Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը՝ հետխորհրդային տարածքի միանձնյա առաջատար գործազրկության մակարդակով


Գործազուրկներ հայաստանյան քաղաքներից մեկում, արխիվ

Գործազուրկներ հայաստանյան քաղաքներից մեկում, արխիվ

Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2013-ին գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 18․6 տոկոս և աճի միտում ունի:

Գործազրկության մակարդակով հետխորհրդային տարածքի միանձնյա առաջատարը Հայաստանն է: Սա են վկայում ՄԱԿ-ի կազմում գործող Աշխատանքի միջազգային կազմակերպության երեքշաբթի օրը հրապարակած զեկույցի տվյալները:

Կազմակերպության պաշտոնական կայքում Համաշխարհային աշխատանքային շուկայում այս տարի սպասվող զարգացումներին նվիրված ծավալուն հետազոտությանը կից ներկայացված աղյուսակը տեղեկացնում է, որ 2013-ին գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 18․6 տոկոս: Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում գործազրկության մակարդակը 2013-ին կազմել է 14․3, իսկ Ադրբեջանում՝ ընդամենը 5․5 տոկոս: Ադրբեջանի հետ մոտավորապես նույն մակարդակի վրա է նաև գործազրկությունը Ռուսաստանի Դաշնությունում` մոտ 6 տոկոս: Բելառուսում գործազուրկները տնտեսապես ակտիվ բնակչության 5.9 տոկոսն են կազմում, իսկ 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամից մեծապես տուժած Ուկրաինայում գործազրկության մակարդակը մոտ 8 տոկոս է:

ՄԱԿ-ի մասնագետների պնդմամբ՝ գոնե ֆորմալ վիճակագրության առումով Հայաստանն իր ցուցանիշներով ավելի մոտ է տնտեսական բավական բարդ վիճակում գտնվող Բալկաններին, բայց ոչ հետխորհրդային տարածքի պետություններին:

«Որպես կանոն, Հարավային և Հարավարևելյան Եվրոպայում գործազրկության ծավալները շատ ավելի բարձր են, քան ԱՊՀ-ում: Միակ բացառությունը Հայաստանն է: Իրականում, սակայն, երկու տարածաշրջանների միջև տարբերությունն այնքան մեծ չէ, քանի որ Արևելյան Եվրոպայում մի շարք պետություններում որպես գործազուրկ են հաշվառված մարդիկ, որոնք իրականում աշխատանք ունեն», - նշում են զեկույցի հեղինակները՝ չշրջանցելով «թաքնված զբաղվածության» երևույթը:

Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Գայ Ռայդերը, ներկայացնելով զեկույցը, երեկ նշում էր, որ աշխատանքի շուկայում որևէ դրական տեղաշարժ առաջիկայում սպասել պետք չէ: «Աշխարհում գործազուրկների թիվն անշեղորեն աճելու է, նույնիսկ եթե համաշխարհային տնտեսությունը կարողանա խուսափել ևս մեկ գլոբալ ճգնաժամից», - հայտարարեց Ռայդերը: «Առաջիկա տարիներին գործազրկության ծավալները շարունակելու են աճել: Մեր կանխատեսմամբ՝ 2018-ին արդեն աշխարհում 215 միլիոն գործազուրկ կլինի», - ասաց ՄԱԿ-ի կազմում գործող Աշխատանքի միջազգային կազմակերպության ղեկավարը:

Այս կառույցի մասնագետների կանխատեսմամբ՝ առաջիկա 4 տարիներին գործազուրկների քանակը կաճի նաև Հայաստանում: 2014-ին գործազրկության մակարդակը Հայաստանում կհատի 19 տոկոսի սահմանը՝ տարեցտարի փոքր աճ արձանագրելով: «2018 թվականին արդեն Հայաստանում գործազուրկ կլինի ամեն հինգերորդը», - կանխատեսում են ՄԱԿ-ի փորձագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG