Մատչելիության հղումներ

Կորեական արձակուրդ. Նախագահ Սարգսյանը վերականգնողական բուժում է ստացել Սեուլում


Արտապատկերում Chosun.org կայքից
Արտապատկերում Chosun.org կայքից
«Հայաստանի նախագահը` Կորեայի առողջապահական տուրիստների շարքում». այս վերնագրի ներքո կորեական chosun.com կայքը տեղեկացնում է, որ Կորեայի ծաղկող առողջապահական տուրիստական ինդուստրիան առաջին անգամ իր հարկի տակ ընդունել է այլ պետության ղեկավարի` Հայաստանի նախագահին, ով վերականգնողական բուժում է ստացել:

Կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի նախագահին հունվարի 9-ին Գանգնամում (հարուստ թաղամաս մայրաքաղաք Սեուլում) գտնվող «Չաում» վերականգնողական կենտրոն է ուղեկցել սև «Սեդան»-ներից կազմված ավտոշարասյունը: Ըստ հրապարակման, Սերժ Սարգսյանին ուղեկցել են նախկին Խորհրդային Միության արբանյակ երկրի նախկին ղեկավարը և ծնունդով հայ, ռուսաստանցի գործարարը, ով նաև անցած տարի ուղեկցում էր պաշտոնական այցով Կորեա ժամանած Վլադիմիր Պուտինին, և օգտվել է վերականգնողական կենտրոնի ծառայություններից:

Կայքը իբրև ապացույց հրապարակել է մի լուսանկար, որտեղ Սերժ Սարգսյանը նստած է՝ շրջապատված կորեացի բժիշկներով: Լուսանկարում նաև երևում են նրան ուղեկցողները՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Վաչիկ Ղազարյանը: Թե ով է «նախկին Սովետական Միության արբանյակ երկրի նախկին ղեկավարը», լուսանկարում չի երևում, սակայն մամուլի փոխանցմամբ՝ հիշատակված անձը Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն է:

Այսպիսով, ըստ հրապարակման, Սերժ Սարգսյանը, Արա Աբրահամյանը և նախկին Խորհրդային Միության արբանյակ երկրի նախկին ղեկավարը «Չաում» վերականգնողական կենտրոն են այցելել մեկ շաբաթ՝ ամեն օր: Նրանք կենտրոնում ենթարկվել են ցողունային բջիջների թերապիայի, երիտասարդացման թերապիայի, ինչպես նաև կատարել են մարմնի հարթեցում, մերսում և քաշի կարգավորում: Հրապարակման համաձայն՝ այս ամենի համար խումբը վճարել է հարավկորեական 200 միլիոն վոն կամ մոտ 186 հազար դոլար, և կլինիկան լքել են հունվարի 17-ին:

Chosun.com կայքը նաև տեղեկացնում է, որ Սեուլում գտնվող վերականգնողական այդ կենտրոնը բացվել է 2010-ին, ուր աշխարհի տարբեր ծայրերից մեծահարուստները ժամանում են սեփական ինքնաթիռներով։ Նրանց մեջ են եղել նաև Չինաստանի և Կանադայի մեծահարուստ գործարարները, Ղազախստանի վարչապետը, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների թագավորական ընտանիքի անդամները:

Հիշեցնենք, Հայաստանի նախագահի գրասենյակը հունվարի 7-ին հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդի, որն անցկացնելու է արտերկրում: Թե կոնկրետ որտեղ, չէին մանրամասնել: Կորեական կայքի այսօր հրապարակած հոդվածի համաձայն, Սերժ Սարգսյանը Հարավային Կորեայի հիշյալ կենտրոն այցելել է հունվարի 9-ից և այն լքել հունվարի 17-ին:

