Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել նախագահին


Ուկրաինա - Բախումները Կիևում, 22-ը հունվարի, 2014թ․

Ուկրաինա - Բախումները Կիևում, 22-ը հունվարի, 2014թ․

Ուկրաինայի ընդդիմությունը 24-ժամյա վերջնագիր է ներկայացրել նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ վարչապետ Նիկոլայ Ազարովին և ողջ կառավարությանը պաշտոնանկ անելու համար:

Չորեքշաբթի երեկոյան ելութ ունենալով Կիևի Անկախության հրապարակում՝ УДАР (ՈւԴԱՌ) կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ամեն ինչ կորոշվի հունվարի 23-ին՝ եթե նախագահը պաշտոնանկ չանի կառավարությանը, ապա ընդդիմադիրները կանցնեն հարձակման:

Կլիչկոն հավելել է, որ ընդդիմությունը նաև պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ընդդիմության մեկ այլ առաջնորդ՝ Յանուկովիչի օրոք բանտարկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի "Батькивщина" («Բատկիվշչինա») կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկն էլ հայտարարել է․ - «Մենք ունենք երկու ճանապարհ: Առաջինը՝ կանգնեցնել արյունահեղությունը և փրկել յուրաքանչյուր մարդու կյանքը, ով գտնվում է այս հրապարակում և Ուկրաինայում: Այս ճանապարհի համար մեզ մնացել է 24 ժամ»: Այնուհետև, դիմելով նախագահ Յանուկովիչին, շարունակել է․ - «Վիկտոր Ֆեոդորովիչ, մնաց 24 ժամ, որոշում կայացրեք: Եթե պետք է ճակատին գնդակ ստանանք, ուրեմն՝ կստանանք»:

Անցած գիշերվա ընթացքում Կիևում ընդդիմադիրները շարունակել են բարիկադների կառուցումը: Բարիկադներ կառուցվում են մի քանի վայրերում՝ Անկախության հրապարակում, Գրուշևսկու և Վլադիմիրյան փողոցներում:

Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, վաղ առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները փորձել են գրոհով գրավել Գրուշևսկու փողոցի վրա գտնվող բարիկադները, որոնք երեկ իսկական մարտերի թատերաբեմ էին, սակայն հանդիպելով ընդդիմադիրների դիմադրությանը՝ նահանջել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG