Մատչելիության հղումներ

Առաջին անգամ Վիրահայոց թեմը ֆինանսական օգնություն կստանա Վրաստանի պետբյուջեից


Վրաստան - Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցին Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, արխիվ

Վրաստան - Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցին Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, արխիվ

Վարչապետ Ղարիբաշվիլին հայտարարում է, որ «նման ֆինանսավորման տրամադրումը աննախադեպ է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ողջ Եվրոպայի համար»:

Առաջին անգամ նորանկախ Վրաստանի ավելի քան քսանամյա պատմության ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը ֆինանսական օգնություն կստանա երկրի պետբյուջեից:

Վրաստանի կառավարությունը նման որոշում կայացրեց երկուշաբթի օրը` վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առաջարկով: Նույն այս որոշմամբ Հայ Առաքելական եկեղեցուց բացի ֆինանսական օգնություն կստանան նաև Վրաստանում բնակվող կաթոլիկները, մահմեդականներն ու հրեաները:

Բացատրելով կառավարության այս քայլը՝ վարչապետ Ղարիբաշվիլին նշում էր․ - «Ֆինանսավորումը կտրամադրվի համամասնորեն` ըստ այս չորս կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների թվաքանակի: Պետական ֆինանսավորման տրամադրումը փոխհատուցում է՝ խորհրդային ժամանակաշրջանում կրոնական այս խմբերի դեմ իրականացված հալածանքների ու ճնշումների համար: Նման ֆինանսավորման տրամադրումը աննախադեպ է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ողջ Եվրոպայի համար»:

Բոլոր չորս խմբերի համար նախատեսված պետական ֆինանսավորման ընդհանուր ծավալը 2014-ին կկազմի 2․5 միլիոն ամերիկյան դոլարից քիչ ավելին:

Մինչ այժմ Վրաստանի պետական բյուջեն ֆինանսավորում էր նախատեսում բացառապես մեկ կրոնական կազմակերպության` Վրաց ուղղափառ եկեղեցու համար: Այս ֆինանսավորումը տրամադրվում է՝ հիմնվելով վրացական պետության և եկեղեցու միջև 2002 թվականին կնքված սահմանադրական համաձայնագրի դրույթների վրա:

Նշենք, որ կառավարությանն այս որոշման նախագիծը ներկայացրել էր Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին:

«Որոշումը կայացվել է` նպատակ ունենալով փոխհատուցել այն համակարգված վնասը, որ հասցվել է կրոնական այս խմբերին խորհրդային իշխանության տարիներին: Վրաց ուղղափառ եկեղեցուն հասցված վնասը կառավարությունը վաղուց արդեն փոխհատուցում է», - հայտարարում էր Զաքարեիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG