Մատչելիության հղումներ

Բախումները Կիևում կարող են վերսկսվել ցանկացած պահի


Ուկրաինա - Ընդդիմադիր գործիչ Վիտալի Կլիչկոն դիմում է ցուցարարներին, Կիև, 23-ը հունվարի, 2014թ․

Ուկրաինա - Ընդդիմադիր գործիչ Վիտալի Կլիչկոն դիմում է ցուցարարներին, Կիև, 23-ը հունվարի, 2014թ․

Այսօր երեկոյան` Երևանի ժամանակով ժամը 22-ին լրանում է ուկրաինական ընդդիմության կողմից Վիկտոր Յանուկովիչին ներկայացված 24-ժամյա վերջնագրի ժամկետը:

Արտահերթ նախագահական ընտրությունների մասին մինչև հինգշաբթի օրվա ավարտը հայտարարելու պահանջով միասնական ընդդիմությունը հանդես եկավ երեկ երեկոյան` Անկախության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում: Մինչ այդ, խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդները մոտ երեք ժամ շարունակ բանակցում էին նախագահ Յանուկովիչի հետ:

«Վիկտոր Յանուկովիչ, Դուք ընդամենը 24 ժամ ունեք որոշում կայացնելու համար: Ես իմ որոշումն արդեն իսկ կայացրել եմ», - հայտարարեց «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը:

Անազատության մեջ գտնվող «Բատկիվշչինա»-ի հիմնադիր, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն բանտից հանդես եկավ գրավոր հայտարարությամբ: «Սերգեյ Նիգոյանի և մեր մյուս ակտիվիստների սպանությունից հետո Վիկտոր Յանուկովիչը այլևս չի կարող լեգիտիմ նախագահ կոչվել», - պնդում է Տիմոշենկոն:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ երեկ լուսադեմին տեղի ունեցած բախումների ժամանակ հրազենային վնասվածքներից զոհվել են Եվրոմայդանի ակտիվիստներ Սերգեյ Նիգոյանն ու Միխայիլ Ժիզդնևսկին: Բացի այդ, երեկ Կիևից ոչ հեռու գտնվող Բորիսպոլյան անտառում հայտնաբերվեց հունվարի 21-ին անհայտ անձանց կողմից առևանգված Մայդանի ևս մեկ ակտիվիստի` Յուրի Վերբիցկու դին:

Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, ապա դրանց մասին առավել հստակորեն խոսեց ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն: Նրա խոսքով` իշխանության կողմից զիջումների բացակայության դեպքում ընդդիմությունը կանցնի է՛լ ավելի ակտիվ գործողությունների: «Եթե նախագահը մեզ չընդառաջի, մենք կկենտրոնանանք և ավելի ստվար շարքերով կանցնենք հարձակման», - նշում էր Կլիչկոն:

Կեսօրին մոտ Կլիչկոն անձամբ ժամանեց Գրուշևսկու փողոց, որտեղ ոստիկանության և ցուցարարների բախումները թերևս փոքր-ինչ հանդարտվել են, սակայն կարող են նոր թափով վերսկսվել ցանկացած պահի:

Ցուցարարները երեկվանից հարյուրավոր անվադողեր էին այրում` փորձելով ծխածածկույթի միջոցով փակել հատուկ ջոկատայինների տեսադաշտը: Կլիչկոն ցուցարարներին խնդրեց մարել կրակը և յուրատեսակ «լռության օր» կազմակերպել` գոնե մինչև վերջնագրի կատարման համար սահմանված ժամկետի ավարտը: Դրա հետ մեկտեղ, նա կոչ արեց ցուցարարներին չհավաքել բարիկադները և սպասել իշխանության ու ընդդիմության բանակցությունների ավարտին:

«Դինամո» մարզադաշտի մերձակայքից Վիտալի Կլիչկոն ուղևորվեց Բանկովայա փողոց` Վիկտոր Յանուկովիչի հետ հերթական հանդիպման: «Նախագահի հետ իմ զրույցի բոլոր մանրամասները ես կներկայացնեմ երեկոյան` Անկախության հրապարակում», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG