Մատչելիության հղումներ

logo-print

ՊԵԿ․ «Ֆիննախի տեսչության ներկայացրածը չի արտացոլում իրականությունը»


Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյան, արխիվ

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյան, արխիվ

Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության տարածած տեղեկատվության մեջ ներկայացված փաստերը չեն արտացոլում իրականությունը, այսօր հայտարարել է Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)՝ արձագանքելով նախօրեին հիշյալ տեսչության կողմից արված բացահայտումներին:

Թյուրըմբռնումը կանխելու նպատակով, ՊԵԿ-ը անհրաժեշտ է համարում պարզաբանել. - «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացներում խախտումների առաջին բացահայտումները կատարվել են հենց ՊԵԿ-ի կողմից և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք եղել են ոչ թե եզակի դեպքեր, այլ կրել են համատարած բնույթ՝ ՊԵԿ-ը երևույթի պատճառները վերհանելու և օրենսդրական դաշտում առկա սողանցքները բացառելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ՀՀ վարչապետին: Ավելին, Կոմիտեն միջնորդել է նաև գործընթացում վերահսկողական գործառույթներ ունեցող այլ պետական մարմինների ներգրավվածությունը ապահովելու վերաբերյալ՝ հաշվի առնելով հարցի կարգավորման կարևորությունը և ծավալները (այդ թվում նաև ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության)»:

«Մասնավորապես, 2012 թվականի օգոստոսից ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունը նշված փաստերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածների հատկանիշներով իրականացրել է հետաքննություն, որի արդյունքներով 2012 թվականի սեպտեմբերից մինչ օրս ՊԵԿ հետաքննության վարչություն մուտք է եղել 581 նյութ, որոնցով վերականգնվել է պետությանը պատճառված վնասը շուրջ 87 միլիոն դրամի չափով», - շարունակում է ՊԵԿ-ը:

«Ինչ վերաբերում է ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից ներկայացվող օրինակներին, ըստ որոնց՝ «տնտեսվարողն աշխատանքի է ընդունել աշխատողին հղիության 6-րդ ամսում, որը մեկ ամիս աշխատել և գնացել է բյուլետեն ու ստացել 150-220 հազար և ավելի դրամ նպաստ», կամ «վարձու աշխատողը համատեղել է աշխատանքը 2 փոխկապակցված կազմակերպություններում, մեկ ժամն էլ կրկնակի է աշխատել, ստացել է 1.6 և 2.3 անգամ ավելի եկամուտ, իսկ հղիության արձակուրդում 2 կազմակերպություններից ստացել է 2 միլիոն 565 հազար դրամի նպաստ» և այլն, ապա անհրաժեշտ ենք համարում կատարել հետևյալ հարցադրումները. նշված դեպքերն առնչություն ունե՞ն ՊԵԿ-ի գործառույթների հետ և արդյո՞ք ՊԵԿ-ն է այն լիազոր մարմինը, որ պետք է վերահսկեր այդ գործընթացները», - ասված է հաղորդագրությունում:

«Արդյունքում հարկադրված ենք ցավով արձանագրել, որ ՊԵԿ-ի հայտնաբերած խախտումները ներկայացվել են որպես ՊԵԿ-ում կատարված խախտումներ», - իր հաղորդագրությունը ամփոփում է Պետեկամուտների կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG