Մատչելիության հղումներ

Նախագահը կրկին պաշտպանել է կենսաթոշակային համակարգի բարեփոխումը


Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցում է աշխատանքի նախարարության աշխատակցուհու հետ, 24-ը հունվարի, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցում է աշխատանքի նախարարության աշխատակցուհու հետ, 24-ը հունվարի, 2014

«Ես համոզված եմ, որ այս բարեփոխումն այն համալիր ծրագիրն է, որ հետո կոչելու են պատմական»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխումներին։

Իր խոսքում Սերժ Սարգսյանը կարևորել է սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումները հանրությանը հանգամանորեն և մատչելի ներկայացնելը, ինչը, ըստ նրա, հատկապես արդիական է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարագայում:

Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ Սարգսյանն ասել է՝ անհրաժեշտ է, որ բոլոր պատասխանատուներն առանց զլանալու և համբերատարությամբ շարունակեն մարդկանց ներկայացնել, բացատրել հասարակության համար այս բարեփոխումների կարևորությունը, արդիականությունն ու արդյունավետությունը։

Հիշեցնենք, Սահմանադրական դատարանը ուրբաթ օրը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդվածների կիրառումը մինչև օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը։

Մինչդեռ Սերժ Սարգսյանն իր խոսքում ընդգծել է, որ սոցիալական ոլորտում բարեփոխումները լայն ընթացք ունեն, և պետությունը իրավունք չունի այս ընթացքը դանդաղեցնելու:

«Ես համոզված եմ, որ այս բարեփոխումն այն համալիր ծրագիրն է, որ հետո կոչելու են պատմական. անցնելու են տարիներ, և այսօրվա ձեր կատարած աշխատանքը միայն ու միայն հարգանքի և շնորհակալության է արժանանալու: Ակնհայտորեն և՛ ձեզ, և՛ ինձ համար արդյունքները միգուցե տեսանելի չեն լինելու կամ քչերիս համար են տեսանելի լինելու: Այդուհանդերձ, եթե մենք այսօր լծվել ենք այս աշխատանքին ու խորապես համոզված ենք, որ այս բարեփոխումը ճիշտ է, և սա այն ծրագրերից մեկն է, որ միտված է մեր երկրի ապագային, ապա, նորից եմ կրկնում, պետք է համբերատար, առանց զլանալու բացատրել բոլորին: Մենք պատասխանատու ենք բոլորի համար: Պատասխանատու ենք նաև այն մարդկանց համար, ովքեր այսօր կամ չեն հասկացել այդ բարեփոխման տրամաբանությունը, կամ էլ ընդհանուր դժգոհության ֆոնին ուղղակի չեն ընդունում, չեն ընկալում նաև այս բարեփոխումը: Սակայն, միևնույն է այս մարդիկ էլ են օգտվելու այդ բարեփոխման արդյունքներից: Ուստի, մեկ անգամ ևս, պարո՛ն նախարար, պետք է մոբիլիզացնել ոչ միայն նախարարության ողջ անձնակազմը, այլև տարբեր փորձագետների, տարբեր մարդկանց, մեր համախոհներին, որպեսզի մանրամասն բացատրեն ռեֆորմի էությունը, նշանակությունը, նպատակները: Սա չափազանց կարևոր է»,- ասել է նա։

Նախագահը նա ասել է, որ սոցիալական ոլորտի բարեփոխումները քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման բաղկացուցիչ մասն են, և ակնհայտ է, որ մարդկանց սոցիալական վիճակը հիմնականում կախված է տնտեսական աճից, ցածր գնաճից, որը և հնարավորություն է տալիս աշխատավարձերը բարձրացնել, տարբեր ծախսեր և ներդրումներ անել:

«Այս պահին մենք մեր հիմնական ուշադրությունը դարձնելու ենք տնտեսական աճի աշխուժացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, առավել ևս, որ տարիների ընթացքում իրագործվել են ծրագրեր, որոնք գրեթե հասնում են իրենց եզրափակիչ փուլին, և այս տարի գործարկվելու են մի քանի ձեռնարկություններ, որոնք էական ազդեցություն են ունենալու մեր տնտեսության վրա»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Հիշեցնենք, նախագահը բողոքի բազմաթիվ ակցիաների առիթ հանդիսացած կենսաթոշակային բարեփոխումները պաշտպանել էր նաև անցած տարեվերջին էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
XS
SM
MD
LG