Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Ադրբեջանցիների սադրանքները խանգարում են բանակցային գործընթացին


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Սահմանին ադրբեջանցիների իրականացրած սադրանքները խանգարում են ղարաբաղյան բանակցային գործընթացին և ստեղծում լրացուցիչ խոչընդոտներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես հայտնի է, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում տեղ ունեցան հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր, հայ դիրքապահները մարտի բռնվեցին ադրբեջանցվիների հետ, հետ մղեցին հարձակումները, սակայն մեր կողմից զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։

Վաղը Փարիզում Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ հունվարի 24-ին, դարձյալ Փարիզում, նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

«Իհարկե, այդպիսի սադրանքները ուղղված են լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու, խանգարելու բանակցային գործընթացը: Եթե ուրիշ նպատակներ էլ ունեն ադրբեջանցիները, բայց նաև դրա համար», - նշեց Հայաստանի արտգործնախարարը, - «Բայց պետք է շարունակել գործընթացը, սա է իրականությունը, որովհետև այլընտրանք չկա բանակցային գործընթացին, և այդ պատճառով էլ մենք շարունակում ենք»:

Երեկ Մոսկվայում հրավիրված ասուլիսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, թե երկարատև ընդմիջումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, արտգործնախարարների վերսկսված հանդիպումների ֆոնին արդեն իսկ կան որոշակի «մշակումներ» և կողմերը դրանք «չեն մերժում»:

Էդվարդ Նալբանդյանն այս առնչությամբ մեկնաբանեց․ - «Բնական է դա, դա աշխատանքային գործընթաց է, բայց նոր առաջարկների մասին չէ խոսքը»:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցած տարվա դեկտեմբերին այցելեց Երևան՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների արտգործնախարարների հավաքին: Այցի ընթացքում Նալբանադյանն ու Դավութօղլուն երկկողմ հանդիպում ունեցան, բայց հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի մասին տեղեկություն չստացվեց:

«Թուրքիայի արտգործնախարարը եկել էր և կրկնում էր այն, ինչ ասել էր ինձ 3-4 տարի առաջ և դրա պատճառով, փաստորեն, կասեցվեցին հարաբերությունների կարգավորման քայլերը և գործընթացը: Եվ ես իրեն ասացի, որ 4 տարի առաջ ես քեզ ասել եմ նույնը, և դու հիմա վերադարձել ես և կրկնում ես ձևացնելով․․․ դու ուզում ես ևս 3-4 տարի կամ ավելի մենք կորցնե՞նք: Կսպասենք մենք, երբ Թուրքիան պատրաստ կլինի առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ և դա դիրքորոշումն է, որը աջակցություն է վայելում նաև միջազգային հանրության կողմից», - այս առնչությամբ մեկնաբանեց Հայաստանի արտգործնախարարը:

«Ազատության» այն հարցին, թե ի՞նչ նախապայմաններ է դրել Դավութօղլուն՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար, Նալբանդյանը չպատասխանեց՝ նշելով, թե երկկողմ բանակցությունների բովանդակությունը չի կարող հրապարակել:

Հիշեցնենք, թուրքական լրատվամիջոցները փոխանցում էին, որ Երևանում Դավութօղլուն առաջարկել է Հայաստանի իշխանություններին Ադրբեջանին հանձնել ազատագրված երկու շրջան, որի դիմաց Անկարան կբացի հայ-թուրքական սահմանը:

Ահմեդ Դավութօղլուն Երևանում նաև ասուլիս տվեց: Ճիշտ է՝ միայն թուրքական լրատվամիջոցների համար, և ինչպես այնուհետև «Ազատությանը» փոխանցել էր այդ ասուլիսին մասնակցած Ստամբուլի «Ժամանակ» հայալեզու թերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ Դավութօղլուն հերքել է լրատվամիջոցներում հայտնված այդ տեղեկությունը:

Վերջերս Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում առաջարկել էր վերանվանել Հայաստանի Հանրապետությունը և կոչել Արևելյան Հայաստանի Հանրապետություն: Այս առնչությամբ էլ արտգործնախարարն ասաց, թե նախարարն իր անձնական կարծիքն է հայտնել, սակայն՝ «այդպիսի հարց չի քննարկվել և չի քննարկվում կառավարությունում»:

Այսօր Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ նաև Մաքսային միությանը, ասաց, որ այդ միությանը միանալու որոշումը «բխում է Հայաստանի տնտեսական և ռազմավարական շահերից» և ի պատասխան լրագրողի հարցին, թե իսկ ինչու էր գաղտնի պահվում այդ որոշումը, հայտարարեց, որ այն ամենևին էլ գաղտնի չէր պահվում:

«Հայաստանը բազմիցս էր արտահայտվել, որ այո՛ մենք ցանկություն ունենք անդամակցել Մաքսային միությանը: Ուղղակի Հայաստանը չէր հրավիրված այնտեղ, որովհետև ինչ-որ մասնագիտական-էքսպերտային մակարդակով չէին հստակեցված բազմաթիվ հարցեր՝ արդյոք դա հնարավոր է, թե ոչ: Երբ դա հասունացավ, որևէ մեկից որևէ մեկը ոչ մի բան գաղտնի չի պահել», - պարզաբանեց Էդվարդ Նալբանդյանը:
XS
SM
MD
LG