Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը այսօր նշում է Զինված ուժերի ստեղծման 22-րդ տարեդարձը


Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ղեկավարները, հոգևոր առաջնորդները Եռաբլուր պանթեոնում: 28-ը հունվարի, 2014 թ.

Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ղեկավարները, հոգևոր առաջնորդները Եռաբլուր պանթեոնում: 28-ը հունվարի, 2014 թ.

1992 թվականի հունվարի 28-ին կայացվեց կառավարության պատմական որոշումը՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», որով էլ իրավականորեն ազդարարվեց ազգային բանակի ստեղծումը:

Բանակի օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն ու Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը՝ Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարության ու հայոց հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր առվոտյան այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներ է շնորհել մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների, այդ թվում՝ այն զորամասի զինծառայողներին, ովքեր այս հունվարի լույս 20-ի գիշերը Արցախի ու Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ հետ մղեցին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակումը:

Պարգևատրման արարողությանը հաջորդած Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասվում է. - «Երբ հայ ժողովուրդը տևական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, հայոց բանակն առաջին կայացած պետական կառույցը դարձավ: Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին և մեծագույն ձեռքբերումն էր: Այսօր մենք հիշում ու ոգեկոչում ենք մեր բոլոր հերոսներին անուն առ անուն: Օրեր առաջ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ցուցաբերած վեհ կեցվածքը վճռական պահին և նրա ու ընկերների սխրանքը մեր բանակի իսկական նկարագիրն են ու օրինակը»:

Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձով է հանդես եկել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ նշելով․ - «Հայոց Բանակը մշտապես կրողն է եղել մեր ժողովրդի հավատավոր, ազատատենչ հոգու, որով մեր պատմության վճռական պահերին կերտել է իր հաղթանակները»:

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին. - «Իրավիճակը սահմանին վերահսկելի է: Մեր դիրքապահների պատրաստականության, մարտական ոգու և նրանց հրամանատարների սառնասիրտ, լուրջ, հիմնավոր որոշումների շնորհիվ մենք կարողանում ենք և' պահպանել մարտական հերթապահության համապատասխան պայմանները, և' ցանկացած ոտնձգություն իր արժանի հակահարվածը կստանա այնպես, ինչպես ստացավ հունվարի 20-ին»:

«Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը (ՀՀԿ), անդրադառնալով 22-ամյա բանակի ձեռքբերումներին ու բացթողումներին, ասաց, թե «աշխարհում չկա որևէ բանակ, որն իր մեջ չպարունակի հասարակության բացասական երևույթները»:

«Եվ հասարակության խնդիրն է՝ ապրել այնպես, որ բանակի վրա դա բացասաբար չանդրադառնա»,- շարունակեց Զաքարյանը: - «Բնականաբար, մարտունակության, անվտանգության ապահովման, երկրի պաշտպանունակության բարձրացման հարցում բանակը դա առաջին հենարանն է, առաջին երաշխիքն է: Եվ պետության, հասարակության, քաղաքացու յուրաքանչյուր հայացք դեպի բանակ պետք է առաջին հերթին ուղղված լինի բանակի ամրության, հզորության և նրա պատրաստվածության բարձրացմանը»:

Արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի համոզմամբ, հայոց նորագույն պատմության մեջ հիմնական ձեռքբերումը՝ հենց Հայոց բանակն է, որը մենք չունեինք գրեթե 700 տարի:

«Բայց բանակը միայն գովելու համար չէ, բանակում կան թերություններ և դրանք պետք է շտկել»,- ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ Հայոց բանակի ստեղծման գործում կցանկանար հատկապես ընդգծել սպարապետ Վազգեն Սարգսյանի դերակատարությունը. - «Վազգեն Սարգսյանը բանակի հիմնադիրն է եղել: Բնական է, այսօրվա որոշ իշխանավորներ չեն ուզում դա բացահայտորեն ասել և մեր ապագա սերնդին չեն կարողանում նորմալ ներկայացնել մեր մեծերին` ի դեմս Վազգեն Սարգսյանի և շատ-շատերի, որոնք բանակաշինության մեջ մեծ ներդրում են ունեցել»:
XS
SM
MD
LG