Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ը վերագործարկելու հավանականությունը նվազում է


4 տարի հարկադիր պարապուրդի մատնված «Նաիրիտ»-ը վերագործարկելու հավանականությունը ավելի է նվազում:

Մոսկվայի արբիտրաժային դատարանը երեկ կայացրած որոշմամբ «Նաիրիտ»-ի սեփականատիրոջը պարտավորեցրել է ԱՊՀ Միջպետական բանկին վճարել 107 մլն ԱՄՆ դոլար՝ չկատարված վարկային պարտավորությունների դիմաց:

Հիշեցնենք, որ 2006-ին կառավարությունը «Նաիրիի»-ի 90 տոկոս բաժնեմասը վաճառեց Rhinoville Property Limited օֆշորային ընկերությանը, որը պարտավորվում էր մինչև 2012 թվականը 120 մլն դոլարի ներդրում կատարել գործարանում: Սակայն ներդրումներ չկատարվեցին, ավելին՝ գործարանը 2010 թվականից գործնականում պարապուրդի մատնվեց` էլեկտրաէներգիայի համար կուտակած 1 միլիարդ դրամի պարտքի պատճառով:

«Նաիրիտ»-ը փաստացի 4 տարի է, ինչ արտադրանք չի տալիս, 2000 աշխատակիցները հարկադիր պարապուրդում են, ստանում են իրենց աշխատավարձի 2/3-ը: Գործարանի աշխատակիցները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացրել այս տարիներին՝ պահանջելով իրենց աշխատավարձերը, որոնք ստանում էին ուշացումներով կամ առհասարակ չէին ստանում: «Նաիրիտ»-ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանի փոխանցմամբ՝ այսօվա դրությամբ՝ գործարանը աշխատակիցներին պարտք է 1 տարվա աշխատավարձ, մոտ 12 մլն ԱՄՆ դոլար:

«Ռոսնեֆտ»-ը այսօր գործարանի վերաբերյալ բանակցություններ է վարում կառավարության հետ, և արդեն հուշագիր է ստորագրվել: Խոսել այն մասին, թե «Նաիրիտ»-ը կարող է չաշխատել, պարզապես աբսուրդ է: Այդ դեպքում 4 տարի գործարանը պարապ կանգնեցնելը, այսքան աշխատակիցներին պահելը, աշխատավարձ վճարելը ուղղակի անիմաստ կլիներ», - ասաց Անուշ Հարությունյանը:

Նա 107 մլն դոլարով տուգանվելու փաստը չմեկնաբանեց, ասաց, որ դա սեփականատերը պետք է անի, իսկ գործարանի սնանկացման մասին խոսակցությունները անիմաստ համարեց:

Ինչպես է վճարելու այս գումարը «Նաիրիտ»-ի սեփականատերը, դեռ հայտնի չ. օֆշորային այս ընկերության և դրա պատասխանատուների մասին որևէ հասանելի տեղեկատվություն չկա: «Սիվիլնեթ»-ի տնտեսական վերլուծաբան Արմենակ Չատինյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ միայն «Նաիրիտ»-ի ֆինանսական հաշվետվություններից պարզ երևում է, որ ընկերությունն արդեն սնանկ է, իսկ «Ռոսնեֆտ»-ին, «Նաիրիտը» ձեռք բերելու դեպքում, կանցնեն նաև գործարանի պարտքերը:

«Հասկանալի է, որ Rhinoville-ը նման գումարներ չունի և իրականում չի էլ վճարելու: Պարզապես կարող է տեղի ունենալ բռնագանձում, և հօգուտ ԱՊՀ Միջպետական բանկի պաշտոնապես կարող են բռնագանձվել «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը, որոնք գործարանի սեփականատերը գրավ էր դրել այդ բանկում», - նշեց տնտեսագետը:

Չատինյանի խոսքով` «Նաիրիտ»-ի հետ կապված ողջ գործարքը բավականին բարդ և մութ կողմեր ունի, և դա, իհարկե, չէր կարող կատարվել առանց բարձրաստիճան պաշտոնյաների գիտության և միջամտության․ ինչպե՞ս և ինչո՞ւ է կառավարությունը երբեմնի քիմիական արդյունաբերության հսկան վաճառել օֆշորային ընկերությանը, ինչպե՞ս է այդ ընկերությունը վարկ ստացել ԱՊՀ Միջպետական բանկից, որի նախագահը, ի դեպ, 2006-ին Հայաստանի ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանն էր (2006-ին Հայաստանի ԿԲ նախագահ), ինչո՞ւ ԱՊՀ Միջպետական բանկը վարկի մարմանը հատկացված ողջ ժամանակահատվածում որևէ քայլ չի ձեռնարկել, չնայած այդ ընթացքում բանկին ոչ մի դրամ չի փոխանցվել. այս հարցերն է հնչեցնում փորձագետն ու շարունակում․ - «Եթե բիզնես տրամաբանությամբ և վարկի գործունեության տեսակետից ենք նայում, Rhinoville-ը վարկ չէր կարող ստանալ ԱՊՀ Միջպետական բանկից: Կառավարությունը իրավունք չուներ օֆշորային ընկերությանը, որը որևիցե գումարներ չուներ, վաճառել «Նաիրիտ»-ը»:

Հավելենք, որ «Նաիրիտ»-ի 10 տոկոս բաժնեմասը պատկանում է կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության: Այստեղից խոստացան խնդրին արձագանքել վաղը:
XS
SM
MD
LG