Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահը այցելում է Թուրքիա


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթի ժամանակ, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթի ժամանակ, արխիվ

Ֆրանսահայ համայնքը բողոքի ցույցերով է ճանապարհել Օլանդին:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր երկօրյա պետական այցով կժամանի Թուրքիա՝ այդ երկրի նախագահ Աբդուլա Գյուլի հրավերով:

Սա Ֆրանսիայի նախագահի մակարդակով առաջին այցն է Թուրքիա վերջին 22 տարիների ընթացքում՝ 1992 թվականին Թուրքիա պետական այց էր կատարել Ֆրանսուա Միտերանը:

Օլանդի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են յոթ նախարար և շուրջ չորս տասնյակ ֆրանսիացի գործարարներ:

Նախատեսվում է, որ Ֆրանսիայի նախագահը կհանդիպի Թուրքիայի նախագահի և վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:

Ինչպես լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը, այցի ընթացքում քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Թուրքական Hurriyet Daily News-ն էլ տեղեկացնում է, որ Օլանդը հանդիպում կունենա նաև «Ակոս» թերթի նախկին խմբագրապետ, 2007 թվականին Ստամբուլում սպանված Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ:

Ֆրանսահայ համայնքը հանգստյան օրերին բողոքի ցույցերով է ճանապարհել նախագահ Օլանդին: Շաբաթ օրը ցույցեր են կայացել հայաշատ Լիոնում և Մարսելում, երեկ երեկոյան էլ Փարիզի Տրոկադերոյի հրապարակում էին հավաքվել հայկական համայնքի ներկայացուցիչները:

Ֆրանսիայի նախագահի այցը Թուրքիա շատ մեծ անհանգստություն է պատճառում համայնքին, քանի որ Օլանդը կարծես թե անտեսում է հայկական պահանջները, նա իր համաձայնությունն է տվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերսկսմանը և մինչ այժմ ոչինչ չի արել ժխտողականության դեմ պայքարելու համար՝ այն, ինչ խոստացել էր ընտրապայքարի ժամանակ:

Ֆրանսահայերի ակցիաները նպատակ ունեին ցույց տալ, որ այսօրվա Թուրքիան պատրաստ չէ անդամակցել Եվրամիությանը, քանի որ այդ երկրում ժողովրդավարական սկզբունքներից նահանջ է կատարվում, բացի այդ՝ բանախոսները հիշեցրեցին Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական վերաբերմունքը, Հայաստանին պարտադրված շրջափակումը և ասացին, թե համայնքը սպասում է Ֆրանսուա Օլանդից, որ նա Թուրքիային հաղորդի ազատության, ժողովրդավարության և հանդուրժողականության ուղերձը, որում Հայոց ցեղասպանության հարցը չի լինի սքողված, Հայոց ցեղասպանության ճանաչումը կդարձվի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նախապայման:

Ցույցը Փարիզում տևեց մոտավորապես մեկևկես ժամ, և չնայած ցուրտ ու անձրևային եղանակին՝ կար շուրջ 300-400 հոգի, որոնց թվում՝ շատ երիտասարդներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG