Մատչելիության հղումներ

Օրեր առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով ուկրաինական «Բերկուտ» հատուկ ջոկատայինների գործողություններին, ասել էր․ - «Մենք էլ էինք ծեծում, մենք էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլևս չենք ծեծում, չենք ջարդում և չենք ստորացնում: Մենք հանդուրժում ենք: Բայց անդադար չենք կարող հանդուրժել»:

Այսօր Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցինք, թե ոստիկանությունը մինչև երբ է ծեծել, ջարդել ու երբանից է դադարեցրել ծեծը:

«Առանձին երևույթներ կարող են և հիմա դրսևորվել: Առանձին երևույթներ, որովհետև ոստիկանությունը մեծ կազմակերպություն է և ցանկացած տեղ կարող է մի հիմար դուրս գա ոստիկանի համազգեստով, որը իրեն թույլ տա: Բայց որ ոստիկանության քաղաքականությունը ժխտողական է այդ առումով՝ դա միանշանակ է և անդառնալի: Գոնե այնքան ժամանակ, ինչքան ես ոստիկանապետ եմ, ես դրա համար պատասխանատվություն եմ կրում»:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք ոստիկանապետի ասածը հաղորդում չէ հանցագործության մասին, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․ - «Բացարձակապես: Մենք ի նկատի ենք ունեցել միլիցիան: Այսինքն մենք իրենց փոխարինողներն ենք, չէ՞, ժառանգորդներն ենք՝ միլիցիայից ոստիկանություն: Այսինքն միլիցիան ամբողջ այդ ընթացքում խոսվել է այն մասին, որ ծեծով ու ջարդով ցուցմունքներ են խլում: Նկատի է ունեցվել դա, որ նախկինում եղել է այդպես: Պարզ ասում եմ՝ տեսեք, որ հիմա մենք վերափոխվել ենք, դա այլևս չենք անում, քաղաքականությունը փոխվել է»:

Անցած տարվա դեկտեմբերի 30-ին մետրոյի «Բարեկամություն» կայարանում կալանավորված Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ բռնություն էր գործադրվել, երբ նա ընկերների հետ թռուցիկ էր բաժանել: Շահեն Հարությունյանը և ընկերները կասկածում էին, որ այդ անձը քաղաքացիական հագուստով ոստիկան է եղել։

Այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցինք, արդյոք պարզվե՞լ է այդ անձի ինքնությունը:

«Ոստիկանը չի կարող նման բան անել: Ցանկացած ոստիկան, նման դեպքերում, ոչ թե խստագույնս կպատժվեր․․․ չգիտեմ ոնց կպատժվեր․․․», - ասաց ոստիկանապետը:

Վերջերս ոստիկանությունը հաստատել էր, որ Երևան քաղաքի տրանսպորտի վարչության պետի որդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Երևանի Գնունի փողոցի շինանյութի շուկայում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին` Դավիթ Նավասարդյանը, վիճաբանել է ինչ-որ մեկի հետ: Բացի այդ, պաշտոնյայի որդու ավտոմեքենայից դեղնականաչավուն զանգված էր հայտնաբերվել: Օրերս ոստիկանությունը տեղեկացրեց, որ Նավասարդյանի որդու նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի և բողոքի բացակայության հիմքով: Իսկ ինչ վերաբերում է դեղնականաչավուն զանգվածին, ապա Վլադիմիր Գասպարյանի խոսքով, դա թմրանյութ է եղել․ - «Դրա քանակը շատ քիչ էր, և դրա համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն»:

Ի դեպ, Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում իրենց ներդրումն է ունենալու նաև Հայաստանի ոստիկանությունը:

«Մենք մասնակցելու ենք օպերատիվ ինֆորմացիայի փոխանակմամբ», - նշեց նա:

Վլադիմիր Գասպարյանը տեղեկացրեց, որ արդեն երկու ամիս է ձմեռային օլիմպիական խաղերի մասով գործակցում են ռուսական կողմի հետ:
XS
SM
MD
LG