Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժեց Շանթ Հարությունյանի բողոքը


Վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ նիստում այսօր մերժեց Շանթ Հարությունյանի բողոքը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով երկու ամսով՝ մինչև մարտի 5-ը, երկարացվել է նրա կալանքի ժամկետը:

Դատապարտյալների հիվանդանոցում բուժում ստացող Շանթ Հարությունյանին դատարան չէին բերել։ Նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը դատարանի որոշումը որակեց քաղաքական, ճնշման փորձ։

«Կալանքը հիմնավորում են, որ նա կարող է ազդեցություն գործադրել գործով անցնող վկաների վրա։ Մինչդեռ գործով անցնող վկաները ոստիկանության աշխատակիցներ են, սա ուղղակի ստանդարտ ձևակերպում է, որևէ ձևով փաստարկված չէ, որևէ նյութ ներկայացված չէ, թե նա ինչպես կարող էր ազդեցություն ունենալ այդ վկաների վրա։ Փաստորեն ճաղերի ետևում պահվում են 13 հոգի, մի քանիսին մեղսագրված է միջին ծանրության հանցագործությունների կատարում, և նրանք ևս գտնվում են կալանքի տակ և նույնիսկ այլընտրանքային խափանման միջոցներն են մերժում։ Այս ամենը խոսում է, որ այստեղ իրոք կա քաղաքական ուղղվածությունը»,- ասաց փաստաբանը։

Այս գործով 14-րդ կալանավորվածը՝ Անուշավան Գրիգորյանը ճանաչվել է անմեղսունակ է և գտնվում է հոգեբուժարանում:

Ըստ Ինեսա Պետրոսյանի, քննիչներն այդպես էլ որևէ հիմք չեն ներկայացրել, թե ազատության մեջ մնալով Հարությունյանը ինչպես կարող էր խոչընդոտել նախաքննությանը: Փաստաբանն այսօր դատարանում դարձյալ պնդել է՝ Հարությունյանին վերագրվող մեղադրանքն շինծու է, նույնիսկ հիմնավորված չեն կասկածները, թե նա գետնին ընկած ոստիկանին է ծեծել, քանի որ այդ անձը եղել է քաղաքացիական հագուստով։

«Քննչական խմբի ղեկավարը բերեց ընդամենը մեկ հակափաստարկ, թե իբրև այդ անձը ներկայացել է որպես աշխատակից, բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նա չէր կարող ներկայանալ, որովհետև, ըստ ներկայացված նյութերի, ասում են՝ այդ անձը ընկած էր, նրան հարվածում էին, և Շանթն էլ մոտեցել նրան, հարվածել է։ Այսինքն ե՞րբ պետք է նա ներկայացած լիներ Շանթին գոնե»,- հարցնում է Պետրոսյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դատարանի այսօրվա որոշումը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույց որակեց: Իրավապաշտպանի գնահատմամբ, քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը վերածվել է քաղաքական հետապնդումների գործիքի, ինչպես, օրինակ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դեպքում էր։

«Բացարձակ որևէ բռնություն Ազատության հրապարակից մինչև Մաշտոցի փողոցը ընկած հատվածում չի եղել՝ որևէ քաղաքացու, ոստիկանի նկատմամբ։ Սադրիչներ՝ որպես այդպիսին, հանդես եկան քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցները։ Շանթ Հարությունյանը պարտավոր չէր և չէր էլ կարող իմանալ, որ նրանք ոստիկանության աշխատակիցներ են։ Միանշանակ, այդ փուչիկը պայթելու է դատական պրոցեսի ժամանակ»,- ասաց իրավապաշտպանը։

Շանթ Հարությունյանն ու ընկերները Մաքսային միության ամենախիստ քննադատներն էին և, ըստ Արթուր Սաքունցի, Շանթին կալանավորելով իշխանությունները նաև հասարակությանն են ուղեձ հղում՝ չփորձեք Կրեմլի նախաձեռնած այս միության դեմ պայքարել։

«Իշխանությունը, որը որդեգրել է ամեն գնով հնարավորինս կարճ ժամկետներում, շուտափույթ անդամագրումը Մաքսային միությանը, պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները այդ անդամագրումը անխափան իրականացնելու համար։ Շանթ Հարությունյանի և ընկերների՝ դրսում գտնվելու պարագայում հանրային բողոքները, ցույցերը բոլորովին այլ տեսք կստանային»,- ասաց Սաքունցը։

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը երեկ է տեսակցել Շանթ Հարությունյանին, նա բուժման նոր կուրս է ընդունում, երիկամում քար է հայտնաբերվել։

«Հացադուլից հետո՝ ապաքինման փուլում դժվար էլ վերականգվում է, դեռևս բավականին նիհարած է»,- ասաց Պետրոսյանը։
XS
SM
MD
LG