Մատչելիության հղումներ

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Անցյալ շաբաթ France Presse գործակալությանը տված իր ծավալուն հարցազրույցում` Սիրիայում տիրող ողբերգական իրավիճակի մասին, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն անսպասելիորեն հիշատակել է 1.5 միլիոն հայերի ջարդերը: Առաջին անգամ է, որ սիրիական պետության որևէ ղեկավար ընդունում է հայկական զանգվածային սպանությունները և հանցավոր ճանաչում Օսմանյան Թուրքիային:

Հարցազրույցի ընթացքում նախագահ Ասադը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը համեմատել է օտարերկրյա գրոհայինների կողմից Սիրիայում կատարվող քաղաքացիների դաժան սպանությունների հետ. - «Ահաբեկիչների դրսևորած վայրագության ու անմարդկայնության աստիճանը մեզ հիշեցնում է ավելի քան 500 տարի առաջ միջնադարյան Եվրոպայում տեղի ունեցած իրադարձությունները: Առավել մոտ ժամանակաշրջանում դրանք մեզ հիշեցնում են օսմանցիների կողմից հայերի դեմ իրականացված զանգվածային ջարդերը, երբ Սիրիայում և Թուրքիայի տարածքում սպանվեցին մեկ ու կես միլիոն հայեր ու կես միլիոն ուղղափառ ասորիներ»:

Զարմանալի չէ, որ երկու օր անց Ժնևում, Միավորված ազգերի կազմակերպությունում, Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին հանդես եկավ նման մի հայտարարությամբ. - «Իսկ ի՞նչ կասեք Հայոց ցեղասպանության մասին, որտեղ 1.5 միլիոն մարդ է սպանվել»:

Միակ այլ սիրիացի բարձրաստիճան պաշտոնյան, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եղել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Աբդ ալ-Քադեր Քադուրան, երբ հուզիչ գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշարձանի և թանգարանի հուշամատյանում, 2001 թվականի հուլիսի 16-ին, Երևանում. - «Երբ այցելեցինք հուշարձանն ու թանգարանը Հայոց ցեղասպանության, որին ենթարկվել է հայ ժողովուրդը 1915 թվականին, մենք խորին հիացմունքով և հարգանքով կանգնեցինք այն հերոսների առջև, որոնք մահն ընդունել են խիզախությամբ ու հերոսությամբ: Նրանց զավակներն ու թոռները շարունակում են անմահացնել իրենց նախնիների խիզախությունն ու պայքարը... Մեծ հարգանքով մեր գլուխը խոնարհում ենք հայ ժողովրդի՝ մեր բարեկամների նահատակների հիշատակի առջև և ողջունում վճռականության ու հաղթանակի համար նրանց կարողությունը: Մենք կաշխատենք միասին, որպեսզի բոլոր մարդկանց ազատագրենք ճնշումներից և կեղեքումից»:

Եթե Սիրիայի խորհրդարանի խոսնակի 2001 թվականի հայտարարությունը եղել է մի անկեղծ ու սրտառուչ ուղերձ, ապա նույնը չի կարելի ասել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Ասադի խոսքերի մասին, որոնց գլխավոր նպատակն էր խստորեն դատապարտել թուրքական կառավարության թշնամական գործողություններն ընդդեմ սիրիական վարչակարգի: Հայտնի է, որ Թուրքիան մեծ դեր է խաղացել նախագահ Ասադին տապալելու միջազգային համատեղ ջանքերում՝ ուղարկելով զինամթերք և ապահովելով օտարերկրյա արմատական իսլամիստ գրոհայինների ներթափանցումը Սիրիա:

Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները միշտ չէ, որ թշնամական են եղել: Մինչև 2011 թվականի սիրիական ճգնաժամի սկիզբը, այդ երկու երկրներն այնպիսի քաղաքական և տնտեսական սերտ դաշնակիցներ էին, որ Ասադի վարչակարգն արգելել էր Հայոց ցեղասպանության մասին գրքերի վաճառքը երկրում և թույլ չէր տալիս օտարերկրյա ֆիլմ նկարահանող խմբերին այցելել Դեր Զոր՝ Ցեղասպանության բազմահազար զոհերի սպանդանոցը: Մտահոգված Թուրքիայի հնարավոր դժգոհությունից՝ նախագահ Ասադի աշխատակազմը 2009 թվականին չեղյալ համարեց իմ հանդիպումը Նախագահի հետ, այն բանից հետ, երբ նրանք համացանցում հայտնաբերեցին իմ բազմաթիվ քննադատական հոդվածները Թուրքիայի վերաբերյալ: Ավելին, Սիրիայի և Թուրքիայի կառավարությունների միջև մեղրամիսի ժամանակ, նախագահ Ասադը Սիրիա այցելող Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին խորհուրդ էր տվել, որ հայերը պետք է դրական հարաբերություններ մշակեն Թուրքիայի հետ և չապրեն անցյալում:

Նախագահ Ասադը France-Presse գործակալությանը տված իր վերջին հարցազրույցում նաև բողոքել է արևմտյան ղեկավարներից, որոնք չեն հասկանում ծավալվող զարգացումները Մերձավոր Արևելքում. - «Նրանք միշտ շատ ուշ են գիտակցում շատ բաներ, երբեմն միայն այն ժամանակ, երբ իրողությունն արդեն բոլորովին փոխվել է»: Անկեղծ ասած, կարելի է միևնույն քննադատությանը ենթարկել նախագահ Ասադին՝ Թուրքիայի ղեկավարության նենգությունն ու երկերեսանիությունը ի վնաս իրեն շատ ուշ գիտակցելու համար:

Ցավոք, Սիրիայի նախագահը միակ պետական ղեկավարը չէ, որ չէր կարողացել ըմբռնել Թուրքիայի իշխանավորների դավադիր մտածելակերպը: Մերձավորարևելյան, եվրոպական և ամերիկյան բազմաթիվ ղեկավարներ միևնույն սխալն են գործում՝ վստահելով Թուրքիայի կեղծ բարեկամությանը, նեղ դրության մեջ ընկնելով, երբ Թուրքիան չի հարգում իր խոստումները:

Վերջին ամիսներին վարչապետ Էրդողանի բռնապետական քաղաքականության և ռազմատենչ հայտարարությունների պատճառով միջազգային հանրության աճող հիասթափությունից ակնհայտ է դառնում, որ ոչ ոք Թուրքիայի իրական դեմքն այնքան լավ չի ճանաչում, որքան հայերը, ասորիները, հույները և քրդերը, որոնք տառապել են անթիվ ու անհամար դաժանություններից, ջարդերից և անգամ ցեղասպանությունից թուրքական բռնապետական իշխանության տակ:

Չնայած նախագահ Ասադի քաղաքական դրդապատճառներին՝ հայ ժողովուրդը պետք է ողջունի նրա ուշացած հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ցեղասպանության ճանաչումից այսքան երկար ժամանակ անընդունելի պատճառներով ձեռնպահ մնալուց հետո, գոնե հիմա Սիրիայի նախագահը պաշտոնապես ասում է ճշմարտությունը անցյալի և ներկայիս թուրքական վայրագությունների մասին:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG