Մատչելիության հղումներ

Հայաստանը շարունակում է զարմացնել Ռուսաստանին


Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության արագ տեմպերը շարունակում են զարմացնել Ռուսաստանին։ Այս մասին երկուշաբթի հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

Հիշեցնենք, հինգշաբթի օրը կառավարության նիստում հաստատվեց Մաքսային միության և Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի կամ այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը:

Ռուսաստանի դեսպանի խոսքով՝ իրենք շարունակում են զարմանալ, քանի որ «անկեղծ ասած, չէին սպասում, որ Հայաստանը այսպես արագ կշարժվի դեպի Մաքսային միություն»։

«Հայաստանը 7 մղոնանոց քայլերով առաջ է շարժվում, միությանը վերջնական անդամակցության ամսաթիվ չեմ կարող ասել, ամեն ինչ ընթացքից է կախված, խնդիրներ, իհարկե, կան, դրանք լինում են լուծվող և չլուծվող, Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր խնդիրները լուծելի են»,- ասաց դեսպանը։

Այս տարվանից Մաքսային միության հիմնադիր երկիր Ռուսաստանը խստացրեց միգրացիոն օրենքները։ Այսպիսով արդեն հունվարից երկրի տարածքում առանց վիզայի գտնվող քաղաքացիները երեք ամսից ավելի չեն կարող մնալ։ Սա, իհարկե, լուրջ հարված է նաև Հայաստանին, տարեցտարի մեծացող գործազրկության ցուցանիշը ստիպում է մարդկանց դրսում՝ հիմնականում Ռուսաստանում աշխատանք փնտրել, իսկ այս օրենքի գործարկումից հետո փաստորեն այդ հնարավորությունը խիստ նվազում է, քանի որ 3 ամիս աշխատելով հնարավոր է միայն ճանապարհի և կեցության գումարը ապահովել։

Ռուսաստանի դեսպանի խոսքով՝ այս օրենքը ոլորտում կարգուկանոն հաստատելու նպատակ ունի, այն նույնն է լինելու բոլոր երկրների քաղաքացիների համար, Հայաստանը բացառություն չէ։ Նա նշեց, որ աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում միգրանտները կարող են ավելի երկար աշխատել, իսկ այն հարցին, որ գործատուները պարզապես պայմանագիր չեն կնքում, Վոլինկինը ասաց, որ օրենքը պետք է հարգել։

«Ասեմ, որ այս օրենքը նորություն չէ, այն գործում է աշխարհի շատ երկրներում և նույն տեսքն ունի»,- ասաց նա։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG