Մատչելիության հղումներ

Էկումենիկ խորհուրդը կոչ է անում Սիրիայում արդար խաղաղություն հաստատել


Ազատ սիրիական բանակի զինյալները պատրաստվում են հարձակման, 16-ը հունվարի, 2014

Ազատ սիրիական բանակի զինյալները պատրաստվում են հարձակման, 16-ը հունվարի, 2014

Եկեղեցիների համաշխարհդային խորհուրդը կոչ է անում դադարեցնել զինված հակամարտությունը Սիրիայում։

Սիրիայի վերաբերյալ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի էկումենիկ խորհրդակցությունը տեղի է ունեցել հունվարի 15-17-ը Ժնևում` Էկումենիկ կենտրոնում։ Խորհրդակցության մասնակցել են տարբեր եկեղեցիների հոգևոր առաջնորդներ և ներկայացուցիչներ Սիրիայից, Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդից, Վատիկանից և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդից: Խորհրդակցությանն Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը ներկայացրել է ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի անդամ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (Հայ Եկեղեցու Ամերիկայի Հայոց Արևելյան թեմ), փոխանցում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Խորհրդակցության արդյունքում մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ` ուղղված առաջիկայում Սիրիայի վերաբերյալ կայանալիք «Ժնև II» համագումարին։

«Մենք անհանգստանում ենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր տուժել են Սիրիայում անխնա բռնության և մարդկային աղետի պատճառով: Անհամար թվով անմեղ երեխաներ, կանայք և տղամարդիկ են սպանվում, վիրավորվում և հեռացվում իրենց տներից: Մենք կոչ ենք անում ձեզ, որպես «Ժնև II» համագումարի մասնակիցների` հետապնդել բոլոր զինված հակամարտությունների և թշնամության անմիջապես դադարեցումը Սիրիայում: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ազատ արձակել ձերբակալված և առևանգված անձանց: Հորդորում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջոցներ ձեռք առնել վերջ տալու Սիրիա զենքի և օտարերկրյա զինվորների հոսքին»,- ասված է հայտարարությունում։

Խորհուրդը նաև կոչ է անում ապահովել, որ Սիրիայի բոլոր խոցելի համայնքները և հարևան երկրներում ապաստան գտած փախստականները պատշաճ հումանիտար օգնություն ստանան, ինչպես նաև զարգացնել բազմակողմանի և ընդգրկուն գործընթաց արդար խաղաղության հաստատման և Սիրիայի վերակառուցման համար:

«Որպես քրիստոնյաներ` մենք միաձայն ենք կոչ անելիս Սիրիայում արդար խաղաղության հաստատման համար: Այս խաղաղությանը հասնելու նպատակով մենք պետք է միասին աշխատենք մեր մահմեդական քույրերի և եղբայրների հետ, որոնց հետ ունենք ընդհանուր պատմություն, ինչպես նաև հոգևոր և սոցիալական արժեքներ: Մենք վստահության կառուցման միջոցով ենք ջանում աշխատել հանուն ազգային հաշտության և ապաքինման»,- հայտարարում է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG