Մատչելիության հղումներ

Խոդորկովսկի. «Կամ ես պետք է ազատվեի, կամ Սերդյուկովը` նստեր»


Ազատ արձակված Միխայիլ Խոդորկովսկին Բեռլինում, արխիվ, 22 դեկտեմբերի, 2013թ.

Ազատ արձակված Միխայիլ Խոդորկովսկին Բեռլինում, արխիվ, 22 դեկտեմբերի, 2013թ.

Նախկին «թիվ մեկ բանտարկյալի» համոզմամբ, Ռուսաստանի նախագահը ղեկավարվել է ոչ այնքան արտաքին, որքան ներքին խնդիրներով։

Տասը տարվա բանտարկությունից հետո նախագահ Վլադիմիր Պուտինի ներման հրամանագրով անցած տարեվերջին ազատ արձակված նախկին մեծահարուստ, «Յուկոս» ընկերության նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկին խոսել է ազատման հնարավոր պատճառների մասին։

Նա Ցյուրիխում «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի թղթակցին ասել է, թե համոզված էր, որ բանտում կմնա ցմահ, և գերադասում է ապրել «մի հավատա, մի վախեցիր, մի խնդրիր» սկզբունքով։

«Եթե ինձ չառաջարկեին ներման դիմում գրել, ես ինքս չէի գրի», - ասել է Խոդորկովսկին` պարզաբանելով, որ առաջարկը փաստաբանների միջոցով փոխանցել է Գերմանիայի նախկին արտգործնախարար Հանս-Դիթրիխ Գենշերը։

Ըստ Խոդորկովսկու` ինքը գիտեր, որ ներման դիմում գրելու նախաձեռնությունը Պուտինից է գալիս և դժվար թե կապված է Սոչիի օլիմպիադայից առաջ Ռուսաստանի վարկանիշը բարձրացնելու ցանկության հետ։

«Իմ վարկածն ավելի գաղտնապաշտական է։ Ես ենթադրում եմ, որ իր շրջապատի մի մասը, նախագահի կարծիքով, զգոնությունը կորցրել է։ Նա ուզում էր նրանց մի քիչ զգաստացնել, վերադարձնել բնականոն վիճակի։

«Նա, իմ կարծիքով, ուներ երկու տարբերակ` կա'մ ինձ ազատել, կա'մ [Ալեքսանդր] Սերդյուկովին [պաշտպանության նախկին նախարար, ում անունը հիմա կապվում է կոռուպցիոն խոշոր գործարքի հետ] բանտարկել 10-ը տարով», - ասել է Խոդորկովսկին։

Նրա համոզմամբ` Պուտինի այդ պատգամը հասցեագրված էր մի խումբ կոնկրետ մարդկանց, և դրանով նախագահը ցանկանում էր հասկացնել, որ Կրեմլի որոշ վճիռների վրա այդ մարդիկ ադզելու հնարավորություն չունեն։ Այնպես որ, ըստ Խոդորկովսկու, Պուտինը նախևառաջ ղեկավարվել է ներքին խնդիրներով, իսկ արտաքին գործոնները նրան երկրորդ հերթին են հետաքրքրել։

Խոդորկովսկին վստահ է, որ Պուտինն այդ որոշումը միայնակ է ընդունել և տեղեկատվական արտահոսք այս հարցում չի եղել։

«Նրա համար կարևոր էր դաս տալ այդ մարդկանց, ցույց տալ, որ որոշ վճիռներ ինքն անձամբ է կայացնում։ Ես համոզված չեմ, որ դա լավ է երկրի համար, բայց եթե կառուցել ես իշխանության ուղղահայացը, ապա բարի եղիր դրան համապատասխանել», - ասել է Խոդորկովսկին։

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախկին «թիվ մեկ բանտարյկալը» նաև ասել է, թե համոզված էր, որ հենց Պուտինի անձնական պահանջով իրեն չեն դիպչել ազատազրկման տարիներին, և կալայնավայրերում այդ կարգադրությունը խստորեն կատարվել է։

«Ինչո՞ւ ինձ չեն սպանել, ասենք, քրեականներ: Պատասխանը պարզ է` Պուտինն է արգելել», - ասել է Խոդորկովսկին` հավելելով, որ բանտում առաջին կես տարուց հետո հասկացել է, որ կա իրեն որևէ կերպ վնաս չհասցնելու խիստ կարգադրություն։

Հարկ է նշել, որ բանտից ազատվելուց հետո Խոդորկովսկին նաև շնորհակալություն է հայտնել այն կապակցությամբ, որ իր ազատազրկման տարիներին ընտանիքը չի հալածվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG