Մատչելիության հղումներ

logo-print

Հարությունյանը վստահ է, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության լիազորությունները կհաստատվեն


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը համոզված է, որ գալիք երկուշաբթի մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանում պատվիրակության լիազորությունները հաստատվելու են:

«Բացարձակ վստահություն ունեմ, որ հանձնաժողովը հանգելու է այն եզրակացության, որ Հայաստանի Ազգային ժողովը կանոնակարգի դրույթների որևէ խախտում կատարել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հարությունյանը:

Հիշեցնենք. կազինոյում խաղալու մասին ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի հարց հղելու հաջորդ իսկ օրը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հունվարի 1-ից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ընդգրկված չի լինի հայաստանյան պատվիրակության կազմում, իսկ նրա տեղը կզբաղեցնի Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ):

Փոստանջյանը, սակայն, վստահ է, որ իր լիազորությունները կվերականգնվեն: Նա հոկտեմբերից նամակներ է հղում Խորհրդարանական վեհաժողովի տարբեր պաշտոնյաներին:

Լիազորությունների հարցը կարող է քննարկման առարկա դառնալ, եթե 10 պատգամավոր ոտքի ելնի ու պահանջի դա: Դավիթ Հարությունյանի կարծիքով, 10 պատգամավոր անշուշտ կգտնվի. գործընթացի կազմակերպությումը բացարձակապես դժվար չէ: Բայց դա նրան այնքան չի հուզում, որ պատվիրակության իշխանական ղեկավարն անգամ չի պատրաստվում Հայաստանի շահերը պաշտպանել. - «Պաշտպանելու կարիք չկա: Ես Ձեզ ընդամենը ասում եմ արդյունքը և ասում եմ իմ կարծիքը, որ այդ արդյունքը հարյուր տոկոսանոց երաշխիք ունի»:

Հարությունյանը հաստատեց, որ Փոստանջյանը հենց Սերժ Սարգսյանին ուղղված հարցի համար է հանվել պատվիրակության կազմից. - «Դա նսեմացնող քայլ էր: Ոչ թե երկիրը նսեմացնող, այլ ընդդիմությունը և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում քաղաքական պայքարը նսեմացնող քայլ էր»:

Հայկական պատվիրակության մշտական անդամ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը newsbook կայքին տված հարցազրույցում ասել է, որ եթե Եվրոպայի խորհրդում քննարկվի հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը, նա ոտքի կկանգնի` ի աջակցություն իր գործընկերոջ` Զարուհի Փոստանջյանի:

Պատվիրակության մյուս հիմնական անդամը`Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ ինքը չի աջակցի մեր պատվիրակության լիազորությունների չհաստատման հարցին. - «Չեմ կանգնի ոտքի` վիճարկելու հայկական պատվիրակության մանդատի, լիազորությունների հարցը, որովհետև ցանկացած սոլիդարնոստ պիտի տեղավորվի տրամաբանության մեջ: Եթե ես տեսնեի մեկ նշույլ անգամ, որ խախտվել է ԵԽԽՎ կանոնակարգը պատվիրակությունների կազմավորման վերաբերյալ, ապա, բնականաբար, անպայմանորեն չէի լռի: Որևէ դրույթ չի խախտվել»:

Փոստանջյանի փոխարեն Ստրասբուրգ մեկնող Մհեր Շահգելդյանը «Ազատության» հետ զրույցում պատվիրակության անդամի իր պարտականությունները կարճ ձևակերպեց` Հայաստանի շահերից բխող գործունեություն է ծավալելու:

Շահգելդյանը չի աջակցելու հայկական պատվիրակության լիազորությունները հարցականի տակ դնելու գործընթացին. - «Ես չեմ կանգնի: Որովհետև, եթե Դուք ուշադրություն եք դարձրել, «Օրինաց երկիր» կուսակցությունը մինչև այս գումարման խորհրդարանը եղել է մշտապես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կազմում, և մենք մշտապես աշխատել ենք այնտեղ»:

Զարուհի Փոստանջյանը, մինչդեռ, կարծում է, թե քանի դեռ չի հաստատվել պատվիրակության նոր կազմը, ինքը դրա անդամ է: Այս կարծիքը, սակայն, չի կիսում Ազգային ժողովը, որը հրաժարվել է ֆինանսավորել ընդդիմադիր պատգամավորի` Ստրասբուրգ մեկնելու ծախսերը: Նստաշրջանին մասնակցելու հրավերը, հիշեցնենք, Փոստանջյանը ստացել է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից:

Զարուհի Փոստանջյանն այժմ ուսանում է Միացյալ Նահանգներում, և առայժ պարզ չէ, կմեկնի՞ Ստրասբուրգ, թե՞ ոչ:
XS
SM
MD
LG