Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Բալայան. Ադրբեջանի ԱԳՆ-ն խեղաթյուրում է բանակցությունների էությունը


Հունվարի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով է իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն»,- գրել է Բալայանը։

Ըստ հայկական կողմի՝ «դա տեղի ունեցած հանդիպման էության խեղաթյուրում է, ինչը ևս մեկ արտահայտություն է բանակցային գործընթացը գլխիվայր ներկայացնելու ադրբեջանական կողմի շարունակական գործելաոճի»:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը, ադրբեջանական APA գործակալության փոխանցամբ, հայտարարել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների հիմքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է»:

Ուրբաթ օրը Փարիզում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն էր հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունների վրա, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG