Մատչելիության հղումներ

logo-print

Նավասարդյանը կարևորում է ԵՄ պատժամիոցների կիրառումը


Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը հույս ունի, որ Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ, եթե նրանք չկատարեն ընդդիմության ու Մայդանում հավաքվածների պահանջը։

Ընդդիմությունը Ուկրաինայի նախագահից պահանջում է պաշտոնանկ անել կառավարությանն ու արտահերթ ընտրություններ անցկացնել։

Նավասարդյանը միացել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության իր գործընկերների՝ օրերս տարածած հայտարարությանը նաև այն պատճառով, որ Ուկրաինայի դեպքերը չկրկնվեն Հայաստանում, իսկ նման գործելակերպով իշխանությունների հետագա գործողությունները հնարավոր լինի կանխել։

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի 18 անդամ, այդ թվում և Նավասարդյանը, դիմել են Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կոչ անելով առաջին հերթին պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ։ Նրանք անցել են կարմիր գիծը, նկատում է Նավասարդյանը։

«Ուկրաինան ցույց տվեց, որ ետ է կանգնում Եվրամիության հետ հարաբերություններում ստանձնած իր շատ պարտավորություններից և շարժվում է զարգացման մեկ այլ ուղղությամբ։ Եթե ժողովրդի լեզվով խոսենք, Ուկրաինան «քցում» է Եվրամիությանը»,- ասաց Նավասարդյանը։

Վկայակոչելով Ուկրաինայի իշխանությունների ոչ ժողովրդավարական գործելակերպը, Նավասարդյանը նկատում է, որ փաստորեն տարիներ շարունակ Եվրամիության փողերով բարեփոխումներ իրականացրած երկրի իշխանությունները հատկապես վերջին օրերին նահանջ ապրեցին։ Թեև Հայաստանի պարագայում այս պահին որևէ հիմքեր չկան նման մտավախության համար, բայց դեպի Մաքսային միություն ձգտող Հայաստանում ապագայում չի բացառվում նմանօրինակ դեպքերով սցենարները, շեշտում է Նավասարդյանը։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե համապատասխան զարգացում տեղի է ունեցել Ուկրաինայում, նույնը ի վերջո կարող է տեղի ունենալ Հայաստանում, քանի որ մենք ոչ միայն ընտրում ենք մեր առևտրային և տնտեսական հարաբերությունների համար հիմնական գործընկեր, նաև ընտրում ենք երկրի զարգացման, կառավարման այլ մոդել, որը կարող է ենթադրել սահմանափակումներ նաև մարդու իրավունքների և ազատությունների ոլորտում»,- ասաց նա։

Նավասարդյանն ու Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի ու Ադրբեջանի գործընկերները Եվրամիությանն առաջարկել են մի շարք պատժամիջոցների ենթարկել Ուկրաինայի կառավարությանը, առաջին հերթին այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել վերջերս ընդունված օրենքներին։

Հիշեցնենք, Ուկրաինայի իշխանությունները խստացրել են օրենսդրությունը, երկրի խորհրդարանն ընդունել է ցույցերը կոշտ և արագ մեթոդներով ցրելու օրինագծեր, խստացրել է հանրահավաքների անցկացումը և լրամշակել է օրենքը, որով մեծամասնություն կազմող իշխող կուսակցությունը կարող է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել չափազանց ակտիվ ընդդիմադիր գործընկերներին։

«Փորձեն սանկցիաներ կիրառել այդ մարդկանց սեփականության նկատմամբ, որը կա Եվրամիության բանկերում և այլուր, և վերջապես արգելել այդ մարդկանց մուտքը Եվրամիության երկրներ»,- պարզաբանեց Նավասարդյանը։

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված հայտարարությունում վեց երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նաև առաջարկում են պարտադրել այդ երկրներին Եվրամիության հետ ստորագրել մի փաստաթուղթ՝ խարտիա, որը կպարտավորեցնի այդ երկրների ղեկավարներին առաջնորդվել մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության սկզբունքներով, իսկ դրանք խախտելու դեպքում կարժանանա Եվրամիության պատժամիջոցներին։ Նավասարդյանը հույս ունի, որ իրենց կոչը դրական արձագանքի կարժանանա։

Եթե այդ երկրի իշխանությունները չընդունեն ընդդիմության ու հանրության պահանջը արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, Եվրամիության կողմից պատժամիջոցները չեն ուշանա, կարծում է Նավասարդյանը։

Լրագրող, ակտիվիստ Գայանե Առուստամյանը ևս մասնակցել է Մայդանի ցույցներին, աջակցել ուկրիանացի համախոհներին։ Անցած դեկտեմբերին նա Կիևում էր։ Ակտիվիստ-լրագրողը նույն ձեռագիրն է տեսնում Կիևի ու 2008-ի Երևանի դեպքերը համեմատելիս։ Սակայն Առուստամյանը համոզված է, որ Մայդանը հաղթելու է։

«Չնայած մեր Ազատության հրապարակը, մեր Մայդանը հստակ ձևակերպված չէր կողմնորոշվել դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք, բայց միևնույն է, քանի որ Հայաստանը եվրոպական շատ կառույցների անդամ է, և մենք սովորական շարքային քաղաքացիներս անդամավճար ենք մուծում այդ կառույցներին, մեզ նույնպես պարտավոր էին աջակցություն ցուցաբերել, բայց մեր նկատմամբ կիրառեցին երկակի ստանդարտներ»,- նկատում է լրագրողը։

Առուստամյանը ցավով է խոսում երեկ զոհված ազգությամբ հայ երիտասարդի՝ 20-ամյա Սերգեյ Նիգոյանի հետ։ Նրա հետ Մայդանում էր ծանոթացել։

«Շատ լուրջ ցավ է ինձ համար, որ ճանաչել եմ մի լուսավոր երիտասարդի, որին ուղղակի սպանեցին։ Ես կարծում եմ, որ նրան սպանեցին հատուկ գործակալությունները»,- ասաց Առուստամյանը։
XS
SM
MD
LG