Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը զորակցություն է հայտնում Ուկրաինայի ժողովրդին


«Ժառանգություն» կուսակցության համագումարը, մարտ, 2012թ․

«Ժառանգություն» կուսակցության համագումարը, մարտ, 2012թ․

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում ևս մեկ անգամ զորակցություն է հայտնում Ուկրաինայի ժողովրդին, ընդդիմադիր գործընկերներին՝ «հանուն ազատության, իրավունքի և Ուկրաինայի նրանց մղած պայքարում»:

«Ժառանգություն» կուսակցությունը 2013-ի նոյեմբերին Կիևի Եվրամայդանի ձևավորումից ի վեր հետևում է երկրում ծավալվող իրադարձություններին, որոնք Ուկրաինայի իշխանությունների կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու արդյունք են, և հայտարարել է Ուկրաինայի ժողովրդի հետ համերաշխության մասին», - ասված է հայտարարությունում: - «Վերջին շաբաթվա ընթացքում, դժբախտաբար, իշխանությունների և հասարակության միջև դիմակայությունը հատեց թույլատրելիի սահմանը, ցուցարարների հանդեպ գործադրված բիրտ ուժի հետևանքով եղան զոհեր: «Ժառանգություն»-ը ցավակցում է զոհերի, նրանց թվում՝ մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանի հարազատներին, մտերիմներին ու զինակիցներին»:

«Իբրև մարտմեկյան ողբերգություն վերապրած երկրի քաղաքական ուժ՝ դատապարտում ենք բռնությունը, հասարակության բողոքի ձայնը կոպտորեն լռեցնելու, սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու՝ կառավարությունների գործելաոճը», - հայտարարում է «Ժառանգություն»-ը:

Նշելով, որ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը հետագա արյունահեղության տագնապ է ստեղծում, հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունը հորդորում է միջազգային կառույցներին՝ ՄԱԿ, ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, իրենց մանդատի շրջանակում անհապաղ ձեռնարկել քննարկումներ ու քայլեր` Ուկրաինայում բռնությունը դադարեցնելու և ճգնաժամին քաղաքական լուծում տալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG