Մատչելիության հղումներ

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն Կիևից մեզ փոխանցեց, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ, հետագա զարգացումներն անկանխատեսելի են:

Դիվանագետը գիշերվա բախումների ժամանակ անձամբ եղել է Մայդանում. պատմեց, որ ցուցարարների շարքերում կան ծայրահեղականներ, որոնք չնայած ընդդիմության առաջնորդների հորդորներին, չխուսափեցին ոստիկանության հետ բախումներից, ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց։ Ֆեյսբուքյան իր էջում գիշերվա ժամը 4-ին Բոժկոն գրել էր. - «Մայդանում հիմնականում տղաներ են՝ ջահել ու ահել: Ասում են, որ աղմկահար նռնակներից ինչ-որ մեկի ձեռքի թաթն է կտրվել, մյուսի աչքն է կուրացել ռետինե գնդակից, և ընդհանրապես շատ վիրավորներ կան: Շատ ու շատ տագնապալի է վիճակը: Վախենում եմ, որ Մայդանի թշնամիները կօգտագործեն այս բախումը 100 տոկոսով»:

«Ես իմ աչքերով տեսել եմ ինչպես են պայթում այդ ռումբերը, որ գցում էին ոստիկանները, ռետինե գնդակներով կրակում էին ժողովրդի վրա։ Շատ լարված էր վիճակը, ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչպես պետք է զարգանային իրադարձությունները»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց Բոժկոն,- «Հիմա քիչ թե շատ խաղաղվել է։ Պայմանավորվածություն կա, որպեսզի անցկացվեն բանակցություններ Մայդանի ներկայացուցիչների և կառավարության ներկայացուցիչների միջև»։

Հարցին՝ «հնարավո՞ր է այս իրավիճակը հանգեցնի քաղաքացիական պատերազմի, թե՞ իշխանությունները զիջումների կգնան», դիվանագետը պատասխանեց. - «Շատ դժվար հարց է: Իհարկե, բոլորը վախենում են այդ հարցից։ Գիշերը Կլիչկոն գնացել է Յանուկովիչի մոտ և դիմել է նրան, որ բանակցություններ անցկացնեն, որովհետև այդպիսի վախ կա, մանավանդ հաշվի առնելով, թե ինչ է ներկայացնում իրենից հիմիկվա իշխանությունը. մարդիկ, որոնց շարքերում շատ-շատ կասկածելի էլեմենտներ կան, որոնք անհասկանալի ձևով հասել են հսկայական հարստության և որոնց համար, իհարկե, հարստությունն է առաջին տեղում, ոչ թե երկրի, պետության հարցերը։ Իրենք մի քիչ ուրիշ նպատակներ ունեն՝ պահպանել ստատուս քվոն, այսինքն՝ որ իշխանությունն իրենց ձեռքերում լինի. հասկանալի նպատակ է, դրա համար իրենք չեն ստորագրել Եվրամիության հետ կապված պայմանագրերը»։

«Արդեն երկու ամիս կանգնած են մարդիկ, հավաքվում են, որպեսզի իրենց կամքը հասցնեն իշխանություններին, իշխանությունը չի լսում նրանց, չի ուզում լսել, փոխարենը պատժում է, ծեծի է ենթարկում, փոխարենը ընդունում են խայտառակ օրենքներ, որոնք շատ խիստ սահմանափակում են քաղաքացիական հասարակության իրավունքները»,- շարունակեց Ալեքսանդր Բոժկոն։

Կիևում կրքերը շիկացան օրերս Ուկրաինայի խորհրդարանի կողմից մի քանի օրենքների ընդունումից հետո, որոնցով իշխող մեծամասնությունը չափազանց ակտիվ ընդդիմադիր գործընկերներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու լիազորություն ստացավ և կոշտացվեցին ցույցերը ցրելու մեթոդները։ Այս «ռեպրեսիվ» օրենքները չեղյալ ճանաչելու պահանջով ցուցարարները երեկ փորձեցին մտնել Գերագույն ռադայի շենք, հատուկ ջոկատայինները կասեցրեցին նրանց, շրջափակելով խորհրդարանի շենքը, սկսվեցին բախումները:

«Իհարկե, ծայրահեղականները, իմ կարծիքով, չպետք է գնային նման քայլի, չպետք է գնային։ Բայց մյուս կողմից, բացատրում են, որ դա արդեն վերջին կաթիլն էր, համբերությունը արդեն սպառվում է, հասկանո՞ւմ եք»,- ասաց Բոժկոն։

Այն հարցին, թե՝ «եթե համաձայնության չգան իշխանությունն ու ընդդիմությունը, այս իրավիճակը կխորացնի՞ երկրում ճգնաժամը, հնարավո՞ր է ցույցերը ցրելու համար արդեն սկսեն կրակել ցուցարարների վրա»,- նախկին դեսպանը պատասխանեց, որ չի կարծում. - «Չեմ մտածում այդպես, որովհետև արդեն լսում ենք, որ Եվրոպայից դիմում են Ուկրաինայի իշխանություններին, Ամերիկայից բավականին խիստ հայտարարություն է եղել, երևի դա կստիպի բանակցությունների նստել։ Բայց, ճիշտն ասած, ես առանձնապես չեմ սպասում. որ միանգամից արդյունքներ լինեն։ Որովհետև ահա երկու ամիս է անցել, որ այդ բողոքները սկսվել են, և ի՞նչ, գոնե շատ արդար պահանջներից մեկը կատարե՞լ են... իհարկե՝ ոչ։ Դե ի՞նչ կարելի է սպասել այս դեպքում մեր իշխանություններից»։

Դիվանագետի կարծիքով Ռուսաստանն ուղղակի ազդեցություն ունի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վրա. - «Վերջիվերջո նույնիսկ այն, ինչ կատարվել է Գերագույն ռադայում, որ ընդունել են այդ խայտառակ օրենքները, դա Ռուսաստանի ուղիղ ազդեցությունն է»։
XS
SM
MD
LG