Մատչելիության հղումներ

Փոխքաղաքապետը դրոշների համար նախատեսված 80 միլիոնը համարում է «արդարացված»


Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ մայրաքաղաքի և 2014-ի բյուջեում, և 2013-ի ծախսերում կան բաժիններ, որոնց վերահսկողությունը համարյա անհնար է։

Օրինակ, 2014-ի բյուջեով մայրաքաղաքի դրոշների սպասարկման համար նախատեսված է 80 միլիոն դրամ, ինչը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը արդարացված ծախս է համարում։

«Պետական դրոշը իր ներկայությունը պետք է ունենա մայրաքաղաքում «Պետական դրոշի մասին» օրենքի համաձայն։ Քաղաքում տարբեր դիրքերում տեղադրված է մեծ ֆորմատի պետական դրոշը, այս մշակույթը աշխարհի շատ քաղաքներում կա։ Այդ դրոշների սյունն է մաշվում, մթնոլորտային ազդեցություններից վնասվում է, կտորն է մաշվում, ստեղծվել է մի ցանց, որը պետք է պահպանել, սպասարկել, ինչի համար այդ ծախսը արդարացված է մեր բյուջեում»,- ասաց փոխքաղաքապետը։

2013-ի բյուջեով ևս 70 միլիոն դրամ (մոտ 173 հազար դոլար) հատկացվել է ամանորյա հարդարանքի ու միջոցառումների համար։

«Երևանցին տեղյակ չէ, թե 70 միլիոն դրամը ինչն էր, վերջին հաշվով 12 վարչական շրջաններում ենք տեսել ենք նախկին տոնածառերը, նախկին տարիների հարդարանքով, փողոցների լուսավորությունը եղել է նախկին տարիներինը, իսկ եթե որևէ նոր հարդարանք է ձեռք բերվել, հարց է, արդյո՞ք դա արժեր 70 միլիոն դրամ», - ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Երևանի քաղաքապետարանը 2013-ին ասֆալտապատմանը հատկացրել է ավելի մեծ գումար, քան նույն ոլորտին հատկացվել է նախորդ տարիներին՝ 13 միլիարդ դրամ (մոտ 32 միլիոն դոլար)։

«2.5 մլն քառակուսի մետր ճանապարհ ենք նորոգել, մոտ 300 փողոց, հազարավոր քառակուսի մետրերով մայթեր, Վարդան Մամիկոնյանի արձանի և «Մոսկվա» կինոթատրոնի հարակից հրապարակները»,- ասաց փոխքաղաքապետը։

Անցյալ տարի կատարված ասֆալտապատման աշխատանքների մասին տեղեկություն, թե օրինակ, որոնք են նորոգված 300 փողոցները և այլն, Երևանի քաղաքապետարանի կայքում համարյա չկա, թեև փոխքաղաքապետը խոստացավ, որ հաշվետվությունն ավագանու նիստին ներկայացնելուց հետո հանրությանն էլ հասանելի կլինի։

«Երևանի գոնե մեկամյա զարգացման ծրագիրը պետք է լինի տվյալ տարվա բյուջեի թղթային արտացոլանքը, որտեղ նշված կլինի, թե օրինակ, 2014 թվականին ինչ մակերեսով ասֆալտ է իրականցվելու, ոչ միայն մակերեսը, այլև փողոցները, և մենք տեսնենք, որ այս տարի ոչ թե քերվելու է Սայաթ-Նովա կամ Արշակունյաց պողոտան, այլ արվելու են այն փողոցները, որոնք 20 տարի ասֆալտ չեն տեսել»,- ասաց ավագանու անդամը։

Անդրադառնալով քաղաքապետարանի սեզոնային՝ ձնամաքրման աշխատանքներին, Կամո Արեյանն ասաց, որ կարողացել են քաղաքի երթևեկությունը ձյան տեղալուց հետո պահել անխափան։ Փոխքաղաքապետը մի նկատառում ուներ լրատվամիջոցների այն հրապարակումների վերաբերյալ, որտեղ գրվում է, թե բարեխիղճ քաղաքացիները դուրս են գալիս ու մաքրում են մայթերը։ Նա ասաց, որ կա նորմատիվ ակտը, որը պարտավորեցնում է, որ խանութների ու սրճարանների աշխատակիցները մաքրեն իրենց հարակից տարածքները։

Հարց առաջացավ, թե արդյոք քաղաքապետարանը «Փարքինգ սիթի» ընկերությանը պարտավորեցրել է մաքրել մեքենաների կայանման հատվածները, որպեսզի վճարովի կանգառի սահմանները նշող կարմիր գծերը տեսանելի լինեն վարորդներին, որոնք տուգանվում են նաև ձմռանը։ Կամո Արյանը պատասխանեց, որ մրցույթի պայմաններում նման կետ չկա և այդ հարցը հետագայում քաղաքապետարանը պետք է լուծի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG