Մատչելիության հղումներ

Շաբաթ օրը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ռազմաբժշկական խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին նվիրված խորհրդակցություն:

ՊՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը և Դերենիկ Դումանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության և առողջապահության ոլորտի առաջատար ներկայացուցիչներ, մասնագետներ:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը ներկայացրել է 2013թ. ոլորտում իրականացված աշխատանքները, ընդգծել, որ ռազմաբժշկական ծառայությունը հետևողական է յուրաքանչյուր զինվորի առողջության պահպանման հարցում:

Խորհրդակցության ընթացքում արծարծվել են եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված զորամասերում արձանագրված սուր շնչառական դեպքերը, դրանց զարգացման միտումներն ու կանխարգելման հարցերը: Քննարկվել են նաև նախազորակոչային տարիքի երիտասարդների պատվաստման խնդիրները: Ընդգծվել է, որ նորակոչիկները պետք է ցանկացած տեսակի վարակներից ու հիվանդություններից ապահովագրված մեկնեն ծառայութայն: Այդ նպատակով մի խումբ բժիշկ-մասնագետներ այցելել են տարբեր զորամասեր և ստուգել զինվորների առողջական վիճակը: Ծավալված քննարկման ընթացքում բարձրաձայնվել են ստուգայցերին մասնակցած մասնագետների կողմից արձանագրված ախտանշանները:

Խորհրդակցության արդյունքում որոշվել է ստեղծել ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների համատեղ միջգերատեսչական մասնագիտական խումբ, որը կքննի վերջին շրջանում կայծակնային արագությամբ զարգացող հիվանդությունների առաջացման դրդապատճառներն ու կձեռնարկի անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ:

Հիշեցնենք, վերջին օրերին հիվանդության պատճառով երկու նորակոչիկ է մահացել. պաշտպանության նախարարությունը երկուս դեպքում էլ մահվան պատճառը նշել է արագ զարգացած մենիգիտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG