Մատչելիության հղումներ

Ցուցարարները Կիևի կենտրոնում նոր բարիկադներ են կառուցում


Եվրոմայդան, Կիև, 24 հունվարի, 2014թ.

Եվրոմայդան, Կիև, 24 հունվարի, 2014թ.

Ընդդիմությունը պնդում է, որ շարունակելու է պահանջել կառավարության հրաժարականը։

Ընդդիմության և իշխանության հանդիպումները դեռ ապարդյուն են

Ընդդիմադիր ակտիվիստները Կիևում ընդարձակում են ճամբարը։ Նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության լիդերների, ըստ էության, անպտուղ բանակցություններից հետո նրանք Անկախության հրապարակում երեկվանից նոր բարիկադներ են տեղադրում։

Երեկ ընդդիմության ղեկավարները չորս ժամ բանակցել են Յանուկովիչի հետ։ Ցուցարարներն ավելի ուշ մերժել են նախագահի առաջարկած փոխզիջումները։ Ըստ բանագնացների, նախագահը խոստացել է, որ նոր ձերբակալություններ չեն լինի, իսկ արդեն կալանքի տակ գտնվողներն ազատ կարձակեն։

Սակայն, ինչպես ասել է «ՈԻԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, Յանուկովիչը մերժել է կառավարության հրաժարականի պահանջը։

Կլիչկոն և Օլեհ Տյահնիբոկը Հրուշևսկու փողոցում անցած գիշեր հանդիպել են ցուցարարներին և հորդորել են նրանց առաջիկա ժամերին չդիմել կտրուկ և հարձակողական քայլերի։

«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել` մինչև ուրբաթ առավոտ մենք շարունակելու ենք ճնշում գործադրել ու պահանջել կառավարության հրաժարականը»,- ասել է Կլիչկոն։

Այսօր Կլիչկոն, Տյահնիբոկը և ընդդիմադիր մեկ այլ առաջնորդ` Արսենի Յացենյուկը, նորից պետք է հանդիպեն Յանուկովիչի հետ։

Հանրահավաքներ մարզերում

Մինչդեռ, բողոքի ալիքը տարածվել է Լվով, Չերկասի, Ժիտոմիր և Ուկրաինայի այլ շրջաններ։ Իվանո-Ֆրանկովսկում մոտ 5 հազար ցուցարար հավաքվել է տեղական վարչակազմի շենքի մոտ և պահանջել են ղեկավարության հրաժարականը։ Հետաքրքիր է, որ ռուսաստանյան լրատվամիջոցներն այդ ակցիայի մասնակիցներին անվանում են «խռովարարներ»։

Վոլինսկի շրջանային խորհրդի նախագահ Վլադիմիր Վոյտովիչը հրաժարական է ներկայացրել։ Ցույցը վարչակազմի շենքի մոտ հիմա էլ է շարունակվում։ Հանրահավաքներ են Տերնոպոլում, Խմելնիցկում և Ռովնոյում։

Ուկրաինայի խորհրդարանը` Գերագույն ռադան, պետք է գալիք երեքշաբթի գումարի արտահերթ նստաշրջան և քննարկի երկրում ստեղծված կացությունը։

Սպանվածների թվի վերաբերյալ հակասական տեղեկություններ

Ուկրաինայում բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ նախագահ Վիկտոր Յանուկովիչը սառեցրել է Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը և գործարք է կնքել Մոսկվայի հետ։ Մայրաքաղաք Կիևի «Մայդան Նեզալեժնոստին»` Անկախության հրապարակը, դարձել է ընդդիմադիրների հավաքատեղին և անդադար ցույցերի վայրը։

Անցած կիրակի օրը բախումները թեժացել են։ Սպանվել է առնվազն երեք ակտիվիստ։ Նրանցից մեկը ծագումով հայ երիտասարդ Սերգեյ Նիկոյանն է, ով ցույցերին մասնակցելու համար Դնեպրոպետրոսկից էր մեկնել Կիև։ Երիտասարդի ծնողները Հայաստանի Տավուշի մարզից են տեղափոխվել Դնեպրոպետրովսկի շրջան։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ զոհված ցուցարարներից երկուսը հրազենից է սպանվել, սակայն պնդել է, որ ոստիկանները դրա համար պատասխանատվություն չեն կրում։

Ընդդիմությունը հայտարարում է, որ վերջին ընդհարումների ընթացքում 5 մարդ է սպանվել, սակայն պաշտոնական աղբյուրներն այդ տեղեկությունը դեռ չեն հաստատում։

Ռուսամետ ուժերը արտակարգ դրություն են պահանջում

Ակտիվանում են նաև Ուկրաինայի նախագահին սատարող ռուսամետ ուժերը։ Ղրիմի խորհրդարանը Յանուկովիչին կոչ է անում երկում արտակարգ դրություն մտցնել։

«Բռնությունը քաղցկեղի նման տարածվում է կիևյան Մայդանից։ 7 շրջաններում ծայրահեղականները գրոհում են պետական կառույցների վրա և իշխանության ապօրինի մարմիններ են ձևավորում։ Վտանգը սպառնում է Ուկրաինայի սահմանադրական կարգին և պետական կառավարմանը։ Ամենաթողությանը և բռնություններին վերջ տալու համար պետք է արտակարգ դրություն հայտարարել։ Եթե մեր ձայնը ժամանակին լսեին, այսօր երկիրը չէր հայտնվի քաղաքացիական պատերազմի շեմին»,- ասվում է Ղրիմի խորհրդարանի հատարարությունում։

Human Rights Watch-ն այսօր Կիևից պահանջել է հետաքննել մեծ թվով ակտիվիստների դաժան ծեծի ենթարկելու, երկուսին առևանգելու և երեքին սպանելու հանգամանքները։

Մոսկվան անհանգստացած է

«Ինտերֆաքս»-ի ուկրաինական ծառայության փոխանցմամբ, այսօր Մոսկվայում Ուկրաինայի հարցը քննարկվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում, որին մասնակցել են նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, խորհրդարանի երկու պալատների նախագահներ Վալենտինա Մատվիենկոն և Սերգեյ Նարիշկինը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևն ու խորհրդի մշտական անդամ Բորիս Գրիզլովը։

Հրիվնայի արժեզրկում, ինչո՞ւ հիմա

Այսօր նաև փոքր-ինչ անսպասելի լուր է ստացվել Կիևից։ Իշխանությունները արժեզրկել են ազգային տարադրամը` հրիվնան։

Փորձագետների համոզմամբ, դա կարող է ինքնին ճիշտ լինել տնտեսությունը խթանելու համար, սակայն չափազանց վտանգավոր վճիռ, եթե հաշվի առնել դրա ընդունման ժամանակը։ Փողի արժեզրկումը հարված կհասցնի ցածր եկամուտով մարդկանց, ովքեր մեծամասնություն են կազմում Ուկրաինայում, ինչն էլ ավելի կսրի ընդհանուր դժգոհությունը։
XS
SM
MD
LG