Մատչելիության հղումներ

Հայկական պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում հաստատվեցին


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ այսօր Ստրասբուրգում մեկնարկած ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում հաստատվեցին հայաստանյան պատվիրակության լիազորությունները:

ԵԽԽՎ-ի որևէ պատգամավոր այդ հարցը չվիճարկեց:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն անցած տարվա հոկտեմբերին Զարուհի Փոստանջյանին («Ժառանգություն») հանեց պատվիրակության կազմից` փոխարինելով Մհեր Շահգելդյանով («Օրինաց երկիր»):

Իշխանությունը չթաքցրեց, որ Փոստանջյանին պատժեցին Սերժ Սարգսյանին կազինոյի մասին Խորհրդարանական վեհաժողովում հարց ուղղելու համար:

Զարուհի Փոստանջյանը հայտատարեց, թե դա քաղաքական հետապնդում է և Հովիկ Արբահամյանին «դժվարին օրեր» խոստացավ: Ընդդիմադիր պատգամավորը վստահ էր, որ հայկական պատվիրակության կազմից իրեն հանելու հարցին կանդրադառնան ԵԽԽՎ-ում ամենամեծ քաղաքական խմբի` ավելի քան երկու հարյուր անդամ ունեցող ԵԺԿ-ի (Եվրոպայի ժողովրդական կուսակցություն) իր գործընկերները:

Եթե տասը պատգամավոր ոտքի ելնեին ու առարկեին որևէ պատվիրակության լիազորությունները հաստատելուն, հարցը մեխանիկորեն կդառնար Կանոնադրական հանձնաժողովի քննարկման առարկա:

«Դա տեղի չունեցավ, ուստի հարցը փակված է», - «Ազատության» հետ զրույցում նկատեց պատվիրակության մշտական անդամ Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան»): - «Ես որքան տեղյակ եմ, տիկին Փոստանջյանը Ստրասբուրգ չէր եկել: Որքան կրկին տեղյակ եմ, ԵԺԿ խմբակցությունում առավոտյան քաղաքական խմբերի նիստերի ժամանակ եվրոպացի կին պատգամավորներից մեկը հպանցիկ անդրադարձել է խնդրին, բայց անգամ այդ կինը ոտքի չկանգնեց և չվիճարկեց հայկական պատվիրակության մանդատի լիազորությունների հարցը»:

«Դա նույն Եվրախորհուրդն է, որը ըստ էության Մարտի 1-ի հետ կապված իրադարձությունները ամբողջովին «ջրեց»», - «Ազատության» հետ զրույցում ասաց «ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: - «Սա այն Եվրախորհուրդն է նաև, որը երկու համապետական կեղծված ընտրություններ է ճանաչել: Այնպես որ, չեմ կարծում, ինչ-որ առանձնահատուկ իրավիճակ է եղել, և ցանկացած պարագայում, հաշվի առնելով նախկինում տեղի ունեցածը, տրամաբանությունը հուշում էր, որ բնականաբար կճանաչեին»:

Մարտիրոսյանին չի զարմացնում, որ ԵԺԿ-ն, որի դիտորդ անդամներից է ոչ միայն «Ժառանգություն»-ը, այլև իշխող ՀՀԿ-ն, չբարձրացրեց մեր պատվիրակության լիազորությունների հարցը. - «Իշխանությունների հետ, բնականաբար, շատ լավ հարաբերությունների մեջ են մինչև հիմա: Անկախ նրանից, որ Ասոցացման համաձայնագրի պարտավորությունից շեղվեցին իշխանությունները, բայց միևնույն է` հարաբերությունները, կարծեք թե, նորմալ է»:

Նա փոխանցեց, որ Փոստանջյանը, չնայած ստացած հրավերին, չի մեկնել Ստրասբուրգ ֆինանսական խնդիրների պատճառով: Ազգային ժողովը, հիշեցնենք, հրաժարվել էր հոգալ պատգամավորի գործուղման ծախսերը:

«Ես կարծում եմ, եթե ինքն այնտեղ լիներ, բոլորովին այլ իրավիճակ կլիներ», - եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:
XS
SM
MD
LG