Մատչելիության հղումներ

Փաստաբանը քաղբանտարկյալ է համարում Վոլոդյա Ավետիսյանին


Վոլոդյա Ավետիսյանը իր մարտական ընկերների հետ մասնակցում է բողոքի երթի: Մայիս, 2013 թ.

Վոլոդյա Ավետիսյանը իր մարտական ընկերների հետ մասնակցում է բողոքի երթի: Մայիս, 2013 թ.

Խարդախության մեղադրանքով արդեն 4 ամիս կալանքի տակ պահվող ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը վերաքննիչ ատյանում բողոքարկել է իր պաշտպանյալի կալանքը երկարացնելու մասին վերջին որոշումը:

Անցած շաբաթ, հիշեցնենք, դատարանը երրորդ անգամ բավարարել էր քննիչի միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարացնելով ևս երկու ամսով:

Փաստաբան Արա Զաքարյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ սա դատարանի հերթական ապօրինի որոշումն է, որը հակասում է թե' Վճռաբեկ դատարանի, թե' Եվրոպական դատարանի` մի շարք գործերով հայտնած իրավական դիրքորոշումներին։

«Հերթական անգամ բացահայտորեն անտեսելով թե' օրենքները, թե' վերադաս դատական ատյանի հայտնած իրավական դիրքորոշումը` դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը», - ասաց նա` համոզմունք հայտնելով, որ դատարանը պարտավոր էր մերժել միջնորդությունը նաև հետևյալ հիմնավորմամբ. - «Քննիչը անհրաժեշտ ջանասիրություն չի ցուցաբերել գործը քննելիս, քանզի, ինչպես պարզվեց, նախորդ երկու ամսվա ընթացքում գործի ծավալը ավելացել է ընդամենը 9 էջով… Այսինքն` 60 օրվա ընթացքում քննիչը քրեական գործին տրամադրել է ընդամենը մի քանի ժամ ժամանակ... Փաստորեն, քննիչի անցած երկու ամիսների վատ աշխատանքի պատճառով այս դեպքում տուժում է ոչ թե քննիչը, այլ նրա գործելակերպի հետևանքով ճաղերի հետևում պահվող ազատամարտիկը»:

«Ցավոք սրտի, երբ փաստաբանները բազմաթիվ անգամ հայտարարում են, որ մեր դատարանները որպես այդպիսին արդարադատություն չեն իրականացնում, այլ ուղղակի նախաքննական մարմնի որոշումները հաստատում են, այսինքն` նոտարական գործառույթ են իրականացնում… դա հաստատվում է նաև այս գործով», - հայտարարեց Զաքարյանը:

Զաքարյանը նախադեպային որոշումներ է վկայաբերում, երբ քննիչի նման աշխատանքի արդյունքում կալանքը վերացվել է։

Մինչդեռ Ավետիսյանի պարագայում, ինչպես հերթական անգամ համոզվել են թե' նրա պաշտպանները, թե' մարտական ընկերները, ստեղծված իրավիճակը վկայում է, որ նրան ճաղերի հետևում են պահում քաղաքական հայացքների համար:

«Ու այս ամբողջին էլ եթե գումարենք այն, որ դատարանները կուրորեն բավարարում են նախաքննական մարմնի միջնորդությունները այն դեպքում, երբ պարտավոր են մերժել, ակնհայտ է դառնում, որ տվյալ դեպքում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, և նա մեկուսացվում է իր հայացքների, դիրքորոշման համար: Այսինքն` քաղբանտարկյալ է», - պնդեց Արա Զաքարյանը:

Ավելի քան 4 ամիս անազատության մեջ գտնվող ազատամարտիկի գործով որևէ քննչական գործողություն չի կատարվել, անգամ առերեսում չի անցկացվել այն անձի հետ, ով Ավետիսյանի դեմ բողոք էր ներկայացրել ոստիկանություն ու ում բողողի հիման վրա նրան մեղադրանք են առաջադրել: Այս ամենը ազատամարտիկի պաշտպաններին ու ընկերներին թույլ է տալիս խոսել այն մասին, որ իշխանությունների նպատակը անցած մայիսին ազատամարտիկների սոցիալական պայմանների բարելավման պահանջով բողոքի դուրս եկած պահեստազորի գնդապետին մեկուսացնելն էր։
XS
SM
MD
LG