Մատչելիության հղումներ

Հունվարի 23-ի երեկոյան հակառակորդի գնդակից ոտքից վիրավորվել է Տավուշի մարզի Այգեպարի բնակչուհի 16-ամյա Լիանա Անիկյանը։

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Լիանան հրամանատարի դուստ է։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Արդեն մի քանի օր է ադրբեջանական կողմը կրակի տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը։ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչներն ասում են, որ կրակոցներ թեև ամեն օր են լինում, բայց վերջին օրերին դրանց թիվը անհամեմատ ավելացել է։

Բնակիչները հերքեցին մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իբր իրենք խուճապի մեջ են, իրենց տարհանում են։ Անգամ զարմացան ու զայրացած էին այս ապատեղեկատվությունից։

«Ոչ մեկը գյուղը չի լքել, ոչ մեկին չեն տարհանել, թող իզուր մեր սահմանը պահող զինվորներին խուճապի չմատնեն»,- ասաց ներքինկարմիրաղբյուրցի մի կին։

«Սահմանը թողնում ենք, ո՞ւր գնանք, դա մեր տունն է, մեր տեղը, տենց բան չկա»,- ասաց մեկ ուրիշը։

Իրավիճակը սահմանին սրվել է ադրբեջանական դիվերսիայի հաջորդող օրերին։ Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ լարվածությունը հասել է իր գագաթնակետին։

Սահմանամերձ գյուղի բնակիչները պատմում էին, որ կրակոցների ժամանակ իրենք թաքնվում են, պատուհանների մոտ չեն կանգնում, ապահովության համար հոսանքն ու գազն անջատում են։

Ավելի վաղ ադրբեջանական կողմից արձակված գնդակներից վնասվել էր Մովսես գյուղի գազատարը, գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր։
XS
SM
MD
LG