Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը լավատես է ոչ իշխանական ուժերի միավորման հարցում


ՀԱԿ-ը լավատես է ոչ իշխանական ուժերի միավորման հարցում
please wait

No media source currently available

0:00 0:07:29 0:00

Ոչ իշխանական ուժերը լավատես են միավորման հարցում

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հնարավոր է համարում, որ ի դեմս ոչ իշխանական խորհրդարանական ուժերի առաջիկայում կձևավորվի միացյալ ընդդիմություն: Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում փոխանցեց ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը՝ ընդգծելով, որ մինչև օրս ոչ իշխանական ուժերի միջև ընթացող համագործակցությունը լավատեսության հիմքեր է տալիս:

Նշենք, որ շաբաթ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցած «Դեմ ենք պարտադիր կուտակայինին» հանրահավաքին մասնակցում էին խորհրդարանի ոչ իշխանական ուժերը՝ ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը»: Իրենց ելույթներում այս ուժերի ներկայացուցիչները ընդգծում էին, թե արդյունքի հասնելու համար անհարժեշտ է միասնականություն: Մասնավորապես ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե երկիրը թալանչիական համակարգից կարելի է փրկել միայն միացյալ ընդդիմության միջոցով, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը էլ հայտարարեց, թե միասնական պետք է բեկանել պետական «ջեբիկիրությունը»:

Այն բանում, որ պարտադիր կուտակային համակարգի դեմ ոչ իշխանական ուժերի համատեղ պայքարը կվերաճի իշխանափոխության համար պայքարի, ՀԱԿ-ի խոսնակը լավատես է՝ ընդգծելով, որ Կոնգրեսը ակտիվ դերակատարություն ունի այդ կոնսոլիդացիոն գործընթացներում:

«Ազատություն»․ - Դուք հնարավոր եք համարում, որ այս կոնսոլիդացիան վերաճի իշխանափոխության համար մղվող պայքարի՞:

Արման Մուսինյան․ - Իհարկե, միակ խնդիրը չէ կուտակայինը: Կան բազմաթիվ խնդիրներ: Հայ ազգային կոնգրեսի տված ախտորոշումը հետևյալն է, որ այս բոլոր խնդիրները հետևանք են մեկ հիմնավոր հիվանդության․ Հայաստանում գործում է ոչ լեգիտիմ, ժողովրդի կողմից չընտրված, իշխանությունը զավթած մի իշխանություն և միայն նրա հեռացումով է հնարավոր մեղմացնել, չեզոքացնել այն բոլոր բացասական հետևանքները, որոնք մենք այսօր տեսնում ենք: Ինչքանո՞վ քաղաքական ուժերի կոնսոլիդացիան կխորանա և ինչ աստիճանի, ինչ մակարդակի կհասնի, այս պահին դժվար է ասել, բայց համենայնդեպս գործընթացը, տենդենցը տալիս է լավատեսության հիմքեր: Ես կարծում եմ, որ գոնե առաջիկայում մենք այս առումով միայն առաջընթաց կտեսնենք և ոչ թե հետընթաց:

«Ազատություն»․ - Այսինքն ի դեմս այս քաղաքական ուժերի միացյալ ընդդիմություն ասվածը հնարավոր համարո՞ւմ եք:

Արման Մուսինյան․ - Իհարկե, հնարավոր համարում եմ: Նաև մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտություն է:

«Ազատություն»․ - Նկատի ունեմ գոյություն ունեցող տարաձայնությունները Դաշնակցության, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի՝ դրանք չեն խանգարի այդ միասնությանը:

Արման Մուսինյան․ - Տարակարծություններ կան, կարող են լինել, և անհնար է, որ չլինեն: Բայց դա որևէ խնդիր չի առաջացնի ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիայի համար, շատ պարզ պատճառով, որովհետև համախմբման հիմքում դրված են խնդիրներ, որոնց վերաբերյալ քաղաքական ուժերը, ըստ էության, միևնույն դիրքորոշումն ունեն: Այն, որ այսօր Հայաստանը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, այն, որ այսօրվա իշխանությունը ավելի երկիրը կեղեքող, սեփական քաղաքացիներին հարստահարող իշխանություն է և նրանից պետք է ազատվել, ես կարծում եմ այս խնդրի շուրջ կոնսոլիդացիան գնալով բյուրեղանում է:

«Ազատություն»․ - Այսինքն «Բարգավաճ Հայաստանը» նույնպես ցանկանում է իշխանափոխությո՞ւն Ձեր կարծիքով:

