Մատչելիության հղումներ

Բարձրագույն կրթությամբ ծերունիները հաց են հանում աղբարկղերից


Երևանի սրտում՝ կառավարության շենքից ոչ հեռու տեղաբաշխված աղբարկղերում օրվա հացն են փնտրում բարձրագույնավարտ տարեց քաղաքացիները:

Արշակունյաց փողոցի սկզբնամասում գտնվող աղբարկղերից հաց հայթայթող ծերունուն ճանաչում են տեղի բնակիչները: Ասացին, որ տարեց քաղաքացին ընկճվում է, երբ իրեն մոտենում, փորձում են տաք հագուստով կամ օրվա հացի փողով օգնել: «Ազատության» հարցերին էլ ծերունին պատասխանեց, թե նախընտրում է չխոսել իր մասին:

Կառավարության շենքից ոչ հեռու՝ Արամի փողոցի սկզբնամասում, որտեղ աղբարկղերի շարքին զուգահեռ փակցված է «Ավելի բարեկարգ Երևան» պաստառը, հացի հույսն աղբարկղերում փորձարկող մեկ այլ քաղաքացու հանդիպեցինք:

«Կրթություն ունեմ՝ բարձրագույն, բայց, քանի որ իմ տարիքը մեծ է, աշխատանքի չեն վերցնում», - ասաց 63-ամյա քաղաքացին: Ասաց՝ իրավաբանական կրթություն է ստացել Ռուսաստանում, հենց այնտեղ էլ «օրգանում» է աշխատել:

Թոշակառուն աղբարկղերից հեռացավ տոպրակները ձեռքին: Հեռանալիս էլ գնահատեց կառավարության գործունեությունը․ - «Բայց որ ժողովրդի անունից չոքեչոք ընկած խնդրում են, որ իրենց ձայն տան, հենց ձայն են տալիս, մոռանում են ժողովրդին: Այ էդ պարագայում իրենք շատ սխալ են: Մարդ կա ուղղակի ընդունակություն չունի, մտքով էլ չի անցնում գողություն անի, էդ մարդը ո՞նց ապրի 20-25 հազար թոշակով: Միայն հացի խնդիրը չի, ժողովուրդը բարոյապես շատ ընկճված վիճակում է»:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն այս հարցին անդրադառնում է հասարակական հարաբերությունների համատեքստում․ - «Կրթված մարդիկ, զգացվում է՝ արիստոկրատ մարդիկ, ծագում ունեցող մարդիկ, առավոտ շատ շուտ դուրս են գալիս, որ իրենց տեսնող չլինի և իրենց օրվա չնչին․․․ պատառները փորձում են հայթայթել աղբակույտերի մեջ: Դա խոսում է թե՚ մեր հասարակության, մեզնից յուրաքանչյուրի, թե՚ մեր կառավարման համակարգի մասին: Գիտե՞ք, մենք ավելի վատ ժամանակներում ենք ապրել, բայց երբեք այս աստիճան չենք ստորացվել»:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այս խնդիրը համարում է ավելին, քան կարող է թվալ առաջին հայացքից:

«Սա ոչ միայն սովածության հարց է: Մենք գործ ունենք մարդկային էությունը բնաջնջող երևույթի հետ: Սա ավելի մեծ պրոբլեմ է, որովհետև միգուցե հետո կարելի է կերակրել և կշտացնել, սոված մարդուն, բայց այդ անկման մակարդակին իջած մարդուն վերադարձնել մարդկային դաշտ, կարծում եմ, անհնար է», - մեկնաբանում է Բաբայանը: Նրա խոսքով, պետական կառավարման պատասխանատուները չպետք է անտեսեն քաղաքացու արժանապատվությունը, հակառակ դեպքում սոցիալական ընդվզման պայթյունն անխուսափելի է:

«Ճիշտն ասած՝ մեծ տարբերություն չեմ տեսնում աղբամանից սնվող մուրացկանի և իշխանության գլուխ կանգնած մարդկանց միջև: Նրանք նույն ձևով փորձում են անվճար ստանալ այն, ինչ հասարակությունը նետել է դուրս: Սկզբունքը նույնն է․ անվճար պոկել ինչ-որ բան և չունենալ արժանապատվություն»,- իր նկատառումը ներկայացրեց Ռուբեն Բաբայանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն «Ազատության» հարցադրմանն ի պատասխան ասաց․ - «Ամբողջ աշխարհում այդ հանգամանքը, որ ծայրահեղ աղքատություն գոյություն ունի, առկա է, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում: Բայց Ձեր նշած դեպքը, ես կուզեի ավելի առարկայական իմանալ, թե կրթություն ունեցող կամ համապատասխան որակավորում ունեցող անձը ինչու կամ ինչպես է հայտնվել այդ իրավիճակում»:

«Ոչ մի օտար երկրում չեմ տեսել, որ հայը աղբարկղից հաց հանի»


Աղբարկղերից հաց հանող հայերի խնդրին կյանքից հեռանալուց ամիսներ առաջ հաճախ է անդրադարձել արձակագիր Լևոն Խեչոյանը: Բոլորովին վերջերս Խեչոյանը «Հետքին» ասել էր․ - «Ամենամեծ ամոթն է մեր ամբողջ ազգի համար, երբ հայը աղբարկղից հաց է հանում: Համարյա ամբողջ աշխարհը շրջել եմ և ոչ մի օտար երկրում չեմ տեսել, որ հայը աղբարկղից հաց հանի, բացի իր հայրենիքից: Սա ազդանշանային երևույթ է, բոլորիս ազդանշան է տալիս: Որ երկիրը որ ճիշտ է սարքված, հայը այդ երկրում հասնում է բարձր պաշտոնների, եթե մշակույթի բնագավառում է, հասնում է բարձր մշակութային հաջողությունների, որովհետև օրենքը և համակարգը գործում է: Հայը օրենքը սիրում է: Դու էստեղ օրենքով երկիր սարքիր, տես հայը ոնց երկրի տերը կդառնա»:

Լևոն Խեչոյանը նաև ասում էր, որ հարուստները աղքատներին չեն տեսնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG