Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց Ադրբեջանի արտգործնախարարության երեկ տարածած հայտարարությունը, որը հետևել էր Փարիզում հունվարի 24-ին կայացած Նալբանդյան-Մամեդյարով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ համատեղ հանդիպմանը:

Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդգծել է, որ «միջազգային իրավունքի շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորումը տեղի կունենա այնքան արագ, որքան արագ Հայաստանի զինուժը կազատի Ադրբեջանի օկուպացրած տարածքները»: Ըստ ադրբեջանական ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների հիմքն է:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, սակայն, պնդում է, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ադրբեջանի արտգործնախարարության տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը, եթե մեղմ ասենք։ Այնպիսի տպավորություն է որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով է իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն։ Դա տեղի ունեցած հանդիպման էությունը խեղաթյուրում է, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բանակցային գործընթացը ադրբեջանը փորձում է անընդմեջ և շարունակաբար գլխիվայր ներկայացնել»,- ասաց Բալայանը։

Բանակցությունների բովանդակության իրականությունն արտացոլված է թե հայկական կողմի, և թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ, նշում է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակը:

Միջնորդների համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.- «Համանախագահները և նախարարները քննարկեցին խաղաղ կարգավորման գործընթացը առաջ մղելուն վերաբերող հարցեր` հիմք ընդունելով Վիեննայում նոյեմբերի 19-ին կայացած գագաթնաժողովը, ինչին հետևեց դեկտեմբերի 5-ին Կիևում նախարարների հանդիպումը։ Նախարարները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` շարունակել աշխատանքը խաղաղ բանակցային լուծման ուղղությամբ»։

Նախօրեին աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարություն կատարած աշխատանքային այցի ժամանակ հայ ադրբեջանական շփման գծում վերջին օրերին առաջացած լարվածությանն էր անդրադարձել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես չեմ կարող նույնիսկ այսպիսի միջավայրում բացառել և ասել, որ ռազմական գործողություններ չեն լինելու, որովհետև մեր երկրում առնվազն երկու մարդ՝ նախագահը և պաշտպանության նախարարը երևի պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել: Բայց ես դեռևս տեսանելի ապագայում չեմ տեսնում ռազմական գործողությունների սկսում, սակայն եթե մեզ պարտադրեն, մենք ստիպված ենք լինելու կռվել»,- ասել է նախագահը։

Բանակցություններ՝ որպես այդպիսին, ընդհանրապես գոյություն չունեն, դրանք ուղղակի հանդիպումներ են, բանակցային գործընթացի մասին ասում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։

«Տարիներ շարունակ որևէ բան չի փոխվում, Ադրբեջանը նույնն է, անմեղ զինվորները զոհվում են, Հայաստանի մոտեցման մեջ չեմ տեսել որևէ մի նոր էլեմենտ, չկա նման բան։ Որևէ քննարկում Ղարաբաղի հարցի շուրջ գոյություն չունի, ոչ ոք չի հասկանում ինչ են խոսում։ Պատասխանատվությունը այդ նեղ շրջանակի մարդկանց վրա է, նրանք էլ որևէ բան չեն փոխում։ Սա է վիճակը»,- ասաց վերլուծաբանը։

Վերջին շրջանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմաններին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումն ու դիվերսիոն գործողությունների ակտիվացումը Մանվել Սարգսյանը տրամաբանական է համարում:

«Եթե հետևենք վերջին տարիների զարգացումներին, սրացումները շփման գծում
փդրբեջանի կողմից կապված էին հենց սպասվելիք բանակցային հերթական ռաունդի հետ և բազմաթիվ անգամ հենց արտգործնախարարը ընդգծում էր, որ դա Ադրբեջանի դիվանագիտության շարունակությունն է, այսինքն ռազմական դիվանագիտությունն է, փորձ՝ ազդել, թե Հայաստանի, թե միջնորդների վրա նման ձևով»,- ասաց Սարգսյանը։
XS
SM
MD
LG