Արման Մուսինյան․ - Այո, բոլորը: Ես կարծում եմ Դուք պիտի դատեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների ելույթներից, և ես կարծում եմ բոլոր չորս խորհրդարանական ուժերը լուրջ ընդհանրությունների դաշտ են կարողացել մինչ օրս ձևավորել: Թե ինչքա՞ն դա կխորանա և ի՞նչ մակարդակի, ես կարծում եմ, որ այդ պրոցեսները շատ դինամիկ են և արդյունքները իրենց երկար սպասեցնել չեն տա:

«Ազատություն»․ - Արդեն տեսակետներ են հնչում, որ եթե ընդդիմությունը միավորվի, ապա հավանական է, որ այդ ընդդիմության միասնական թեկնածուն դառնա Ռոբերտ Քոչարյանը՝ հաշվի առնելով նրա վերջին ակտիվացումները և նաև կենսաթոշակային խնդրի հետ կապված նրա գնահատականները: Դուք սա իրատեսական համարո՞ւմ եք:

Արման Մուսինյան․ - Այսօր իշխանության դեմ պայքարում հիմնական գործոնը, Հայ ազգային կոնգրեսի հետ միասին, կազմում են ոչ իշխանական խորհրդարանական ուժերը: Այլ քաղաքական գործոն չկա:

«Ազատություն»․ - Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործոն չկա՞:

Արման Մուսինյան․ - Ես նշեցի:

«Ազատություն»․ - Պարոն Մուսինյան, Դուք լավատես եք, որ կոնսոլիդացիան տեղի կունենա, ավելի խորը կգնա նաև իշխանափոխությանը հասնելու ճանապարհին, այժմ գնո՞ւմ են բանակցություններ․․․

Արման Մուսինյան․ - Բանակցություններ, կոնսուլտացիաներ, խորհրդակցություններ, ես կարծում եմ, արդեն մի քանի ամիս շատ ինտենսիվորեն գնում են, և Դուք էլ ականատեսն եք եղել:

«Ազատություն»․ - Նկատի ունեմ կոնկրետ իշխանափոխության հասնելու հարցի շուրջ:

Արման Մուսինյան․ - Ես հիմա կոնկրետացված այդպիսի մեկնաբանություն չէի տա, բայց ինքնին բոլոր հարցերի սպեկտրի քննարկումը և այս համագործակցությունը Ձեր նշած հարցի մաս է կազմում, և կարծում եմ՝ ինչպես երեկ են եղել շատ ակտիվ, այսօր են շատ ակտիվ այդ համագործակցությունը, կոնսուլտացիաները, քննարկումները, վաղն էլ լինելու են էլ ավելի ակտիվ:

«Ազատություն»․ - Արդյո՞ք այդ կոնսուլտացիաներին մասնակցել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը:

Արման Մուսինյան․ - Քաղաքական ուժերի կոնսուլտացիաները գնում են այս պահին անհրաժեշտ բավարար մակարդակով և որևէ խնդիր չկա, որը հանդիպի որևէ խոչընդոտի: Կուսակցությունների ղեկավարների մակարդակով նման կոնսուլտացիաներ չեն եղել, բայց ապագան ցույց կտա:

«Ազատություն»․ - Հնարավոր է լինե՞ն:

Արման Մուսինյան․ - Ամեն ինչ հնարավոր է:

Թեև Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժը լավատես է, որ ի դեմս ոչ իշխանական խորհրդարանական ուժերի կձևավորվի միացյալ ընդդիմություն, որը կպայքարի իշխանափոխության համար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է՝ «Բարգավաճ Հայաստանը» նման հարց չի քննարկել:

«Ազատություն»․ - Տիկին Զոհրաբյան, Կոնգրեսը ընդգծում է, որ և կուտակայինի, և գազայինի, և երկրում ծագած մյուս խնդիրների լուծումը հնարավոր է միայն իշխանափոխության միջոցով: Դուք նույնպես ընդունում եք, որ եթե չլինի իշխանափոխություն, այդ խնդիրները չեն լուծվի:

Նաիրա Զոհրաբյան․ - Պարտադիր չէ, որ բոլոր հարցերի լուծման ճանապարհների վերաբերյալ մեր մոտեցումները լինեն նույնական: Բայց կարևորը, որ մենք կարողանում ենք փոխզիջումների ճանապարհով գալ ընդհանուր հայտարարի:

«Ազատություն»․ - Այսինքն իշխանափոխության նպատակ այս պահին «Բարգավաճ Հայաստանը» չի՞ դնում իր առջև:

Նաիրա Զոհրաբյան․ - «Բարգավաճ Հայաստանը» նման հարց չի քննարկել: Մեր միասնական օրակարգում այսօր այն խնդիրներն են, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք: Կրկնում եմ՝ իրադարձությունները արհեստականորեն առաջ գցել և խոսել քայլերի մասին, որոնք դեռևս չեն քննարկվել՝ «Բարգավաճ Հայաստանի» ոճը չէ դա:
XS
SM
MD
LG