Մատչելիության հղումներ

Մարգվելաշվիլիին կընդունի Թուրքիայի քաղաքական վերնախավը

Անցյալ տարվա նոյեմբերին Վրաստանի նախագահ ընտրված Գիորգի Մարգվելաշվիլին այսօր պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա, որտեղ մայրաքաղաք Անկարայում հանդիպելու է իր թուրք պաշտոնակից Աբդուլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հետ։

Պաշտոնական ուղևորության ընթացքում Մարգվելաշվիլին կայցելի Քեմալ Աթաթուրքի դամբարան և հարգանքի տուրք կմատուցի արդիական աշխարհիկ Թուրքիայի հանրապետության հիմնադիր-նախագահի հիշատակին։

Անկարայում կայանալիք բանակցություններից հետո նախագահներ Գյուլը և Մարգվելաշվիլին համատեղ ասուլիս կհրավիրեն։

Վրացիները զարգացնում են թուրքերի հետ նաև ռազմական կապերը

Տասն օր առաջ թուրք բարձրաստիճան զինվորականների մի մեծ պատվիրակություն է այցելել Թբիլիսի, որտեղ բանակցել են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանին և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Աթիլա Գյուլան։

Թուրք և վրացի զինվորականները քննարկել են Եվրատլանտյան կառույցների և Վրաստանի ինտեգրման հեռանկարը, վրացական ջոկատների մասնակցությունը Աֆղանստանում միջազգային ուժերի իրականացնող խաղաղապահ առաքելությանը և անելիքը դրա ավարտից հետո։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, բանակցությունների հիմնական թեմաներից մեկն էլ համագործակցությունը ռազմական արդյունաբերության ոլորտում։

Իրակլի Ալասանիան խոսել է թուրք-վրացական ռազմական համատեղ զորավարժություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։

«Մենք ունենք համատեղ շատ ծրագրեր և անպայման դրանք կիրականացնենք, քանի որ այդ ծրագրերը կարևոր են Վրաստանի համար»,- ասել է նախարարը։

Դառնալով Վրաստանի նախագահի այսօրվա թուրքական այցին, նշենք, որ պաշտոնը 2013 թվականի նոյեմբերի 17-ին ստանձնելուց հետո Գիորգի Մարգվելաշվիլին արտասահմանյան առաջին այցով մեկնել է Լիտվա, որտեղ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում նախաստորագրել Եվրոպական միության և Վրաստանի Ասոցացման պայմանագիրը։

Վրաստանում սպասում են Ջոն Քերրիին

Վրաստանը վճռականորեն շարունակում է արևմտյան ինտեգրման քաղաքականությունը։ Երեկ Գեորգի Մարգվելաշվիլին նախագահի նստավայրում ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի պատվիրակությանը, որը ղեկավարել է հանրապետական սենատոր Ջեյմս Ինհոֆը։

Ամերիկացի հյուրերը գոհունակությամբ են խոսել Վրաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականության մասին։

Մարգվելաշվիլին ասել է, որ Թբիլիսիում մեծ կարևորություն են տալիս պետքարտուղար Ջոն Քերրիի այցին, որը նախատեսված է այս կիսամյակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG