Մատչելիության հղումներ

Լեգենդար «Մակինտոշ»-ի 30-ամյակը


Apple Computer ընկերության կառավարիչների խորհրդի նախագահ Սթիվ Ջոբսը ներկայացնում է «Մակինտոշ 128» համակարգիչը, 24 հունվարի, 1984թ. Կուպերտինո, Կալիֆորնիա, ԱՄՆ։

Apple Computer ընկերության կառավարիչների խորհրդի նախագահ Սթիվ Ջոբսը ներկայացնում է «Մակինտոշ 128» համակարգիչը, 24 հունվարի, 1984թ. Կուպերտինո, Կալիֆորնիա, ԱՄՆ։

1984 թվականի հունվարի 24-ին Սթիվ Ջոբսը ներկայացրեց «Մակինտոշ 128 կիլոբայթ» համակարգիչը, որը դարձավ IBM ընկերության արտադրանքի թիվ մեկ մրցակիցը։

Այս տարվա հունվարի 24-ը հիշարժան օր է համակարգիչների հետ շփում ունեցեղ մարդկանց համար, իսկ եթե հաշվի առնենք, որ մեր մոլորակն այլևս չի կարելի պատկերացնել առանց կոմպյուտերների, ապա կարելի է ասել, որ այս օրը կարևոր է ամբողջ աշխարհի համար։

Ճիշտ 30 տարի առաջ` 1984 թվականի հունվարի 24-ին Apple Computer ընկերության բաժնետերերը հավաքվել էին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գտնվող Կուպերտինո ավանի «Ֆլինթ Սենթեր» սրահում, որտեղ հանճարեղ Սթիվ Ջոբսը` այն ժամանակ ընկերության կառավարիչների խորհրդի ընդամենը 29-ամյա նախագահը, պետք է ներկայացներ հերթական գլուխգործոցը։

Թե՛ Ջոբսի օրոք և թե՛ նրա մահից հետո Apple-ի ցանկացած նոր արտադրանքի շնորհանդեսը վերածվում է իսկական շոուի, որի ամենակարևոր պահը բուն սարքը մարդկանց ներկայացնելն է։ iPhone-ը կամ iPad-ը Ջոբսը կարող էր, ասենք, գրպանից հանել, մինչդեռ հեռավոր 1984-ին այդպիսի չափեր գոյություն չեն ունեցել։

Apple Macintosh-ը, որի տեխնիկական անունն էր «Մակինտոշ 128 կիլոբայթ», 7․5-կիլոգրամանոց քառակուսի փոքրիկ արկղ էր` այն ժամանակ դա էր, երևի, նանոտեխնոլոգիան: Որովհետև, այնուամենայնիվ, այն հնարավոր էր վերցնել, դնել պարկը և տանել տուն, գրասենյակ, որևէ տեղ։ Ջոբսը պարկից հանել էր համակարգիչը, միացրել և մի կողմ կանգնել։ Բոլորը հասկացել էին, որ դա շոուի դրվագներից մեկն է, ներկաները չէին սխալվել, վայրկյաններ անց Ջոբսի այդ զավակը նրանց դիմել էր ռոբոտի ձայնով․ - «Բարև, ես Մակինտոշն եմ, ինչ լավ է, որ վերջապես դուրս եկա այս պարկից»։

128 կիլոբայթ հիշողություն, 400 կիլոբայթի ֆլոփի-սկավառակ։ Սարքն ուներ համակարգչային գրաֆիկայի հնարավորություն։ Դա, իհարկե, արդեն նորություն չէր, բայց այն ժամանակ կոմպյուտերային գրաֆիկայով համակարգիչների գինը հասնում էր 10 հազար դոլարի, ինչը պարզապես մատչելի չէր մարդկանց մեծամասնության համար, մինչդեռ «Մակինտոշ 128 կիլոբայթ»-ի գինը 2․5 հազար դոլար էր։

Իսկ կարևորն այն էր, որ այս «Մակ»-ի թողարկմամբ ավարտվեց «Այ-Բի-Էմ»-ների տիրապետությունը։ Ծնվեց այլընտրանք, «Մակինտոշ»-ը մարտահրավեր նետեց իր հավերժ մրցակից, գերհզոր «Այ-Բի-Էմ»-ին։ Երկու ընկերությունները այդ մրցակցության արդյունքում սկսեցին արտադրել ավելի հզոր սարքեր։ Այդ երկու լեգենդար ընկերություններն առաջ տարան համակարգիչների զարգացումը։ Այդ ամենից շահեցինք բոլորս, ամբողջ աշխարհը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG