Մատչելիության հղումներ

Նորաստեղծ աշխատանքային խումբը կփորձի կրճատել կոռուպցիան դատական համակարգում


Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մամուլի ասուլիսում:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մամուլի ասուլիսում:
Դատական համակարգում առկա կոռուպցիայի մասին օմբուդսմենի աղմկահարույց զեկույցից հետո աշխատանքային խումբ է ստեղծվել` Վճռաբեկ դատարանի և Փաստաբանների պալատի մասնակցությամբ, որի նպատակն է բարեփոխումների միջոցով կրճատել կոռուպցիան հայաստանյան դատարաններում:

Անցած տարվա դեկտեմբերի սկզբին, հիշեցնենք, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես եկավ զեկույցով, ուր ոչ միայն նշվում է, թե փաստորեն կոռումպացված է Հայաստանի ողջ դատական համակարգը, այլև ներկայացված են դատարաններում շրջանառվող կաշառքի չափերը՝ 500-ից մինչև 50 հազար ԱՄՆ դոլար: Ասվում է նաև, որ ողջ դատական համակարգը բաժանված է գոտիներ՝ զոնաների, և ամեն մի զոնա ունի վերահսկող դատավոր՝ զոնալ դատավորներ, որոնք հիմնականում դատական համակարգի բարձրագույն մարմնի՝ Վճռաբեկ դատարանի անդամաներն են, և ստորադաս դատավորները իրենց որոշումները կայացնելիս նախևառաջ հաշվի են առնում ոչ թե օրենքի պահանջները, այլ հենց այդ դատավորների ցանկությունները:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ նորաստեղծ աշխատանքային խմբի առաջին նիստն արդեն կայացել է և օրակարգում հետևյալ հարցն է՝ վերացնել 2005 թվականից Վճռաբեկ դատարանին տրված իրավունքը, ըստ որի Վճռաբեկը՝ որպես Հայաստանի բարձրագույն դատական ատյան, ինքն է որոշում` ինչ գործեր ընդունել վարույթ, ինչ գործեր՝ ոչ:

«Նախկինում Վճռաբեկ դատարանը ընդունում էր բոլոր գործերը և որոշում էր կայացնում: Բայց երբ ասեց` ես եմ որոշում որ գործերը ընդունեմ, որը` ոչ, ունեցանք մյուս պրոբլեմը: Հարյուր գործից ինքը ասում է` ընդունում եմ այս հինգ գործը: Մեզ մոտ հարց է ծագում` ինչո՞ւ հենց այդ հինգը… Այստեղ այդ չափանիշների բացակայությունը փաստաբանների և հասարակության մոտ լուրջ խնդիր էր առաջացնում: Բնական է, այստեղ նաև կոռուպցիոն լուրջ ռիսկ էր առաջանում», - նշեց Զոհրաբյանը:

Նրա խոսքով` այն պահից սկսած, երբ Վճռաբեկը կսկսի վարույթ ընդունել բոլոր գործերը, դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը կարող են նվազել, որովհետև Վճռաբեկը այլևս պետք է կա՛մ ընդունի ստորադաս դատարանների կայացրած ապօրինի որոշումները՝ իր վրա վերցնելով այդ ապօրինությունը, կա՛մ պետք է ուղղի սխալը:

Բանախոսը հիշեցրեց, որ անցած տարիներին փաստաբանները բողոքի բազմաթիվ ակցիաներ են անցկացրել՝ իշխանությունների ուշադրությունը հրավիրելով դատական համակարգում առկա կոռուպցիայի վրա. - «Գործադուլներ, մարդու իրավունքների պաշտպանի ելույթ, մյուս բոլոր ակցիաները բերեցին մի պահ, որ իրոք Վճռաբեկ դատարանն էլ պատրաստակամություն է հայտնել հրաժարվել իրենց հայեցողական լիազորությունից: Աշխատանքային խմբի նպատակը որն էր` Վճռաբեկ դատարանի այդ հայեցողական լիազորությունը վերացնելու հետ կապված ինչ միջոցառումներ պետք է իրականացնել»:

Օմբուդսմենի զեկույցին խիստ բացասաբար արձագանքեցին դատական համակարգում: Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը կասկածի տակ դրեց զեկույցի վստահելիությունը, այն բնութագրեց՝ սիրողական մակարդակի, որը նպատակը «շոու անելն էր»:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Բաբայանն ասաց. - «Այն, որ խնդիրներ կան դատական համակարգում, դատական իշխանությունում, մշտապես ասվել է դատական իշխանության կողմից: Այդ թվում հնարավոր չէ բացառել նաև կոռուպցիոն երևույթները»:

Դիտարկմանը, թե տպավորություն է ստեղծվել, որ աշխատանքային խումբը ստեղծվել է ճնշման արդյունքում, Արսեն Բաբայանն արձագանքեց. - «Օմբուդսմենը մշտապես քննադատել է դատական համակարգը: Այսինքն, դա նորություն չէր, որ օմբուդսմենը ունի նման դիրքորոշում, տեսակետ կամ կարծիք դատական իշխանության նկատմամբ: Բացառել, թե զեկույցը կարող էր ազդեցություն ունենալ, իհարկե, չի կարելի: Բնականաբար, զեկույցն էլ ինչ-որ չափով ունեցավ ազդեցություն, այնքանով, որ գոնե կա չհասկացվածության խնդիր: Բոլորս գիտենք, որ Վճռաբեկ դատարանի` գործերը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու խնդիրը իսկապես առաջացրել է դժգոհություն… Վճռաբեկ դատարանը կամ դատական իշխանությունը մշտապես ասել է, որ պատրաստ ենք քննարկել, աշխատել և գտնել այն ուղերը, որոնք կբարեփոխեն իրավիճակը»:

Բաբայանը ընդգծեց, որ աշխատանքային խումբը ստեղծվել է համատեղ նախաձեռնությամբ:

«Ազատության» հետ զրույցում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը դրական գնահատեց Վճռաբեկ դատարանը բարեփոխելու նախաձեռնությունը, սակայն համոզմուքն հայտնեց, որ այն չի կարող լուծել դատարաններում առկա կոռուպցիայի խնդիրը. - «Միայն անկախ դատական համակարգի պարագայում հնարավոր կլինի խոսել կոռուպցիոն ռիսկերի բացակայությունից: Հակառակ դեպքում, երբ գործադիր իշխանության կամ քաղաքական իշխանության ուղղակի վերահսկողության տակ են գտնվում բոլոր ատյանների դատարանները, արդեն ինքնին նրանց պարտադրվում է կոռուպցիան»:
XS
SM
MD
LG