Մատչելիության հղումներ

Ռուսաստանը խստացնում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր


Հայ աշխատանքային միգրանտները «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Հայ աշխատանքային միգրանտները «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

2014-ի հունվարից Ռուսաստանում ուժի մեջ մտան օտարերկրյա քաղաքացիների՝ երկիր մուտք գործելու և այնտեղ մնալու օրենքներում կատարված փոփոխությունները:

Ըստ նոր՝ խստացված ընթացակարգերի օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն մնալ Ռուսաստանի Դաշնությունում ոչ ավելի քան 3 ամիս՝ 90 օր, որից հետո պետք է լքեն երկիրը: Վերադառնալու իրավունք կստանան միայն ևս 3 ամիս հետո: Օրենքով նախատեսված այս պայմանները խախտելու դեպքում 3 տարով կզրկվեն Ռուսաստան մուտք գործելու իրավունքից: Արտագնա աշխատանքի մեկնողների համար օրենքը նախատեսում է բացառություններ:

«90 օրյա ժամկետից ավելի Ռուսաստանում կարող են գտնվել այն անձինք, ովքեր իրենց գործատուի հետ կունենան աշխատանքային պայմանագիր: Այդ նպատակով խորհուրդ ենք տալիս ՀՀ քաղաքացիներին, ովքեր մեկնում են արտագնա աշխատանքի, պարտադիր կնքեն պայմանագրեր, որպեսզի հանդիսանան գրանցված աշխատող», - ասաց իրավաբան Լիլիթ Ներսեսյանը:

Պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները «Ազատության» հետ զրույցում ասում էին, որ այս խստացումներից հետո արտագնա աշխատանքի մեկնելը խիստ բարդանում է: Նրանք թերահավատ էին, որ իրենց հետ գործատուն այսուհետ կսկսի պայմանագիր կնքել, քանի որ այդ դեպքում պետք է վճարի օրենքով նախատեսված եկամտահարկերը: Նրանք կոռուպցիոն ռիսկեր են տեսնում նոր օրենքում և նշում են, որ այս խստացումը դժվար թե լիարժեք գործի:

«Օրենքը ընդունում են, որ շուտ-շուտ փող աշխատեն, որ 3 ամիսը մեկ տանես փող տաս, որ երկարացնեն ժամկետդ», - ասում են զրուցակիցներս:

Ամեն դեպքում, նույնիսկ աշխատանքային պայմանագրի առկայությամբ, օտարերկրյա քաղաքացին մեկ տարուց ավելի Ռուսաստանի տարածքում գտնվելու իրավունք չունի: Սա վերաբերում է նաև օրենքով նախատեսված՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներին՝ գիտնականներին, արտադրական ոլորտի աշխատողներին, ովքեր ամսական ստանում են 700 հազարից մինչև 2 միլիոն ռուբլի աշխատավարձ:

Այս օրենքը տարածվում է այն երկրների քաղաքացիների վրա, որոնք Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ չունեն, և չնայած Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորների հնչեցրած կարծիքներին, օրենքը բացառություն չի նախատեսում Մաքսային միության կամ ԱՊՀ անդամ երկրների համար: Իրավաբանի կարծիքով՝ խստացումներն ուղղված են նաև Սոչիի օլիմպիադայի մասնակիցների անվտանգությունն ապահովելուն:

«Կարծում եմ, որ օրենքն ունի հետևյալ տրամաբանությունը՝ որ 90 օրից ավելի ՌԴ-ում չգտնվեն այն անձինք, ովքեր չունեն աշխատելու նպատակ, ձևակերպված չեն որպես օրինական աշխատող, այսինքն նրանց՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու պայմանը և ընթացքը լինի օրինական», - նշեց Լիլիթ Ներսեսյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG