Մատչելիության հղումներ

Արմեն Հովհաննիսյանն արժանացավ հետմահու պարգևի


«Եթե բոլորս տենց պահենք մեր երեխաներին, ով պետք է գնա սահմանները պահպանի, որ մենք ստեղ հանգիստ մնանք, եթե տղաները չգնան, չպահպանեն, ինչ է լինելու ժողովրդի հալը»,-ասաց հունվարի 19-ին թշնամու դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված Արմեն Հովհաննիսյանի տատը։

Տիկին Մայրանուշը հպարտ է, որ այնպիսի թոռ է մեծացրել, ով չխնայեց իր կյանքը, երբ կշեռքի նժարին դրված էր հայրենիքի անվտանգության հարցը։ Այսօր նորից Եռաբլուր են այցելել ու գլուխ խոնահրել իրենց զավակի ու հայրենիքի անվտանգության համար կյանքը զոհաբերած մյուս ազատամարտիկների ու հերոսների հիշատակին։

«Ես կցանկանամ, որ ոչ մի մոր արցունքները չտեսնեմ, թող իրենց երեխաները ծառայեն բարով-խերով, բայց մարդ լինեն, ոչ թե վախկոտ լինեն, զգոն լինեն, որ անպետք մնացած թուրքերը չկարողանան հարձակվեն։ Գիտեմ, որ մեր հայն ամեն տեղ լավ հնարը գտնում է ու էդ պահին կարողանում է կազմակերպի, ոնց անի՝ թուրքի ջարդը տա», - ասաց Մայրանուշ տատը։

Գաղտնապահ, ամաչկոտ, ընկերասեր ու բարեկամասեր, իսկ անարդարությունների հանդեպ անհանդուրժող. այսպես է բնութագրում տատը թոռնիկին:

«Իրավունք չունի զինվորն իր բերանից ինչ-որ բան թռցնի և իրոք մենք ոչ մի բան չենք իմացել, իմ տղան փակ է եղել բերանից որպես զինվոր, բայց որ շատ ընկերասեր էր, դա կասեմ: Երբ գնացել էինք երդումը լսելու, այդ ժամանակ տղաներ կային, ում ծնողները չէին կարողացել գալ, իմ տղան կանչում էր, ինչ որ տարել էինք, նստացնում, հյուրասիրում էր, որն էլ չէր գալիս, հետևից ինքն էր գնում, ամեն ինչ տալիս նրան, ասում էր` իմ ընկերներն են, իմ եղբայրներն են, պետք է բոլորն էլ օգտվեն», - պատմում էր տատը։

«Ուրախ, երգ ու պարով, մեծ խնջուքով բանակ ճանապարհեցինք», - պատմում է տատն ու հավելում, որ Արմենը բանակ չգնալու մասին լսել չէր ուզում, իսկ ծառայությունն էլ Ղարաբաղում էր ուզում, որովհետև 4 զարմիկներն էին այնտեղ ծառայում։ Վերադարձին օպերատոր էր դառնալու, արդեն նկարած մի քանի գործ էլ ուներ։ Մեկ տարվա ծառայությունից հետո տնեցիներին ասել էր, որ սերժանտական կուրսերի է գնալու ու կարգ է բարձրացնելու։

«Իրա մտքին ինչ կար, ես դա էլ չգիտեմ, որովհետև մենք հարցրեցինք` քո ինչի՞ն է պետք, այն ժամանակ որ մենք ասում էինք ստեղ վայենի գծով քեզ տանք, գնա սովորի, չէիր ուզում, հիմա ի՞նչն ա քեզ ստիպում: Չէ, ասեց, դու չես հասկանում, ես ուզում եմ անպայման։ Գնաց կուրսեր սովորեց ու վերջացրեց ու իրեն նշանակել էին 10 հոգու կրտսեր սերժանտ, իրենց ղեկավարն էր», - պատմում է Մայրանուշ տատը։

Ամեն զանգելիս հարազատներին հորդորում էր առողջ ու պինդ մնալ մինչև ինքը տուն հասնի։ Տուն հասնելուն պես առաջնային երկու նպատակ ուներ՝ ավագ քրոջ նորածին զավակին էր այցելելու ու մյուս քրոջ նշանի առիթով քեֆ անելու։ Մեծ նպատակներ էլ ուներ՝ ուսումն էր շարունակելու ու որպես ընտանիքի միակ որդի և երեք քույրերի եղբայր ընտանիքի թիկունքին կանգնելու։

«Իրա երազանքը դա էր, որ մարդ դառնա։ Իր արածը, բոյ-բուսաթը տեսա ու հասկացա՝ երեխա եմ ուղարկել բանակ, բայց մարդ եմ ընդունել, մեծատառով մարդ, հերոս բալա եմ ընդունել, անմահացավ իմ բալեն։ Շատ հպարտ եմ, ես չէի ցանկանա, կուզեի, որ իմ բալեն սաղ լիներ, բայց որ ինքն իրա էդ գործողություններն արել ա էդ հպարտությամբ, ես իրա էդ հպարտությունն ընդունում եմ եւ հպարտ եմ իմ բալայով», - ասաց տատը։

Տեղեկացնենք նաեւ, որ այսօր բանակի օրվա առթիվ մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: Պարգևատրվածների թվում են ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը փոքրաթիվ ուժերով կասեցրած և հակառակորդին հետ մղած զորամասի զինծառայողները: Այդ իրադարձությունների ժամանակ զոհված, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, նույն զորամասի երկու զինծառայողներ՝ Արիության մեդալով, ևս չորսը` Մարտական ծառայության մեդալով:
XS
SM
MD
LG