Մատչելիության հղումներ

Մասնագետները հրաժարվում են փորձաքննության ենթարկել գազը


Մասնագետները հրաժարվում են փորձաքննության ենթարկել գազը
please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00

Դեռ ձմռան սկզբին բոլորը միաձայն պնդում էին, որ տունը չի տաքանում, ուտելիքն ավելի երկար է պատրաստվում։ Խորհրդարանում ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը պդնում էր, թե Ռուսաստանում սուրճը երկու անգամ ավելի արագ է եռում, հետևաբար մեզ մոտ գազի կալորիականությունն է ցածր։

Անանուն մնալ ցանկացած փորձագետը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ անկախ սրճեփի ու գազօջախի որակից Հայաստանում այն ավելի արագ պետք է եփի, քանի որ մենք ավելի բարձրադիր գոտում ենք գտնվում։

«Գազպրոմ Արմենիա»-ում, սակայն, պնդում են, թե բարձրաձայնելը դեռ բավարար չէ, ապացույցներ են հարկավոր։ Ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանն «Ազատության» հետ զրույցում ասում է, որ ցուրտ ձմեռով է պայմանավորված սպառողների գերածախսը, իսկ սուրճի օրինակն էլ կապում է գազոջախների տեխնիկական վիճակի հետ։

«Մենք վերահաստատում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազը կամ դրա որակական հատկանիշները համապատասխան են գործող միջպետական ստանդարտներին։ Սպառողներին մատակարարվող մեկ խորանարդ մետր գազի ջերմատվությունը չի կարող 7600 կիլոկալորիայից ցածր լինել։ Եթե մեր տվյալները արժանահավատ չեն, թող դիմեն անկախ փորձագիտական լաբորատորիաների և նրանց միջոցով իրականացնեն», - ասաց Սարդարյանը։

Սպառողների իրավունքներով զբաղվող «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն «Ազատության» հետ զրույցում նշում է, որ իրենց ուսումնասիրության արդյունքները հակառակն են վկայում։

«Այն բնակարաններում, որտեղ թե' նախորդ տարի, թե' այս տարի ջեռուցման կաթսայի ջերմային ռեժիմը առանց փոփոխման, առանց անջատելու է աշխատել 60 աստիճանով, նախորդ տարի վառում էր 200-230 խորանարդ, այս տարի վառում է 250, այսինքն մինչև 15 տոկոս տարբեր տեղեր տարբերություն լինում է։ Սա չի կարող պայմանավորված լինի ցրտով, ցրտով պայմանավորված սենյակի ջերմաստիճանը կարող է ցածր լինել», - ասաց Պիպոյանը։

Կալորիականությունը ստուգող սարք ունի միայն «Գազպրոմ Արմենիան», սարքի արժեքը 50 000 եվրո է։ Հայաստանում գործող այլ լաբորատորիաները 100 տոկոս ճշգրտությամբ կալորիականություն ստուգելու հնարավորություն չունեն, այդուհանդերձ որակական ստուգում այդ լաբորատորիաներում իրականացնել հնարավոր է։

«Սակայն ոլորտի փորձագետները գազի շուրջ լուրջ ուսումնասիրություններ անել չեն ցանկանում», - ասում է Պիպոյանը` պարզաբանելով. - «Աշխատանքից զրկվել չեն ցանկանում»։ Ուստի իրենք բանակցություններ են սկսել գիտնականների հետ. ընդհանուր լեզու գտնելու և լուրջ թիմ ձևավորելու դեպքում կփորձեն հանձնաժողով կազմել, խնդրի լուծման ելքերը գտնել։

Գազի ոլորտում այս խնդրի առկայությունը ապացուցել է փորձում նաև «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանն նույնպես աջակցության ու համագործակցության հարցում արժանացել է փորձագետների մերժմանը:

«Ասեց` գիտես, 70 000 աշխատավարձ եմ ստանում, իմանան ես եմ արել, կհանեն։ Վախենում են», - նշեց նախաձեռնության հիմնադիրը։

Մարտիրոսյանը փորձագետի օգնությամբ գիտափորձ է իրականացնել, որի ճշգրտությունը, ինչպես ինքն է նշում, 70 տոկոս է: Ըստ այդմ` Հայաստանում գազի կալորիականությունը 5000-ը չի անցնում:

«Եթե դա լուրջ փորձով ապացուցվի, մենք կարող ենք նրանց դատի տալ», - ասում է Մարտիրոսյանը։

«Գազպրոմը» բազմիցս ասել է, թե պատրաստ է աջակցել փորձաքննություն պահանջող ցանկացած քաղաքացու կամ նախաձեռնության։ Օգտվելով առիթից` Մարտիրոսյանն առաջարկում է. - «Իրանից թող գա մասնագետ, իր սարքավորումներով և իմ ուզած հասցեով իրոք չափի, կամ ես ինչ-որ քանակությամբ գազ ուղարկեմ Իրան, թող այնտեղից եզրակացությունը գա»:

Նա հավելեց, որ նոր փորձագիտական փուլում են ու ունեն նորություններ, որոնք կհստակեցնեն ու մոտ օրերս կհրապարակեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG