայանին»։

Ադրբեջանական մի քանի կայքեր էլ գրեցին, որ Թովուզի շրջանի սահմանամերձ գյուղերի բնակիչներն են հային տեսել իրենց տարածքում և հանձնել ադրբեջանցի զինծառայողներին։

Հայաստանը պաշտոնապես հերքեց դիվերսիայի մասին տեղեկատվությունը, որից հետո ադրբեջանական կայքերը տարածեցին գերեվարված հայի նկարներն ու ինչ-որ տեսագրություն. պարզ դարձավ, որ գերի ընկածը 77-ամյա հիվանդ ծերունի է, սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղից՝ Մամիկոն Խոջոյան անուն, ազգանունով։ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Խոջոյանի ճակատագրով ամբողջ գյուղը անհանգստացած է, նա հոգեկան խնդիրներ ունի, և դժվար է կանխատեսել, թե ինչպես ծերունու հետ կարող են վարվել Ադրբեջանում։

Իսկ թե ինչպես է ծերունին կարող էր հայտնվել Ադրբեջանի տարածքում, գյուղապետը հետևյալը պատմեց.- «Երեկ կեսօրին գյուղում երկու տարելից կար՝ գերեզմանատանը։ Եկել է էդտեղ, ձեռքին մի վեդրո, մարդիկ հարցրել են, թե «էս ո՞ւր ես գնում», ասել է, թե գնում է խաղող, թե մոշ քաղելու։ Ասել են՝ «այ, մարդ, էդ ձմեռվա կեսին ինչ խաղող, ինչ մոշ, տուն գնա»։ Մեր այգիները գյուղից 8 կմ են հեռու, իջել է էդտեղ, իսկ այգիները սահմանից 2-2.5 կմ են հեռու, մառախուղ էլ էր, երևի մոլորվել է... Իրեն տեսնողներ են եղել, մեր այգիների մոտ ամառ-ձմեռ մարդիկ են լինում, անասուն են պահում, հարցրել են՝ «էս ո՞ւր ես գնում», ասել է՝ «եկել եմ խաղող քաղեմ»։ Գետի բերանով գնացել է ու անցել է, ինքը չի իմացել, խելքը շաղված մարդ է։ Ադրբեջանցիները ինչ ասես կարող են ներկայացնել, բայց իր ձեռքին մի վեդրո է եղել, հնարավոր է, դա էլ տարած չլինի»։

Գյուղապետը հավելեց, որ դիմել են ոստիկանություն. սկզբում չեն հավատացել ադրբեջանական լրատվությանը, ողջ գիշեր գյուղացիները փնտրել են Խոջոյանին, մինչև որ ադրբեջանական կայքերում տարածված լուսանկարները հաստատել են, որ գերեվարվածը հենց նա է։

Ծերունուն պաշտոնական մակարդակով «դիվերսանտ» ներկայացնելը ծաղրի առարկա է դարձել նաև ադրբեջանական որոշ կայքերում, ցանցում տարածվել են ծաղրանկարներ։ Դրանցից մեկում պատկերված է, թե ինչպես է իբր հայ, ծեր ու աղքատ «հետախույզը» ինտերնետում փնտրում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը «մեկնաբանությունից դուրս» է համարում կատարվածը։

«Առնվազն ծիծաղելի է։ Ես ուղղակի ծափահարում եմ ադրբեջանական բանակին, եթե ինքը նման դիվերսանտների է բռնում միայն (ինչպես երևում է), ուրիշ ոչ մի բան»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.- «Իմ լոգիկային հասանելի չէ դրդապատճառը, թե ինչպես կարելի է ծերունուն ներկայացնել զինված դիվերսանտ, որին բարեհաջող եղաններով չեզոքացնում են։ Ակնհայտ է, որ ադրբեջանական բանակը հաղթանակի հերոսի, իսկական հերոսի խնդիր ունի»։

Հունվարի 28-ին՝ Հայկական բանակի օրը հայ-ադրբեջանական սահմանին նաև զինվորի մահվան դեպք է արձանագրվել։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն, 20-ամյա Կարեն Գալստյանը սպանվել է ադրբեջանական դիպուկահարի կրակոցից։ Երիտասարդը մահացու հրազենային վնասվածքը ստացել է գլխի շրջանում։ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից փոխանցեցին, որ դեպքը տեղի է ունեցել Մարտակերտի տարածքում, զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում։ Երիտասարդը արդեն մոտ երկու տարվա զինծառայող էր, գարնանը պետք է տուն վերադառնար։ Կարեն Գալստյանի ընտանիքն ապրում է Սիսիանում։

Արծրուն Հովհաննիսյանը միայն ասաց, որ դեպքի մանրամասները կպարզի քննությունը։ Ինչ վերաբերում է սահմանների վիճակին, ապա նրա խոսքով՝ «ընդհանուր առմամբ միտում կա լարվածության»։

«Չեմ կարող ասել, որ լարվածությունը լիովին լիցքաթափված է, բայց համեմատած 20-ի, 21, 22-ի օրերի, երբ գերլարված էր, մի փոքր թուլացել է։ Միգուցե իրենք հասկանո՞ւմ են, որ եթե շարունակեն լարվածությունը պահել, կորուստներն ավելի կշատանան, միգուցե արդեն հասե՞լ է այդ սահմանաշեմը, որից այն կողմ իրենք չեն կարող անցնել»,- ասաց Հովհաննիսյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով, հունվարի լույս 20-ի գիշերը ադրբեջանական խմբերի ձախողված դիվերսիայի հետևանքով ադրբեջանական կողմը մոտ 10 զոհ է ունեցել։ Բաքուն չի հաստատում այս տեղեկատվությունը։
XS
SM
MD
LG