Մատչելիության հղումներ

ՄՄ-ին անդամակցելու դեմ ստորագրահավաք Ղրղըզստանում


Չալդովար մաքսակետը Ղրղըզստանի և Ղազախստանի սահմանին, արխիվ

Չալդովար մաքսակետը Ղրղըզստանի և Ղազախստանի սահմանին, արխիվ

Բիշքեկում ստորագրահավաք է սկսվել Ղրղըզստանի` Մաքսային միությանը անդամակցելու դեմ:

Ստորագրահավաքը մեկնարկել է չորեքշաբթի օրը կայացած բողոքի ակցիայից հետո, որը կազմակերպել էին «Ռեֆորմա» («Բարեփոխում») կուսակցության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Կազմակերպիչները ակցիայի վայրում յուրօրինակ ցուցադրություն էին նախաձեռնել, հրապարակ էին բերել տարբեր ապրանքներ` հագուստեղեն, համակարգիչներ, տեխնիկա և դրանց պիտակների վրա ակնառու կերպով ներկայացրել, թե ինչ գնաճ է սպասում երկրին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միություն մտնելուց հետո: Նրանց հաշվարկներով` ներկրվող ապրանքները կթանկանան առնվազն 25-30 տոկոսով․ այդպիսի հարվածը երկրի տնտեսությանը կարող է խաթարել Ղրղըզստանի անկախությունը, հայտարարել են հանրահավաքի կազմակերպիչները:

«Ռեֆորմա» կուսակցության ներկայացուցիչ Միրբեկ Ասանգարիևի խոսքով՝ իրենց բողոքը Ռուսաստանի դեմ չէ, Մաքսային միության երկրների հետ Ղրղըզստանը պետք է բարեկամական հարաբերություններ ունենա, սակայն տնտեսական առումով երկրի համար շահավետ չէ Մաքսային միության տնտեսական գոտին, կտուժեն սպառողներն ու արտադրողները:

Պաշտոնական Բիշքեկը կարծես թե նույնպես գիտակցում է նոր մաքսային պարտավորությունների անբարենպաստ ազդեցությունը սեփական տնտեսության վրա, այդ պատճառով ցանկանում է հատուկ պայմաններով միանալ Մաքսային միությանը: Առաջին պայմանն այն է, որ Մաքսային միության պետությունները 200 միլիոն դոլարի չափով աջակցեն, որպեսզի երկրի տնտեսությունը հաղթահարի անցումային այդ շրջանը, երկրորդը` Ղրղըզստանում գործող երկու խոշորագույն մեծածախ շուկաները պետք է ունենան նաև Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրների հետ ազատ առևտրի հնարավորություն: Մեծածախ առևտրի խոշոր այդ շուկաների` «Դորդոյի» և «ԿարաՍուի» շրջանառությամբ ձևավորվում է Ղրղըզստանի պետական բյուջեի առնվազն մեկ երրորդը, դրանք աշխատանքով են ապահովում տասնյակ հազարավոր մարդկանց, այդ շուկաները գործում են Չինաստանի հետ ազատ առևտրի հաշվին: Եթե Ղրղըզստանը մտնի Մաքսային միություն, ապա երրորդ երկրների հետ բոլորովին այլ մաքսային հարաբերություններ պետք է հաստատվեն, տնտեսության այն ճյուղերը, որ կախված են Չինաստանից անարգել ներմուծումից, խիստ կտուժեն, գները կաճեն, աղքատությունը կտրուկ կավելանա:

Տնտեսական վերլուծաբանները նշում են, որ իրենց տնտեսության առանձնահատկությունները հաշվի առնելով` Մաքսային միությունը շահավետ չէ, ճիշտ է՝ իրենց հիմնական արտադրանքը սպառվում է Մաքսային միության երկրներում, սակայն հումքը իրենք ներկրում են այդ միությանը չանդամակցող երկրներից: Եթե այդ երկրներից հումքի ներկրումը զգալի թանկանա նոր մաքսատուրքերի հաշվին, կթանկանա նաև իրենց վերջնական արտադրանքը և այլևս մրցունակ չի լինի, ասենք, ռուսական շուկայում:

Ղրղըզստանին հատուկ պայմաններ տրամադրելուն և այդ երկրի համար բացառություններ անելուն Մաքսային միության անդամ երկրների ղեկավարները վերջին հավաքում դեմ արտահայտվեցին:

Ըստ Ղրղըզստանի վարչապետի խորհրդական Օլեգ Պանկրատովի, ով ներկա էր երեկվա բողոքի ակցիային, դեռ չկան մաքսատուրքերը բարձրացնելու պայմանավորվածություններ, բանակցությունները ընթանում են և այդ բանակցությունները փաստացի սառեցված վիճակում են Մաքսային միության երկրների ղեկավարների վերջին հանդիպումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG