Մատչելիության հղումներ

ԵՄ հիմնադրամը կշարունակի Հայաստանի ժողովրդավարական հասարակության ֆինանսավորումը


Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց

Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց

«Շարունակելու ենք աջակցել նրանց, ովքեր կարծում են, որ եվրոպական արժեքներն ու Եվրոպան Հայաստանի համար ճիշտ տարբերակ են», - ասում է Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրանի նախագահը:

Անցյալ տարվա հուլիսին Եվրամիության կողմից ստեղծված Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը պատրաստ է շարունակել Հայաստանի ժողովրդավարական հասարակության ֆինանսավորումը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հիմնադրամի նախագահ Եժի Պոմյանովսկին:

«Հայաստանը եղել է և մնում է այն երկիրը, որը մենք կարևորում ենք: Թեև մենք հասկանում ենք, որ իրավիճակը հիմա բարդ է, Եվրամիության հետ հարաբերությունները դանդաղում են, Ասոցացման համաձայնագիր չկա, Արևելյան հարևանության ծրագրերին Հայաստանի մասնակցությունը գնալով նվազելու է, այդուամենայնիվ, մենք դեռ հավատում ենք, որ կա Հայաստանի հասարակության մի մեծ խումբ, որի համար եվրոպական արժեքներն ու Եվրոպայի հետ ինտեգրացիան մնում է ռազմավարական և պատմական ընտրություն», - նշեց Պոմյանովսկին:

Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է ժողովրդավարության համար պայքարողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Հարավային և Արևելյան հարևանության 15 երկրներում ժողովրդավարական նկրտումներ ունեցող հասարակական կազմակերպություններ, ակտիվիստական խմբեր, անհատներ, լրագրողներ կարող են դիմել այս հիմնադրամին` Եվրամիության կողմից առանց եվրոպական բյուրոկրատիայի ֆինանսական աջակցություն ստանալու համար: Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, ինչպես նաև Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Հայաստանի 200 հասարակական կազմակերպություններ ու անհատներ հինգ ամսվա ընթացքում դիմել են այդ հիմնադրամին, նրանցից 36-ը ստացել են աջակցություն:

«Տեսնելով, թե ինչ է այսօր կատարվում Կիևում կամ Կահիրեում, մենք հասկանում ենք, որ ֆոնդը հիմնելու դրդապատճառները դեռ ուժի մեջ են, և մարդիկ կարիքն ունեն մի ճկուն և պակաս բյուրոկրատական քաշքշուկներով կազմակերպության, որը կօգնի մարդու իրավունքների, քաղաքական ազատության և ակտիվիզմի հարցերում», - ասաց հիմնադրամի նախագահը:

Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի բյուջեն 26 միլիոն եվրո է: Դիմորդները կարող են աջակցություն ստանալ 80-200 հազար եվրոյի շրջանակներում: Ադրբեջանում այս հիմնադրամը, օրինակ, ֆինանսավորել է հայտնի ընդդիմադիր բլոգերներ Հեբիբ Մյունթեզիրի ու մի քանի անգամ ազատազրկված Էմին Միլլիի հիմնադրած ինտերնետային «Մեյդան ԹիՎի»-ն, Հայաստանում` փոքրամասնությունների իրավունքների և հավասար հնարավորությունների համար պայքարող հասարակական կազմակերպություններին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշման մասին նախագահ Սերժ Սարգսյանի 2013-ի սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո Եվրամիության հիմնադրամի քաղաքականությունը Հայաստանի և այնտեղ գործող քաղաքացիական հասարակության հանդեպ կարո՞ղ է փոխվել, Պոմյանովսկին արձագանքեց․ - «Թե՛ այդ հայտարարությունից առաջ և թե՛ հետո մենք հավասարապես շարունակելու ենք Հայաստանում աջակցել նրանց, ովքեր կարծում են, որ եվրոպական արժեքներն ու Եվրոպան Հայաստանի համար ճիշտ տարբերակ են, բայց մենք համոզված ենք, որ փոփոխությունը և պատմական ընտրությունը դրսից չպետք է ներդրվեն Հայաստանում, այլ պետք է ծնվեն ներսում` հենց հայերի կողմից: Բայց միաժամանակ, երբ դա ներսում ծնվի, կստանա նրանց աջակցությունը, ովքեր նույն արժեհամակարգն ունեն: Այնպես որ, Լեհաստանում, Սլովակիայում, Չեխիայում, Հունգարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում ապրող մարդիկ, ովքեր կիսում են հայերի հետ նույն արժեքները, կաջակցեն նրանց: Մենք էլ կաջակցենք»:

Եվրոպացի դիվանագետի խոսքերով՝ Հայաստանն իր եվրոպական ընտրությունը պետք է ապացուցի: «Եթե հասարակության մեծամասնությունը ուրախ չէ իշխանությունների որոշումից, այն պետք է ժողովրդավարական ճանապարհներով փոխի իր առաջնորդներին նորերի հետ, որոնք կկիսեն իր արժեքները: Արդյո՞ք սա Հայաստանի դեպքն է: Ես չգիտեմ, մենք կհետևենք առաջիկա ընտրություններին, և այն մարդիկ, ովքեր երազում են Հայաստանի եվրոպական ապագայի մասին, պետք է բարձրացնեն իրենց ձայնն ու լսելի դարձնեն այն», - հայտարարեց Եժի Պոմյանովսկին:
XS
SM
MD
LG