Մատչելիության հղումներ

logo-print

Շանթ Հարությունյանի հետ կալանավորված Վահե Մկրտչյանը նույնպես առողջական խնդիրներ ունի


Նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո կալանավորված Վահե Մկրտչյանը, ով Շանթ Հարությունյանի հետ միասին երկշաբաթյա հացադուլ էր հայտարարել, նույնպես առողջական խնդիրներ ունի, սակայն նրան հիվանդանոց չեն տեղափոխել:

Մկրտչյանի կինը` Մարգարիտա Ստեփանյանը, ով երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել է ամուսնուն, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Վահեն ատամնաշարի լուրջ խնդիրներ ունի, քանի որ կիսատ է թողել բուժումը: Նա բանտախցում մի քանի ատամ է կորցրել: Հացադուլը դադարեցնելուց հետո Վահե Մկրտչյանը սնունդ սկսել է ընդունել առանց բժիշկների հսկողության:

Մարգարիտա Ստեփանյանն ասաց, որ երեկ առաջին անգամ է տեսել ամուսնուն, թեև տեսակցությունների արգելքը վերացվել է մեկ շաբաթ առաջ:

«Շուտ չէր համաձայնվում, որ տեսակցությունը կազմակերպենք: Ինձ թվում է, որ շատ հյուծված պիտի լիներ, գունատ պիտի լիներ: Համառորեն ինքը պնդում էր, որ ինքը կասի տեսակցության օրվա մասին: Տեսա Վահեին: Ինքնազգացողությունը լավ էր: Նույնն էր ինքը, նույն համառ, ազատատենչ Վահեն էր», - ասաց Մարգարիտա Ստեփանյանը:

Մեկ այլ հացադուլավոր Լիպարիտ Պետրոսյանի կինը` Ռուզաննա Թեմուրյանը, «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ հացադուլը դադարեցնելուց առաջ իր ամուսինն անգամ ուշագնաց է եղել, և շաքարախտով հիվանդ Լիպարիտին որևէ բժշկական օգնություն չի ցուցաբերվել. - «Տեղի տղաներն են օգնել. մի կտոր հաց են տվել, թեյ են տվել: Միանգամից շաքարը բարձրացրել էր մինչև 16, ինչը շատ վտանգավոր է: Նման դեպքերում գոնե սիստեմա են միացնում»:

Շանթ Հարությունյանը շարունակում է բուժում ստանալ դատապարտյալների հիվանդանոցում: Վաղը Վերաքննիչ դատարանում քննվելու է նրա բողոքը կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Կալանավորվածների կանայք համոզված են, որ իրենց ամուսինները ճաղերի հետևում հայտնվել են քաղաքական հայացքների համար:

«Գաղափարական իր պայքարի համար», - ասաց Ռուզաննա Թեմուրյանը: - «Իրենք ժամանակին ազատամարտիկներ են եղել: Գնացել են իրենց խոսքը ասելու ժողովրդի վիճակի համար, բայց թույլ չտվեցին»:
XS
SM
MD
LG