Ուշագրավ է, որ «Հայկական ժամանակը» դեռ հունվարի 16-ին գրել էր, որ արտերկրում գտնվող Սերժ Սարգսյանը Կորեայի կլինիկաներից մեկում ցողունային բջիջների իմպլանտացիա է արել, ինչը նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը: Սակայն նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, ի պատասխան «Ա1+»-ի հարցի, հունվարի 21-ին հերքել էր այդ տեղեկատվությունը՝ որակելով դրանք անհեթեթ ասեկոսեներ:

Այսօր արդեն, երբ հայկական ու կորեական կայքերը ողողված են Սերժ Սարգսյանի՝ Հարավային Կորեա կատարած այցի մասին տեղեկություններով, նախագահի մամուլի խոսնակն արդեն հաստատում է, որ արձակուրդի ընթացքում Սարգսյանը նաև առողջապահական կենտրոն է այցելել, սակայն ոչ թե բուժման, այլ կանխարգելիչ առողջարարական նպատակներով: Epress.am-ի հարցին ի պատասխան՝ Սաղաթելյանը նաև ասել է, թե հիշատակված ծախսը՝ (մոտ 180 հազար դոլարը) ոչ թե միայն նախագահի, այլ ամբողջ խմբի կողմից ստացած ծառայությունների վճարն է:

«Սերժ Սարգսյանին մատուցված ծառայությունների վճարն ամբողջի մի մասն է միայն, որը շատ անգամ պակաս է նշված գումարից, և այդ մասի վճարումը կատարվել է նրա անձնական հայտարարագրված միջոցների հաշվին»,- պարզաբանել է նախագահի խոսնակը։

Հետաքրքիր է, որ Հարավային Կորեայում ցողունային բջիջների միջոցով օրգանիզմը երիտասարդացնելու մասին մամուլում դեռ անցած շաբաթ հայտնված լուրերից մի քանի օր հետո Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատեց Հարավային Կորեայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին, ով վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է: Թե արդյոք դեսպան Սարգսյանին պաշտոնանկ անելը կապ ուներ ինֆորմացիոն արտահոսքի և կորեական կայքերում այսօր արդեն հայտնված աղմկահարույց լուսանկարի հրապարակման հետ, դեռևս պարզ չէ:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը տեղի ունեցածը «սկանդալ և խայտառակություն» է համարում: Վերջինիս փոխանցմամբ՝ իշխանությունները պարբերաբար սկանդալային պատմությունների մեջ են հայտնվում, քանի որ գործում են ժողովրդավարության չափանիշների հակառակ:

«Եթե առողջության հետ կապված խնդիրներ կան, դա պետք է բաց ներկայացվեր մեր հասարակությանը։ Հիմա պարզվում է, որ փորձել են թաքցնել, և անգամ թաքցնելը իրենց մոտ չի ստացվել։ Ժողովրդից ուզում են թաքցնել այն հանգամանքը, որ կան առողջական խնդիրներ, և, ըստ էության, երկրի ղեկավարը միգուցե ադեկվատ վիճակում չի գտնվում երկրի կառավարման համար»,- ասաց Զուրաբյանը։

Անդրադառնալով հարավկորեական կայքի այն տեղեկությանը, որ Սերժ Սարգսյանը նաև երիտասարդացման թերապիա է անցել, Զուրաբյանը ընդգծեց, թե արհեստական երիտասարդացումը նրան ոչինչ չի տա:

«Փաստորեն ինքը չի հասկանում, որ երիտասարդ լինում են ներսից։ Մեզ ոչ թե պետք են մարմնով և տարիքով երիտասարդ, այլ՝ ոգով և մտքով երիտասարդ ղեկավարներ։ Իսկ դա որևէ երիտասարդացման պրոցեդուրաներով չլուծվող հարց է»,- ասաց Զուրաբյանը։

Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ չունի։

«Անհանգստացողներին տեղեկացնեմ, որ նախագահը շատ առողջ է, առույգ է և իրականացնում է իր պարտականությունները: Երեկ էլ նա 2.5 ժամ վարել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նախագահի առողջությամբ անհանգստացողներին ցանկանում եմ առողջություն»,- ասաց Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG