Մատչելիության հղումներ

logo-print

Նախկին քաղաքապետի խոսնակը հերքում է Ղուկասյանի առնչությունը երեկվա միջադեպին


Երեկ մամուլում տեղեկատվություն տարածվեց, թե Գյումրիի նախկին քաղաքապետի որդին` Սպարտակ Ղուկասյանն ու իր ընկերները հայհոյանքներ ու սպառնալիքներ են հնչեցրել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ:

Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց այդ լուրերը` ասելով. - «Սա արդեն նմանվում է հետապնդման: Շատ զազրելի է, երբ լրատվության ուշադրությունը շեղելու համար կարևոր խնդիրներից, փորձ է արվում շրջանառության մեջ դնել վարկաբեկման մեթոդով Վարդան Ղուկասյանի, նրա ընտանիքի անունը: Սա նպատակ ունի ուղղակի գցել Վարդան Ղուկասյանի հեղինակությունը գյումրեցիների աչքերում, զրոյի հավասարեցնել այն հսկածավալ աշխատանքը, որ նա տարիներ շարունակ իրականացրել է Գյումրիում»:

Աղեկյանը պնդեց, թե Սպարտակ Ղուկասյանը որևէ առնչություն չունի այդ միջադեպին. - «Ես չգիտեմ, թե ինչու փորձեցին այս անգամ այդ անունը շրջանառության մեջ դնել»:

Նա տարօրինակ է համարում, որ տեղեկատվությունը տարածել են ոչ թե Գյումրիի, այլ մայրաքաղաքի լրատվամիջոցները. - «Ունեն գրասենյակներ 120 կիլոմետր հեռավորության վրա Գյումրիից, բայց շատ արագ ապատեղեկատվություն, պատժելի ստահոդ լուրեր են տարածում: Ամենայն հավանականությամբ սա կոնկրետ խմբակային պատվեր է, գործողություն է, որը ուղղված է Վարդան Ղուկասյանի դեմ: Հետապնդում ու հալածանք է. այլ կերպ չեմ կարող մեկնաբանել»:

Հավելենք, որ երեկ իրենց ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» ռեստորանում Սպարտակ Ղուկասյանը նշել է քրոջ երեխայի ծնունդը: Վարդան Ղուկասյանը Հայաստանում չէ: Իսկ Սամվել Բալասանյանը երեկ երեկոյան է վերադարձել Միացյալ Նահանգներից:

Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Բալասանյանների ընտանիքից որևէ մեկը ականատես չի եղել միջադեպին: Հավելեց, որ իրենք կդիտեն շրջակայքում տեղադրված տեսախցիկները տեսագրություններն ու ըստ այդմ էլ կորոշեն հետագա անելիքը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ միջադեպի կապակցությամբ ուսումնասիրություններ են կատարում:

Գյումրիի քաղաքապետի վերջին ընտրությունների նախաշեմին, հիշեցնենք, Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ նման մի միջադեպի մասին լուրեր շրջանառվեցին:

Այսօր ավելի ուշ տարածվեց Սամվել Բալասանյանի հայտարարությունը, որում քաղաքապետը գյումրեցիների վստահեցնում է. - «Որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր, բայց պատվաբեր առաքելությունից: Ես մնալու եմ Գյումրիում և շարունակելու եմ Ձեզ հետ միասին շենացնել մեր քաղաքը»:
XS
SM
MD
LG