Մատչելիության հղումներ

Կինոյի ոլորտին հատկացվել է կես միլիոն դոլարին համարժեք գումար


Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեց, որ, ինչպես և անցյալ տարի, այս տարի կինոարվեստի ոլորտին պետական բյուջեից հատկացվելու է կես միլիոն դոլարին համարժեք գումար:

Գևորգյանի խոսքով` սա էլ բավարար գումար է կինոյի ասպազում առաջ շարժվելու համար: Այս տարի նախատեսվում է նկարահանել մեկ տասնյակից ավելի ֆիլմ, որոնցից 5-6-ը` խաղարկային:

«Այս թվերով աշխարհում այսօր բացի մեզանից ոչ ոք կինո չի նկարահանում», - ասաց Գևորգյանը` այդուհանդերձ հավելելով. - «Գումարի շատ քանակը ֆիլմի որակի էական փոփոխություն չի կարող տալ»:

Փաստարկելով իր պնդումը` Գևորգյանն ասաց, թե ցանկացած կինոռեժիսոր ունի իր ստեղծագործական ձեռագիրը, ուստի. - «Եթե տրամադրում ենք հարյուր հազար դոլար, ու այդ հարյուր հազար դոլարի մեջ կարողանում են իրենց մտահղացումը իրականացնել, ապա եթե տրամադրենք հարյուր միլիոն դոլար, ստեղծագործական իմաստով որևէ բան չի փոխվելու»:

Նա, անշուշտ, դեմ չէ, որ ավելի մեծ գումարներ հատկացվեն կինոյին,բայց դրա հնարավորությունը չկա, ուստի Ազգային կինոկենտրոնը հնարավորություն է տալիս այս փոքր գումարներով ֆիլմեր նկարահանել նաև երիտասարդներին:

Ասաց, թե կարող էին հատկացված գումարով մեկ ֆիլմ նկարահանել, բայց գերադասել են հնարավորություն տալ շատերին. - «Կես միլիոնի պայմաններում տալ մի հոգու, թե հինգ հոգու` էական բան չի փոխելու: Ես չեմ ասում, որ գումարի շատը որակ չի բերում: Բայց այդ գումարի չափը, որը մեզանում է, դա էական բան չի փոխելու, որ տաս բոլորը մեկին»:
XS
SM
MD
LG